ԵՐԵՒԱՆ.- Յունաստանի խորհրդարանի կողմից Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի ընդունումը ողջունելի է, այսօր՝ Սեպտեմբերի 10ին, «Փաստարկ» մամուլի ակումբում, ասուլիսի ժամանակ յայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը. «Յատկապէս այս մթնոլորտում, երբ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում ընթացքի մէջ է Փերինչեքի դէմ Շուէյցարիայի հակընդէմ հայցը, նման օրինագծի անցկացումը շատ հաճելի է, բայց պէտք է հետեւել այս ամիսներին ՄԻԵԴում սպասուող իրադարձութիւններին, քանի որ այդ օրէնքը, հիմնականում, նոյն մօտեցումն ունի, ինչ Շուէյցարիայի օրէնքը, որը ՄԻԵԴն առայժմ յայտարարել է խօսքի ազատութեան կաշկանդում: Այդ վճիռը բողոքարկուել է ու նախատեսւում է, որ կը քննարկուի»:
Նրա խօսքով՝ կարեւոր է, որպէսզի Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից ընդունուող որոշումն ատելութեան տարածման դէմ արգելքները չհամարի խօսքի ազատութեան կաշկանդում:
«Շուէյցարիայի ու Յունաստանի օրէնքները չեն վերաբերւում միայն Հայոց Ցեղասպանութեան հարցին, քանի որ օրէնքներում ասւում է, որ այն ոճիրները մարդկութեան դէմ, որոնք ընդունուել են դատարանների կողմից կամ, օրինակ, Յունաստանի խորհրդարանի կողմից, դրանց ժխտումը դատապարտելի է», նշել է բանախօսը:
Կիրօ Մանոյեանը նշեալ օրինագծի ընդունումը համարում է հայ համայնքի եւ յոյն հասարակութեան որոշ շրջանակների գործունէութեան արդիւնք՝ միեւնոյն ժամանակ շեշտելով, որ առկայ են Յունաստանի եւ Ադրբեջանի սերտացող յարաբերութիւններ:
Ըստ Կիրօ Մանոյեանի, Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի այցը Թուրքիա եւ նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանին փոխանցուած հրաւէրը հայ-թուրքական արձանագրութիւնները վերակենդանացնելու մասին ակնարկ է պարունակում, թէեւ այդ մասին չի հրապարակուել, եւ դա է պատճառներից մէկը, որ նախարարի այցն իրենց համար ողջունելի չէր:
Նա յիշեցրել է, որ այսօր թէեւ այդ արձանագրութիւնները քաղաքականապէս «մահացած են», սակայն իրաւականօրէն կան, ինչն անընդունելի է:
Ըստ նրա՝ արձանագրութիւններն իրաւականօրէն վերացնելու ամենահեշտ եղանակը դրանք յետ կանչելն է, առաւել եւս, որ առջեւում Ցեղասպանութեան 100րդ տարելիցն է՝ 2015 թուականը:
Անդրադառնալով Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպմանը եւ սպասուողին՝ Մանոյեանը կարեւորեց միջնորդ պետութիւնների դերը: «Այդ հանդիպումներից երեւում է, որ միջնորդ պետութիւնները փորձում են ամէն ինչ անել, որ պատերազմի հաւանականութիւնը նուազագոյնի հասնի», ասել է նա:
Կիրօ Մանոյեանը գտնում է, որ Ադրբեջան-ԼՂՀ հակամարտութեան հարցում կայ երկու նպատակ. «Առաջինը՝ բանակցութիւնները դուրս բերել ԵԱՀԿ շրջանակներից, որովհետեւ եթէ Մինսկի խումբը ուղղակի բանակցութիւնների վրայ թէկուզ դրական տեղաշարժ չի ապահովել, սակայն մի բան ապահովել է, այն է՝ որ միջնորդ պետութիւնները հասկացել են, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծուել Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելով»:
Ադրբեջանի երկրորդ նպատակը, ըստ Կիրօ Մանոյեանի, հարցը լուծել ոչ թէ փաթեթային համաձայնութեամբ, այլ հանգրուանային լուծմամբ: Սակայն բանախօսը գտնում է, որ չկայ ոչ մի համաձայնութիւն, եթէ բոլոր կէտերի շուրջ չկայ համաձայնութիւն:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Կիրօ Մանոյեանն ասել է, որ վերջին հանդիպումը ԱՄՆի շահագրգռուածութեան արդիւնք էր: Սակայն նա գտնում է, որ բանակցութիւնները առաջ չեն շարժւում, քանի որ Ադրբեջանն իր պահուածքը չի փոխում. «Միջնորդ երկրները ամէն ինչ փորձում են անել, որ պատերազմի հաւանականութիւնը նուազեցուի»:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕի անդամ երկրների տարածքային ամբողջականութեանը պաշտպանելու վերաբերեալ յայտարարութեանը, Կիրօ Մանոյեանն ասել է. «Հայաստանի նախագահը ոչինչ չի ստորագրել, անդամ պետութիւններն են ստորագրել, եւ Հայաստանը չէր էլ կարող անդամ երկրների պետութիւնների յայտարարութեան տակ ստորագրել, որովհետեւ անդամ երկիր չէ»:
Կիրօ Մանոյեանը նշել է, թէ նոր չէ, որ ՆԱՏՕն խօսում է նախկին Խորհրդային Միութեան մի շարք երկրների տարածքային ամբողջականութեան մասին, նաեւ յաւելել, որ նոյն յայտարարութեամբ կոչ է արւում, որ Կովկասում առկայ հակամարտութիւնները կարգաւորուեն այն սկզբունքների հիման վրայ, որոնք նախանշուած են:
Ըստ նրա՝ այդ յայտարարութիւնը ՆԱՏՕի կողմից պաշտպանութեան յանձնառութիւն էր եւ ոչ թէ այն մասին է, եւ որ հակամարտութիւնները պէտք է լուծուեն միայն այդ սկզբունքի հիման վրայ. «Անշուշտ լաւ կը լինէր, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը եւս նշուէր, սակայն միւս հակամարտութիւնների համար ազգերի ինքնորոշման սկզբունքը ճշդուած չէ»:
Կիրօ Մանոյեանի խօսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկած հանդիպումները քաղաքական ճնշում են կողմերի վրայ՝ ղարաբաղեան հարցով բանակցութիւնները մեռեալ կէտից շարժելու համար:
Կիրօ Մանոյեանը չի կարծում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպմանը համանախագահները կարգաւորման նոր փաթեթ կը ներկայացնեն:
«Եթէ դա այդպէս լինէր, Ադրբեջանն աւելի ակտիւ քայլեր կը ձեռնարկէր: Բաքուի բոլոր ջանքերն ուղղուած են նրան, որպէսզի բանակցութիւնները դուրս բերուեն ԵԱՀԿ ՄԽի ձեւաչափից, քանի որ այդ խմբի շնորհիւ միջնորդները հասկացան, որ հակամարտութիւնը չի կարող լուծուել ԼՂն Ադրբեջանի կազմ վերադարձնելով», նշել է Կիրօ Մանոյեանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցութիւնները շարունակուելու դէպքում Ադրբեջանը կը փորձի հասնել աւելի մեծ համաձայնութեան, այսինքն անել այնպէս, որ կարգաւորումը չլինի փաթեթային համաձայնագիր, ինչպէս նախատեսուած է մադրիդեան սկզբունքներով. «Ռուսաստանում եռակողմ հանդիպումից յետոյ հրադադարի խախտման դէպքերը նուազել են, եւ սա վկայում է, որ այդ հանդիպումները դերակատարում ունեն նաեւ այդ իմաստով»: