Սերժ Թանգեանն առաջին անգամ ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ստեղծագործութիւնը

By Asbarez | Wednesday, 24 September 2014

 

 


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Երգիչ, երգահան Սերժ Թանգեանը Լարք երաժշտական ընկերակցութեան հետ համագործակցութեամբ առաջին անգամ ներկայացրեց իր եւ Նոր Զելանդացի երգահան æոն Փսաթասի՝ «100 տարի» կոչուող սիմֆոնիկ ստեղծագործութիւնը նուիրուած Հայոց Ցեղասպանութեանը: Դուդուկի հնչիւններով սկսուող այս մեղեդին իւրովի պատմում է հայոց չսպիացող վէրքի մասին ու ներկայացնում մի դար հերքուած պատմութիւնը: Տարբեր, այդ թւում հայկական երաժշտական գործիքների՝ դուդուկի, քանոնի, կիթառի, ջութակի մենակատարումներն ամբողջացնում էին «Լարք»ի նուագախումբն ու երգչախումբը՝ «Տէր Ողորմեա», «Ամենասուրբ երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն» կատարումով:


Փասադենայի «Էմբեսեդըր Աուդիթորիում»ում, Սեպտեմբերի 20ին, ներկայացնելով իր ստեղծագործութիւնը՝ Թանգեանը նշեց, որ այն գրուել է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին ընդառաջ: «Շատ տպաւորուած եմ մեր ստեղծագործութեան «Լարք»ի մատուցումից: Առաջին անգամ է այն կատարւում նուագախմբի կողմից հանրութեան առջեւ, եւ շատ յուզիչ էր ու ազդեցիկ: Ուրախ կը լինեմ, եթէ «100 տարի»ն ներկայացուի նաեւ հայրենիքում՝ հայաստանեան նուագախմբի կողմից», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց աշխարհահռչակ երաժիշտը:

«Յաւերժի ուխտագնացներ» խորագրով այս համերգով Լարք երաժշտական ընկերակցութիւնը մեկնարկեց իր մշակութային 100 միջոցառումների շարքը՝ նուիրուած Ցեղասպանութեան հարիւրամեակին: Երաժիշտ խմբավար Վաչէ Պարսումեանի գլխաւորութեամբ «Լարք»ի նուագախումբն ու երգչախումբը ներկայացրին Տիգրանեանի, Բեթհովենի, Վագների, Վերդիի, Բելինիի, Մոցարտի օպերային ստեղծագործութիւններից հատուածներ, նաեւ՝ Սերժ Թանգեանի «Օրքա» սիմֆոնիան:
«Շատ հպարտ ենք, որ համագործակցում ենք հայ համայնքի ակտիւ եւ նուիրեալ, միջազգայնօրէն ճանաչուած արուեստագէտի հետ: Սերժ Թանգեանը մշտապէս աջակցել է Լարք երաժշտական ընկերակցութեանը՝ որպէս հայ մշակոյթը պահպանող եւ ներկայացնող հաստատութիւն: Նա մեծ սիրով արձագանգեց նաեւ այս համերգին մասնակցելու մեր առաջարկին, եւ ուրախ եմ, որ հայ համայնքը մեզ հետ միասին այսօր յիշատակում է Հայոց Ցեղասպանութիւնն ու վայելում գեղեցիկ երաժշտութիւն», նշեց «Լարք»ի տնօրէնների խորհրդի նախագահ Անդրանիկ Թորոսեանը:

 


comments