Նորարարական գաղափարներ՝ «Դիջիթէք» ցուցահանդէսում

By Asbarez | Friday, 03 October 2014

 

 


Երեւանում մեկնարկած «Դիջիթէք Էքսպօ» տեխնոլոգիական ցուցահանդէսը հերթական անգամ համատեղել է նորարարական գաղափարներ ունեցող ընկերութուններին: «Երեւան Էքսպօ» կենտրոնում հաւաքուած շուրջ 130 ընկերութիւններ իրենց նորարար գաղափարները կը ներկայացնեն երեք օր շարունակ: «Արմէնփրէս»ը շրջել է կենտրոնում եւ ծանօթացել էքսպոյին ներկայացուած նորորարական տեխնոլոգիաներին:

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազօտական ինստիտուտը «Դիջիթէք» էր բերել «Կարատ» եւ «Շղթայ» հակատանկային հրթիռային համալիրների հրաձիգների պատրաստման վարժահամալիրները: «Արմէնփրէս»ի հետ զրոյցում ԵրՄՄԳՀԻի ճարտարագէտ Հայկ Մելիք-Մարտիրոսեանը պատմեց, որ վարժահամալիրը ուսումնավարժական միջոց է, որն օգնում է «Ֆագոտ», «Կոնկուրս» եւ «Մետիս» հակատանկային համալիրների օպերատորներին ձեռք բերել մասնագիտական հմտութիւններ: «Տարբեր մարտական իրադրութիւնների եւ տարբեր եղանակային պայմանների համար մոդելաւորուած վարժահամալիրն ապահովում է օպերատորների ուսուցումը իրականին մօտ պայմաններում: Վարժահամալիրը կազմուած է մէկ աշխատանքային տեղից՝ հրահանգչի համար եւ մինչեւ երեք աշխատանքային տեղերից՝ օպերատորների համար, որոնք մտնում են միասնական տեղային ցանցի մէջ», ասաց նա: Մելիք-Մարտիրոսեանը տեղեկացրեց, որ այս համակարգերն արդէն կիրառւում են Հայաստանում:

 


«Դիջիթէք»ին առաջին անգամ էր մասնակցում ggTaxi բջջային յաւելուածի նախագծող Խաչատուր Գրիգորեանը: Հայաստանում արդէն իսկ մեծ համբաւ ձեռք բերած ստարտափի հեղինակը պատմեց, որ ցանկութիւն կար ստեղծելու ծրագիր, որի միջոցով անձը կը կարողանար պատուիրել մեքենայ իր սմարթֆոնի միջոցով: «Այժմ մէկ հպումով հնարաւոր է կապուել տաքսի ծառայութեանը, որի մեքենան հաշուած րոպէների ընթացքում մօտենում է յաճախորդին: Աւելին, տաքսի պատուիրելիս հնարաւոր է նաեւ գրել մեկնաբանութիւն, թէ, օրինակ, ինչ երաժշտութիւն կը ցանկանայիք լսել մեքենայում կամ զգուշացնել, որ չէք ցանկանում, որպէսզի վարորդը ծխի այդտեղ: Այսինքն՝ համակարգը հնարաւորութիւն է տալիս գտնել այն մեքենան, որով հաճելի կը լինէր տեղափոխուել: Համակարգում աշխատում են միայն անհատ վարորդներ: Նրանք եւս պատուերները ստանում են սմարթֆոնի միջոցով», պարզաբանեց ծրագրաւորողը: Գրիգորեանը նշեց, որ ցանկութիւն ունի նման համակարգ ստեղծել նաեւ Վրաստանի համար, իսկ յետագայում նաեւ այն վաճառել այլ պետութիւններում:

Այս տարի «Դիջիթէք»ում ներկայացուած էին նաեւ հայկական արտադրութեան կառավարման համակարգեր: «Tria Soft» ընկերութիւնը էքսպոյում ներկայացնում էր հիւրանոցային եւ սպասարկման ոլորտի աւտոմատացման համակարգեր: Ընկերութեան կոմերցիոն տնօրէն Արամ Ասատրեանի խօսքով՝ հիւրանոցային բիզնեսի աւտոմատացումը թոյլ է տալիս բարձրացնել աշխատանքի արդիւնաւէտութիւնը ու կրճատել ծախսերը: «Համակարգը կառավարում է հիւրանոցի ռեզերվները եւ հնարաւորութիւն տալիս՝ վերահսկողութիւն իրականցնել: Այդ քանակի ռեզերվները թղթով կառավարելն ուղղակի անհնար է: Համակարգը թոյլ է տալիս նոյնիսկ ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով ստանալ լաւ արդիւնք», ասաց նա:

Երեւանում Հոկտեմբերի 3ին մեկնարկեց յոբելեանական 10րդ «Դիջիթէք Էքսպօ» ցուցահանդէսը: Այն կազմակերպուել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ՝ Էկոնոմիկայի նախարարութեան եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան կողմից: Ցուցահանդէսի պաշտօնական բացմանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը: Ցուցահանդէսին այս տարի ակնկալւում է շուրջ 30 հազար այցելուների մասնակցութիւն:

 


comments

Advertisement