ՀՅԴի Յայտարարութիւնը. Թուրքիան Ծրագրել Է Հիւսիսային Սիրիան Գրաւել

By Asbarez | Tuesday, 07 October 2014


Անկախ Սիրիական տագնապի ամբողջ տեւողութեան Թուրքիայի որդեգրած դերակատարութիւնից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահուածքը Սիրիայի հիւսիսային շրջաններում իրադարձութիւնների, յատկապէս` Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածների կողմից հիմնադրուած Արաբունար (քրդերէն` Քոբանի, արաբերէն` Այն ալ Արաբ) քաղաքի վրայ «Իսլամական պետութեան» յարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան յստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետութեան» միջոցով գրաւել հիւսիսային Սիրիան:

Այս մասին է վկայում Թուրքիայի որոշումը` այս պահին եւ այս դէպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատուածը` թոյլ չտալու, որ Թուրքիայի ճամբով օժանդակութիւն հասնի Քոբանիի քրդական դիմադրութեանը: Այս դէպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թոյլ է տուել որ աշխարհի տարբեր երկրներից զինեալներ հատեն Թուրքիա-Սիրիայ սահմանը` դէպի Սիրիա, ներառեալ` Քեսապ:

Թուրքիան իր այս կեցուածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ յայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոբանիի անկումից յետոյ յարձակումները շարունակել դէպի Քամիշլի եւ այլուր` մարդկային բոլոր զոհերով հանդերձ: Փաստօրէն աջակցելով «Իսլամական պետութեան» այս գործողութիւններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցութեան տակ առնել նրան եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձութիւնների վրայ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը`

– Իր զօրակցութիւնն է յայտնում փաստօրէն թուրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին:

– Պահանջում է միջազգային համայնքից` բոլոր միջոցներով առաջքն առնել այս ագրեսիային, ապահովել խաղաղ ազգաբնակչութեան անվտանգութիւնը ամբողջ շրջանում:

– Պահանջում է Թուրքիայի դաշնակից պետութիւններից սանձել Թուրքիայի կողմից հովանաւորուած ագրեսիան` զսպելով Թուրքիայի ծաւալապաշտ քաղաքականութիւնը:

Քոբանիում արդէն տեղի ունեցած եւ յետագայ բոլոր ողբերգութիւնների, մարդկութեան դէմ ոճիրների գլխաւոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
2014թ. հոկտեմբերի 8

comments