Յովիկ Աբրահամեանը Վաշինգտոնում հանդիպել է Հայ համայնքի ներկայացուցիչներին

By Asbarez | Thursday, 16 October 2014

 

 

ՀՀ կառավարութեան պաշտօնական կայքը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում վարչապետ Յովիկ Աբրահամեանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Արդէն մէկ դարից աւելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատուել են այս հեռաւոր, բայց հիւրընկալ եւ հնարաւորութիւններով անսպառ ափերում: Տասնամեակներ շարունակ ապրելով եւ արարելով Միացեալ Նահանգներում՝ դուք դարձել էք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժէքաւոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: Մենք հպարտանում ենք այն տպաւորիչ նուաճումներով, որոնց շնորհիւ ամերիկահայութիւնն իր արժանի տեղն է զբաղեցրել այս երկրի կեանքում՝ արժանանալով իշխանութիւնների եւ ժողովրդի յարգանքին եւ գնահատանքին»:
Յովիկ Աբրահամեանի խօսքով՝ անկախութեան վերահաստատումից յետոյ Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ փոխադարձ վստահութեան եւ յարգանքի հիման վրայ ձեւաւորուել են միջպետական ամուր կապեր, զարգացում է ապրել քաղաքական երկխօսութիւնը, ընդլայնուել է համագործակցութեան օրակարգը, ծաւալուել է արդիւնաւէտ փոխգործակցութիւն միջազգային հարթակներում, ձեւաւորուել են ԱՄՆի կողմից Հայաստանին տրամադրուող աջակցութեան կայուն մեխանիզմներ:
«Հայ-ամերիկեան յարաբերութիւնները զարգանում են բարձր տեմպերով, եւ դրանում դեր ունէք նաեւ դուք՝ ամերիկահայերդ: Այսօր այդ յարաբերութիւնների մէջ առաջնային եմ համարում յատկապէս տնտեսական կապերի խորացումը, ինչը հետեւողական աշխատանք է պահանջում: Մենք Հայաստանում աւելի զօրեղ ենք զգում՝ ունենալով Սփիւռքի զօրակցութիւնը: Դժուար է գնահատել այն հայրենանուէր գործունէութիւնը, որն այս երկրում կատարում են հայկական կազմակերպութիւններն ու միութիւնները, ինչպէս նաեւ առանձին անհատները՝ ամերիկեան պետական տարբեր կառոյցներում մշտապէս ներկայացնելով եւ առաջ մղելով հայանպաստ ծրագրեր, պաշտպանելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենսական շահերը», ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ հայրենիք-Սփիւռք գործակցութիւնը Հայաստանի կառավարութեան կարեւորագոյն ռազմավարական ուղղութիւններից է: «Այսօր մենք սփիւռքահային գործընկերութիւն ենք առաջարկում, պատրաստ ենք հնարաւորութիւններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում ենք կառուցակարգեր, որպէսզի սփիւռքահայերը հայրենիքում կարողանան շահութաբեր գործունէութիւն ծաւալել: Հայաստանի կառավարութիւնը տալիս է դրա երաշխիքը: Հայաստանը անբաժանելի է Սփիւռքից, եւ սփիւռքահայութեան խնդիրները մեր օրակարգային հարցերն են: Հայաստանի կառավարութիւնն այսօր իր կարողութիւնների սահմաններում անում է ամէն հնարաւորը Մերձաւոր Արեւելքում՝ Սիրիայում եւ Իրաքում ծանրագոյն վիճակում յայտնուած մեր հայրենակիցների հոգսերը թեթեւացնելու համար», ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին՝ Յովիկ Աբրահամեանը նշել է. «Մենք շարունակելու ենք մեր համախմբուած գործունէութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ: Մեր դիրքորոշումը յստակ է. հայ ազգի նկատմամբ կատարած ոճրագործութիւնը ոչ միայն հայութեան, այլեւ համամարդկային խնդիր է, եւ Հայոց Ցեղասպանութեան լիարժէք ճանաչումն ու դատապարտումը մենք դիտում ենք որպէս ցեղասպանութեան կանխարգելման լաւագոյն միջոց: Հայաստանի իշխանութիւնները ջանք չեն խնայելու եւ հնարաւոր բոլոր միջոցներն օգտագործելու են պատմական արդարութիւնը վերականգնելու համար: Մեր նախնիների յիշատակը, կարծում եմ, պէտք է յարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլեւ մեր հայրենիքը զօրացնելով, իւրաքանչիւր հայի տաղանդն ու հնարաւորութիւնները հայրենիքին ի սպաս դնելով: Հզօր Հայաստանով մենք աւելի կը մօտեցնենք արդարութեան յաղթանակի պահը»:

Վարչապետի խօսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը մնում է չկարգաւորուած. Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականութիւն՝ սանձազերծելով նաւթային դոլարներով սնուցուող սպառազինութեան մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցուածք է դրսեւորում եւ շարունակում է շրջափակման մէջ պահել Հայաստանը:

«Այս բոլոր գործօնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականութեան մէջ լինել ճկուն եւ շրջահայեաց: Հայաստանի Հանրապետութիւնը հաւատարիմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորմանը, սակայն նաեւ պատրաստ է պարտադրուած պատերազմին ըստ արժանւոյն հակահարուած տալու, կանխելու թշնամու անգամ չնչին ոտնձգութիւնները՝ պաշտպանելով հայ ժողովրդին եւ Հայաստանի սահմանները: Հայաստան-Արցախ-Սփիւռք՝ այս եռամիասնութեան մէջ է մեր յաջողութեան միակ գրաւականը: Հայոց նորագոյն պատմութիւնը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիւ ենք մենք ի զօրու յաղթահարելու համայն հայութեան առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրաւէրները», ասել է վարչապետը:

Ամփոփելով խօսքը՝ Յովիկ Աբրահամեանը շեշտել է. «Եթէ չէք կարող ապրել Հայաստանում, ապա կարող էք ապրել Հայաստանով, ապրել նրա յաջողութիւններով, հպարտանալ ձեռքբերումներով»: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաեւ ներկաների բազմաթիւ հարցերին:

 


comments

Advertisement