Դիլիջանը դարձաւ համաշխարհային կրթական համայնքի անդամ

By Asbarez | Friday, 17 October 2014

 


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Հայաստանում այլեւս իրականութիւն է համաշխարհային չափանիշներով գործող կրթահամալիր: Հոկտեմբերի 11ին Դիլիջան քաղաքում կայացաւ UWC Դիլիջան քոլեջի (UWC Dilijan College) հանդիսաւոր բացումը, որն «Աշխարհի միացեալ քոլեջներ» կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելեան Եւրոպայում եւ ԱՊՀ տարածքում:


Հայաստանը կրթութեան միջոցով զարգացնելու տեսլականն էին կրում գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանն ու կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, երբ նախաձեռնեցին կրթական այս հաստատութեան կառուցումը: Նրանց գաղափարը հաւանութեան արժանացաւ համախոհների կողմից, եւ աշխարհի տարբեր անկիւններից նախաձեռնութեանը միացան հայ եւ օտարազգի անհատներ, ում շնորհիւ Հայաստանը յայտնուեց համաշխարհային կրթական քարտէսի վրայ:

«Խորապէս համոզուած եմ, որ կրթութիւնը հանդիսանում է ազգի յաջողութեան հիմքը: Յուսով եմ, որ Դիլիջանի դպրոցն օրինակ կը դառնայ համաշխարհային կրթական չափանիշների ձեւաւորման համար եւ կ՛օգնի բարելաւելու նաեւ տեղի հայկական դպրոցների կրթական մակարդակը՝ մեր երեխաներին դարձնելով մրցունակ եւ յաջողակ աշխարհում: Հայաստանի տնտեսական զարգացման առումով, մեր նպատակն է, որ երեխաները իւրացնելով միջազգային կրթական փորձը, սովորելով աշխարհի լաւագոյն համալսարաններում կեանքի մի փուլում իրենց ներդրումն ունենան Հայաստանում, որտեղ նրանք ստացել են իրենց կրթութիւնը», դպրոցի բացման առիթով հրաւիրուած մամլոյ ասուլիսում յայտարարեց Ռուբէն Վարդանեանը: Նախագծի գործուն անդամներից, ամերիկահայ Նուբար Աֆէյեանն էլ կարեւորեց Սփիւռքի ներգրաւուածութիւնը նման ծրագրերում. «Սփիւռքը պէտք է առաւելագոյնս իրազեկուի Հայաստանում առկայ հզօր ներուժի մասին, որն այսօր, իմ կարծիքով մեծ քայլ է կատարում առաջ՝ ցոյց տալով, որ կարող է հիւրընկալել միջազգային չափանիշների դպրոց: Համոզուած ենք, որ սփիւռքահայերը կը ներգրաւուեն մեր նախագծերում ֆինանսապէս եւ հնարաւոր այլ միջոցներով՝ կրկնապատկելու այս յաջողութիւնը»:

Դպրոցի պաշտօնական բացման հանդիսաւոր արարողութեանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Սերբիայի նախագահը, ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մոր Իգնատիուս Եփրեմ Բ. Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարքը, բարձրաստիճան պաշտօնեաներ, դպրոցի հիմնադիրներ ու գործընկերներ: Հոգեւոր դասի կողմից կատարուեց Դիլիջան քոլեջի օրհնութեան կարգ, որից յետոյ մասնակիցներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը:

Դիմելով ներկաներին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մասնաւորապէս նշեց. «Մենք չենք պատրաստւում որեւէ մէկի հետ մրցակցել բնական պաշարների եւ սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որեւէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարաւորութիւնները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետեւողականօրէն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտուելով մարդու ստեղծագործական բոլոր հնարաւորութիւններից: Հայերի ուսումնատենչութիւնը, ստեղծագործական տաղանդը, գործարար յաջողութիւնները միշտ եւ ամէնուր հիացմունք են առաջացրել: Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թէ նաւթով, գազով, խաւիարով, այլ Մատենադարանով, «Թումօ» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եւ հէնց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ աւելի վստահ ենք զգալու»: Սերժ Սարգսեանը դպրոցին նուիրեց երկու գիրք, որտեղ ամփոփուած են մեր պատմական յուշարձանների մեծ մասի մասին տեղեկութիւններ:

Իւրայատուկ տօնական տրամադրութեամբ էին համակուած Դիլիջանի քոլեջի ուսանողները՝ 16-17 տարեկան 96 աշակերտ 49 երկրից, այդ թւում՝ տասը Հայաստանից, նաեւ՝ Իսպանիայից, Բրազիլիայից, Գանայից, Հնդկաստանից, Լիբանանից, Թուրքիայից եւ այլ: Նրանք իրենց հիացմունքն ու ոգեւորութիւնը յայտնեցին քոլեջում անցկացրած առաջին օրերի, Հայաստանի բնութեան եւ հիւրընկալութեան մասին:

Դիլիջանի միջազգային դպրոցը, 1962թ.ին Մեծ Բրիտանիայում հիմնադրուած Միացեալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի 14րդ դպրոցն է, որտեղ ուսուցումն իրականացւում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչուած IB Diploma ծրագրով:

Դիլիջանի քոլեջի կառուցման աշխատանքների առաջին փուլն աւարտուել է, եւ ներկայում կրթահամալիրի 37 հազ. քմ. տարածքում գործում է դպրոցի գլխաւոր մասնաշէնքը, մարզական եւ բժշկական շէնքերը, բուժկէտը, հանրակացարանները: Ընթացքում է կառուցողական աշխատանքների երկրորդ փուլը, որ նախատեսուած է աւարտել 2016թ.ին, եւ 2023ին դպրոցը հասցնել լիակատար ծանրաբեռնուածութեան, որի ժամանակ աշակերտների թիւը կը կազմի շուրջ 650:

Քոլեջ ընդունելութեան համար դիմումներն ուղղւում են UWC համակարգին, որտեղ եւ անցկացւում է մի քանի մասից բաղկացած հարցազրոյց դիմորդի հետ: Հաշուի է առնւում ոչ միայն աշակերտի առաջադիմութիւնը, նաեւ՝ հասարակական ակտիւութիւնը, ընդհանուր աշխարհայեացքը: Անհրաժեշտութեան դէպքում, քոլեջն է հոգում աշակերտների ուսման վարձը: UWC Դիլիջան քոլեջի հիմնադիրների հեռահար նպատակն է տարբեր ազգութիւնների աշակերտներ հիւրընկալելով՝ ձեւաւորել Հայաստանի հետ խորը կապեր ձեռք բերած բազմազգ շրջանաւարտների համայնք, ովքեր յետագայում նաեւ կը դառնան մեր դեսպաններն աշխարհում:
Նշենք, որ քոլեջի հիմնադիրներն են ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար, IDEA հիմնադրամի հիմնադիր Ռուբէն Վարդանեանը, ով նաեւ UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահն է եւ նրա կինը՝ քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ռոսնանս» ԿԲԲԸ տնօրէնների խորհրդի նախագահ Վլադիմիր Աւետիսեանը, տիկնոջ՝ Աննա Աւետիսեանի հետ, RD Group ընկերութեան նախագահ Գագիկ Ադիբէկեանը, Flagship Ventures ընկերութեան ղեկավար-գործընկեր եւ գլխաւոր տնօրէն Նուբար Աֆէյեանը տիկնոջ՝ Աննա Աֆէյեանի հետ, ISD («Դոնբասի արդիւնաբերական միութիւն») ընկերութեան գլխաւոր տնօրէն Օլեգ Մկրտչեանը: Նախագծին եւ դպրոցի կառուցմանն աջակցել են շուրջ երկու հարիւր նուիրատուներ աշխարհի տարբեր երկրներից: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթութեան ոլորտի եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ ԱՄՆից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շուեցարիայից, Ճապոնիայից:

Յ.Գ.- IDEA հիմնադրամը յատուկ շրջայց էր կազմակերպել UWC Դիլիջան քոլեջում հայ եւ օտարերկրեայ լրագրողների ու հիւրերի համար, ովքեր Հայաստան էին ժամանել հիմնադիրների հրաւէրով: Այցելուները, ուսանողների եւ դպրոցի տնօրինութեան ուղեկցութեամբ ծանօթացան քոլեջին: «Ասպարէզ»ի առաջիկայ համարներում՝ կը ներկայացնեմ Դիլիջանի միջազգային քոլեջի մասին պատմող բացառիկ ռեպորտաժ:


comments

Advertisement