Հայաստանում ադամանդագործութեան ոլորտը վերածնունդ է ապրում

By Asbarez | Monday, 03 November 2014

«ԱՐՄԷՆՓՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԱԼՌՈՒՍԱ»Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՆԴՐԷՅ ՊՈԼԵԱԿՈՎԻ ՀԵՏ

Ռուսական «Ալռոսա» ընկերութիւնը արդիւնահանում է աշխարհում ադամանդի հումքի քառորդ մասը, նրան է պատկանում Ռուսաստանում ալմաստի արդիւնաբերութեան 97 տոկոսը:
«Արմէնփրէս»ը ներկայացնում է հարցազրոյց «Ալռոսա» ընկերութեան փոխնախագահ Անդրէյ Պոլեակովի հետ, ով մասնակցում է Երեւանում ընթացող «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործութեան կենտրոն» խորագրով ներդրումային ֆորումին:

ՀԱՐՑ.- Հայկական ալմաստամշակման ասպարէզում զարգացման ի՞նչ հեռանկարներ էք տեսնում, որոնք հնարաւոր է իրականացնել ռուսաստանեան գործընկերների հետ համագործակցութեամբ:
ԱՆԴՐԷՅ ՊՈԼԵԱԿՈՎ.- Հայաստանի եւ ՌԴի միջեւ ստորագրուած միջպետական համաձայնագիրը նաեւ ենթադրում է Ռուսաստանի ներքին շուկայի գներով անմշակ ալմաստների մատակարարում Հայաստան, մասնաւորապէս, չեղարկուած են արտահանման տուրքերը: Ըստ պայմանաւորուածութեան, առաջին հերթին անհրաժեշտ հումքի ողջ ծաւալը կը տեղափոխուի Հայաստան՝ վերամշակման նպատակով: Հայաստանեան կողմի հետ կայ պայմանաւորուածութիւն վիճակագրական տուեալների փոխանակման վերաբերեալ, որտեղ ցոյց են տրւում անհրաժեշտ հումքի ծաւալները, կատարուած վերամշակման ծաւալները եւ ըստ դրա՝ որոշւում է Հայաստան արտահանուող ադամանդի հումքի քանակը:

ՀԱՐՑ.- Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանում առկայ ալմաստի վերամշակման մակարդակը:
ԱՆԴՐԷՅ ՊՈԼԵԱԿՈՎ.- ԽՍՀՄ փլուզումից յետոյ բոլոր արդիւնաբերական ոլորտները ապրեցին որոշակի ցնցումներ՝ ներառեալ ադամանդագործութեան ոլորտը: Սակայն պէտք է նշել, որ այս ոլորտը ներկայ դրութեամբ ապրում է վերածնունդ, եւ մեր գնորդների շարքերում շատ են հայազգի գործարարներ, ովքեր աջակցում են հայաստանեան կազմակերպութիւններին, եւ դա բացարձակապէս չունի բարեգործական բնոյթ, այլ առեւտրային է, ինչը միմիայն ուրախալի փաստ է: Այդ իսկ պատճառով, մինչեւ համագործակութեան ստորագրումը մենք արդէն սերտ կապերի մէջ էինք հայաստանեան գործարարների հետ, իսկ ներկայումս դրանք աւելացել են մի քանի անգամ:

ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ ժամանակակից միտումներ կան ադամանդագործութեան աշխարհում:
ԱՆԴՐԷՅ ՊՈԼԵԱԿՈՎ.- Համաշխարհային շուկան կտրուկ փոփոխուեց այն բանից յետոյ, երբ «Դէ Բիրս» ընկերութիւնը դադարեց այս ոլորտում լինել մենաշնորհային: Այնուհետեւ մի կողմից առաջացան մի շարք հնարաւորութիւններ, «Ալռոսա» ընկերութիւնն իր հերթին սկսեց ակտիւ գործունէութիւն ունենալ ոչ միայն ալմաստի արդիւնահանման ոլորտում, այլ նաեւ դրա մարկետինգի:

ՀԱՐՑ.- Որքանո՞վ են ադամանդային շուկայի վրայ ազդեցութիւն ունեցել Ռուսաստանի դէմ Արեւմուտքի կիրառուող պատժամիջոցները:
ԱՆԴՐԷՅ ՊՈԼԵԱԿՈՎ.- Մեր ոլորտում պատժամիջոցներ չեն կիրառուել, ադամանդի արդիւնահանութեան ոլորտը չի ներառուել ոչ մի պատժամիջոցային ցուցակում: Ի տարբերութիւն այլ ոլորտների, ադամանդային բնագաւառը գլոբալ է, եւ իմ կարծիքով, տուեալ հատուածի մեկուսացումը կը նշանակի ողջ համակարգի մեկուսացում: Ռուսաստանը նաեւ հանդիսանում է Կիմբերլեան գործընթացի համահիմնադիրներից, որը հիմնականում հիմնուած է Ռուսաստանում գործող պետական հսկողութեան համակարգի վրայ: Ինչպէս նաեւ մեր կազմակերպութիւնը հանդիսանում է բելգիական Անտվերպեն քաղաք ադամանդներ արտահանող խոշորագոյն կազմակերպութիւններից մէկը:


comments