Բացառիկ հարցազրոյց Էթիէն Մահչուփեանի հետ. Էրդողանը կը գա՞յ Հայաստան Ապրիլի 24ին

By Asbarez | Thursday, 06 November 2014

 

Վարեց՝ ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողուած է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտօնում պոլսահայ մտաւորական Էթիէն Մահչուփեանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփեանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ, իսկ ոմանք էլ այն որակում են իբրեւ Հայոց Ցեղասպանութեան հերքման քաղաքականութեան շարունակութիւն, անձամբ ինքը՝ Մահչուփեանը, բացառում է որեւէ կապ իր ազգային պատկանելութեան եւ պետական պաշտօնի նշանակման միջեւ: Յորդորում է իր նշանակման մէջ ինչ որ առաքելութիւններ չփնտռել:
Թուրքական «Աքշամ» թերթի յօդուածագիր, գրող-հրապարակախօս, ներկայումս արդէն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դաւութօղլուի գլխաւոր խորհրդական Էթիէն Մահչուփեանը Ermenihaber.am-ի հետ զրոյցում անդրադարձել է իր նշանակման, գործունէութեան ոլորտի, հայկական ինքնութեան, հայ-թուրքական յարաբերութիւնների եւ այլ բազում այլ կարեւոր հարցերի:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Հայաստանում եւ Թուրքիայում տարբեր շրջանակներ ձեր նշանակումը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համատեքստում են դիտում: Նոյնիսկ ասում են, թէ որոշակի առաքելութեամբ էք նշանակուել:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Հայերը կարծում են, թէ Թուրքիայում Հայկական Հարցն առաջնային կարեւորութիւն ունեցող հարց է: Բնականաբար, այդպէս էլ պիտի կարծէին, բայց ասեմ, որ դա այդպէս չէ: Եթէ Թուրքիայում առկայ խնդիրների դասակարգում իրականացնենք ըստ կարեւորութեան, ապա Հայկական Հարցը միջին կարեւորութեան խնդիր կը լինի: Եթէ այս պահին Թուրքիայի առջեւ ծառացած խնդիրների տեսակէտից նայենք, ապա հնարաւոր է, որ Հայկական Հարցով նոյնպէս զբաղուեմ, քանի որ 1915ի 100ամեակն է: Բացի այդ, մի շարք հայեր կը փորձեն իմ միջոցով ինչ որ բաներ անել: Սակայն նայելով առաջիկայ տարիներին՝ կարող եմ ասել, որ Հայկական Հարցն իմ հարցը կը լինի այնքանով, ինչքանով կը լինի Թուրքիայի հարցը: Քանի որ վերջիվերջոյ ես վարչապետի խորհրդականն եմ եւ զբաղուելու եմ վարչապետի լուծելիք խնդիրներով:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Իսկ այս պաշտօնում աշխատելու առաջարկ ստանալիս դուք վարչապետի հետ ձեր գործունէութեան ոլորտը քննարկե՞լ էք:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Մինչեւ հիմա նմանատիպ քննարկում չի եղել: Բայց պէտք է ասեմ, որ վարչապետը չի ցանկանում, որ իմ հետ առնչութիւնը լինի մէկ կոնկրետ ոլորտում: Որքան հասկացայ, իմ ոլորտն աւելի ընդհանրական կը լինի: Թուրքիան վերակառուցման շրջանում է: Մեր առջեւ հանրապետութեան վերակառուցման խնդիրն է դրուած: Առաջիկայ 8-10 տարում ամբողջ հանրային կառոյցով հանդերձ այս գործընթացն է իրականացուելու: Եւ այս գործընթացում վարչապետը կարծում է, որ որոշակի օգնութեան, որոշակի խորհրդակցութեան կարիք կ՛ունենայ: Շատ հաւանական է, որ եթէ նոյնիսկ հայ չլինէի, միեւնոյնն է, այս պաշտօնը զբաղեցնելու էի: Այս մասին վարչապետն էլ է խօսել: Հայ լինելս սոսկ առաւելութիւն էր, յաւելեալ մի բան:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Դուք համարում էք, որ Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նախօրէին ձեր նշանակումը պատահակնութի՞ւն էր:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Դա կապուած էր Դաւութօղլուի վարչապետ դառնալու հետ: Եթէ Դաւութօղլուն անցեալ տարի վարչապետ դառնար, ես այս պաշտօնը անցեալ տարի կը զբաղեցնէի: Քանի տարի է արդեն իմ գործունէութիւնը հայկական խնդիրներից ու կարիքներից բաւականին լայն ոլորտներ է ընդգրկում, եւ բնականաբար ես ոլորտս նեղացնելու մտադրութիւն չունեմ:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Այսինքն լինելով հայ ու ստանձնելով այս պաշտօնը՝ դուք որեւէ ներքին պատասխանատուութիւն չէ՞ք զգում կարգաւորման գործընթացի մէջ ձեր ներդրումն ունենալու կամ հայկական խնդիրներով զբաղուելու:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Եթէ լինի մի միջավայր, որտեղ ես կարողանամ որեւէ ներդրում կատարել եւ քաղաքական դերակատարներն էլ յանձնարարեն, որ զբաղուեմ դրանով, ապա անշուշտ կը զբաղուեմ: Սակայն դա այլ բան է. յանձնարարութիւն է, որը կը կատարեմ:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Ինչպէս գիտէք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Թուրքիայի նախագահին Ապրիլի 24ին Երեւան է հրաւիրել: Ի՞նչ էք կարծում, Էրդողանը ինչպէ՞ս կը պատասխանի այդ հրաւէրին:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Ապրիլի 24ին Հայաստան գնալը կարեւոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիւ այլ ժեստեր է պահանջում: Եթէ այդ ժեստերը արուեն, այդ ժամանակ հնարաւոր է իրավիճակը հասունանայ եւ նախագահը գնայ Հայաստան: Սակայն եթէ իրատես լինենք, ես դա հնարաւոր չեմ համարում: Քանի որ սպասւում է, որ Հայաստանը 2015ին սովորականից աւելի շատ կոշտութիւն կը դրսեւորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կայ անելու: Եւ դրանց մի մասը Թուրքիան պէտք է անի, միւս մասը՝ Հայաստանը: Եթէ Հայաստանը պարզապէս հրաւիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կը գնայ:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Իսկ որտե՞ղ է գտնւում բոլորիս յայտնի գնդակը:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Չի կարելի ասել գնդակը այս կամ այն դաշտում է: Գնդակը թափառում է: Պէտք է բոլորս միասին գնդակի շուրջ օղակ կազմենք եւ միասնաբար գործենք:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Կան խօսակցութիւններ, որ դուք նախկինում էլ ոչ պաշտօնական խորհրդատուութիւններ էք անցկացրել կառավարութեան հետ:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Այդ լուրերը չեն համապատասխանում իրականութեանը: Ես «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնում (ԱԶԿ) կապեր, շփումներ ունեմ, բայց դրանց խորհրդատուութիւն անուանել չի կարելի:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Նայելով հայ-թուրքական յարաբերութիւնների այսօրուայ վիճակին վաղուայ համար ի՞նչ կարող ենք ասել:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Ճիշդն ասած, ես այս տարի հայ-թուրքական յարաբերութիւններում որեւէ առաջընթաց չեմ ակնկալում: 2015ից յետոյ առաջընթացի հաւանականութիւնը կ՛աճի: 2016ին լարուածութեան թուլացում կը լինի: 100ամեակի աւարտից յետոյ փոխըմբռնման ուղղուած էներգիա կ՛առաջանայ. եւ դա բնականաբար կ՛ազդի նաեւ քաղաքականութեան վրայ: Առանց այդ էլ հասարակութիւնների միջեւ շփումները գնալով ակտիւանում են: Աւելի շատ նախագծեր են իրականացւում: Թուրքիայում մի շարք մարդիկ հայերէն են սովորում, Հայաստանում՝ թուրքերէն: Հայաստանում շարքային քաղաքացու հայեացքները Թուրքիայի հանդէպ աւելի դրական են դառնում, թուրքերն էլ, եթէ նախկինում իմանում էին, որ տոհմում հայ կայ վշտանում էին, իսկ հիմա ընդհակառակը՝ ուրախանում են: Բայց կարգաւորումն անմիջապէս չի կարող լինել: Քանի որ Ղարաբաղի հարց կայ, ադրբեջանական նաւթ կայ: Այս ամէնը գործընթացն արգելակող գործօններ են:

ԱՍՏՂԻԿ ԻԳԻԹԵԱՆ.- Նախորդ հարցազրոյցներից մէկում ասել էք, որ հնարաւոր է ԱԶԿն եւս 10 տարի մնայ իշխանութեան ղեկին: ԱԶԿի պատկերացրած նոր Թուրքիան ինչպիսի՞ն էք տեսնում դուք:
ԷԹԻԷՆ ՄԱՀՉՈՒՓԵԱՆ.- Եթէ ԱԶԿն գալիք ընտրութիւններում յաղթի, կարծում եմ Թուրքիայում մթնոլորտը կը հանդարտուի: Եթէ դա չլինի, ԱԶԿն չի կարողանայ ղեկավարել երկրի բնակչութեան իսլամական հատուածին: Ներկայումս իսլամական հատուածն ԱԶԿի սխալները ներում է, բայց չի արհամարհում: Եւ եթէ այսպէս շարունակուի ու ինչպէս մի շարք մարդիկ ասում են, ԱԶԿն աւտորիտար դառնայ, ապա այդ ժամանակ այլեւս անզօր կը լինի ղեկավարել Թուրքիան: Ուստի ԱԶԿն նախ պէտք է ինքն իրեն փոխի: Եւ կը փոխի, քանի որ ինքն էլ է դա ցանկանում:

Ստամբուլ


comments

Advertisement