«Մեր նպատակը պէտք է լինի կանգնել մեր հայրենակիցների կողքին»

By Asbarez | Friday, 07 November 2014

«ԱՍՊԱՐԷԶ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՄԱՐՄՆԻ (SARF) ՆՈՐԸՆՏԻՐ ԱՏԵՆԱՊԵՏ ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆԻ ՀԵՏ

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Սիրիայում ծագած պատերազմի բովում գտնուող մեր հայրենակիցներին զօրավիգ կանգնելու նպատակով 2012թ.ին ԱՄՆի Արեւմտեան ափում ստեղծուեց Սիրիահայութեան Զօրակցութեան Միացեալ Մարմինը՝ ՍԱՐՖ (Syrian Armenian Relief Fund-SARF): Գործունէութեան շուրջ երկուսուկէս տարիների ընթացքում այս մարմինը, որ միաւորում է համայնքի բազմաթիւ բարեսիրական միութիւնների, եկեղեցիների ու կուսակցութիւնների, տարաբնոյթ հանգանակութիւնների միջոցով հաւաքեց աւելի քան մէկ միլիոն դոլար՝ ապահովելով մեր սիրիահայ հայրենակիցների հանապազօրեայ հացը: Պատերազմը Սիրիայում շարունակւում է, եւ սիրիահայերը շարունակում են գոյատեւման պայքարը: ՍԱՐՖը նոյն եռանդով հետամուտ է իր հիմնական առաքելութեանը՝ այն է հայ համայնքին համախմբել մեր սիրիահայ հայրենակիցներին աջակցելու ուղղութեամբ: Այս տարի Օգոստոսին Սիրիահայութեան Զօրակցութեան Միացեալ Մարմինն իր շարքերից ընտրեց նոր ատենապետ՝ Ժան Թիթիզեանին, համայնքի նուիրեալ, ով նոր պաշտօնի շրջանակներում «Ասպարէզ»ին է ներկայացնում ՍԱՐՖի յետագայ ծրագրերը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Թիթիզեան, մինչ ատենապետ նշանակուելը դուք եղել էք ՍԱՐՖի անդամ: Ձեր կառոյցին յաջողուել է հաւաքել մէկ միլիոնից աւելի գումար եւ աջակցել Սիրիայում բնակուող հայերին: Ի՞նչ միջոցներով էք կարողացել հայթայթել այդ գումարները:
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- Մեր համայնքը չէր կարող չարձագանգել Սիրիայում մեր հայրենակիցներին ամենակենսական պահանջների բաւարարման հարցին, եւ Միացեալ Նահանգների Արեւմտեան ափում ստեղծուեց Սիրիահայութեան Զօրակցութեան Միացեալ Մարմինը: Հիմնադրումից ի վեր, ՍԱՐՖը կազմակերպել է մշակութային տարբեր ձեռնարկներ, որոնց միջոցով էլ գլխաւորապէս հաւաքուել են այդ գումարները, ինչպէս նաեւ՝ անհատների կողմից դրամահաւաքների արդիւնքում: Հայ արուեստագէտները մշտապէս պատրաստակամ են եղել մասնակցելու ՍԱՐՖի նախաձեռնութիւններին: Տեղեկացնեմ, որ մեր յաջորդ միջոցառումը տեղի է ունենալու Նոյեմբերի 19ին, «Beyond the Stars Pa-lace»ում: Այս անգամ, ճանաչուած դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆեանը մենախաղով ներկայացնելու է «Տիգրան Մեծ» երկու գործողութեամբ թատերախաղը եւ ողջ հասոյթը տրամադրելու է ՍԱՐՖին: Տոմսերի համար կարող էք այցելել http://www.itsmyseat.com/marie_rose կայք կամ զանգահարել (626) 869-7328 հեռախօսահամարին: Յոյսով ենք, որ մեր համայնքի անդամներն իրենց ներկայութեամբ կ՛աջակցեն մարդասիրական այս կարեւոր ձեռնարկին՝ իրենց զօրկացութիւնը բերելով Սիրիայի մեր հայրենակիցներին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ ինչպէ՞ս են բաշխւում որպէս օգնութիւն ուղարկուած գումարները:
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- Այդ գումարները հիմնականում ուղղուել են սիրիահայերի ամէնօրեայ սննդի ապահովմանը, որոշ մաս յատկացուել է առողջապահական ու կրթութեան հետ կապուած հարցերի լուծմանը, մի մասն էլ՝ աւերուած բնակարանների վերակառուցման աշխատանքներին: Մեր համախմբումն ու աջակցութիւնը մեր հայրենակիցների համար նաեւ բարոյահոգեբանական նշանակութիւն ունի:

 


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Բազմահազար սիրիահայեր գաղթել են Հայաստան, վերադարձել են հայրենիք: ՍԱՐՖի ապագայ ծրագրերում արդեօք հնարաւո՞ր է, որ ներառուի աջակցութիւն նաեւ Հայաստանում հաստատուած սիրիահայերին:
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- ՍԱՐՖի հիմնական նպատակը Սիրայում բնակուող մեր հայրենակիցների կենսական կարիքները հոգալն է: Սակայն նաեւ ծագում է հարց՝ արդեօք օգնե՞լ նրանց, ովքեր հեռանում են Սիրիայից եւ այս պարագայում, ի հարկէ, առաջին հերթին Հայաստան վերադարձողներին: Հայաստանում հաստատուած սիրիահայերի իրավիճակը հասկանալու նպատակով, Հոկտեմբեր ամսին Հայաստան անձնական այցիս շրջանակներում հանդիպումներ ունեցայ սիրիահայերի հարցերով զբաղուող՝ «Սիրիահայերի խնդիրները համակարգող խորհուրդ» հասարակական կազմակերպութեան նախագահ Լենա Հալաջեանի հետ, սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի, Արցախի վարչապետի հետ, ինչպէս նաեւ հանդիպեցի հայրենիքում բնակութիւն հաստատած սիրիահայերի:
Այսօր Հայաստանում բնակւում է շուրջ տասը հազար սիրիահայ: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ ըստ ինձ տրամադրուած տուեալների, նրանց մեծամասնութիւնը կարողացել է յարմարուել՝ ապահովուած են բնակարանով եւ ունեն աշխատանք: Սակայն մի մասը բազմաթիւ խնդիրներ ունի. օրակարգային է բնակարանի հարցը՝ Հայաստանում աշխատավարձերն այնքան բարձր չեն, որքան բնակվարձերը: Այս հարցում օժանդակութիւն է տրւում ՄԱԿի ծրագրով, ըստ որի մի քանի հարիւր ընտանիքի տրւում է բնակարանի վարձի համար գումար, սակայն դա չի կարող երկար շարունակուել, եւ այս հարցին հիմնարար լուծում է պէտք: Այդ նպատակով, պետութիւնը Աշտարակի շրջանում հսկայական տարածք է տրամադրել՝ նախատեսելով «Նոր Հալէպ» անունով բնակելի շէնքերի կառուցում: Ըստ ծրագրի, այս նախագիծը իրականութիւն կարող է դառնալ պետութեան, բարեգործների, եւ միջազգային կազմակերպութիւնների համատեղ ֆինանսաւորմամբ: Պէտք է այնպէս անենք, որ հայրենիք վերադարձած մեր հայրենակիցները չցանկանան հեռանալ այլ երկրներ, ինչպէս դա արդէն արել է շուրջ երեք հազար սիրիահայ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ հիմնականում ինչո՞վ են զբաղւում Հայաստանում բնակուող սիրիահայերը:
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- Մի հետաքրքիր երեւոյթ նկատեցի: Տաքսիներով երթեւեկելիս յաճախ հարցնում էի վարորդներին, թէ որտեղ լաւ ճաշարաններ կան, եւ հիմնական պատասխանը լինում էր՝ սիրիահայերի նորաբաց ճաշարանները: Հայրենիքում սիրիահայերը հիմնել են ռեստորաններ, որոնց միջոցով նոր համեր են ներմուծել ու մեծ համբաւ են ձեռք բերել: Սիրիահայերը զբաղւում են նաեւ ինքնաշարժերի վերանորոգմամբ, ոմանք աշխատում են մասնագիտութեամբ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշեցիք, որ եղել էք նաեւ Արցախում: Ի՞նչ պայմաններ են այնտեղ առաջարկւում սիրիահայերին:
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- Արցախի Բերդաձորում ներկայում բնակւում է սիրիահայ քսան ընտանիք: Ես հանդիպեցի ԼՂՀ վարչապետի հետ եւ տեղեկացայ, որ այստեղ բնակուել ցանկացող սիրիահայերին անվճար տրւում է հողատարածք՝ անասնապահութեամբ եւ հողագործութեամբ զբաղուելու համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այդուհանդերձ, որքանո՞վ է կարեւոր առաջնահերթութեան կարգով օգնել Սիրիայում բնակուող հայերին:
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- Նուրբ հարց է՝ երկու պատճառով: Սիրիայում հարիւր տարուայ ընթացքում ձեւաւորուած մեր զօրեղ համայնքն ի դէմս սիրիահայ կառոյցների՝ եկեղեցու, կուսակցութիւնների ու միութիւնների, մեր Սփիւռքի յենասիւներից է համարւում: Միւս հարցն էլ նա է, որ Սիրիայի կառավարութիւնը չի ցանկանում, որ հայութիւնը հեռանայ երկրից, որովհետեւ քրիստոնեայ համայնքը նրանց համար մեծ արժէք է: Ասադի կառավարութիւնը համարւում է քրիստոնեայ համայնքի պաշտպան, եւ սա իրականութիւն է: Օրինակ, Քեսաբի պարագայում, սիրիական բանակը 80 զոհ տալով կարողացաւ հայերին օգնել անվնաս տեղափոխուելու Լաթաքիա: Բոլոր պարագաներում, մեր նպատակը պէտք է լինի կանգնել մեր հայրենակիցների կողքին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որպէս նորանշանակ ատենապետ, ի՞նչ նոր ծրագրեր էք նախատեսում, այդ թւում՝ Հայաստանի սիրիահայերի համար:
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- Հայաստանում գտնուելուս օրերին պարզեցի, որ բազմաթիւ դատարկ բնակարաններ կան Հայաստանում: Սփիւռքի նախարարից խնդրեցի մեզ տրամադրել այդ տան տէրերի ցուցակը, ում կը փորձենք գտնել եւ նրանց տները վարձակալել էժան գնով՝ սիրիահայերի համար: Սա առաջիկայի ընթացիկ աշխատանքներից է:
Միաժամանակ նշեմ, որ ՍԱՐՖը անկախ մարմին չէ, եւ իւրաքանչիւր որոշում պէտք է կայացուի այս մարմնում ներառուած բոլոր կազմակերպութիւնների ընդհանուր համաձայնութեամբ: Իմ կարծիքով, եթէ մարդիկ ցանկանում են հեռանալ Սիրիայից, մենք պէտք է օգնենք նրանց հաստատուելու Հայաստանում, քանզի բոլոր այլ երկրները ժամանկաւոր են եւ տանում են ձուլման: Սիրիայում Աւետարանական համայնքի ներկայացուցիչ պատուելի Սելիմեանը, միաժամանակ յայտարարել է, որ Հալէպում ու Դամասկոսում ապահով է, եւ կարիք չկայ հեռանալու, մինչդեռ շատերը չեն կիսում այդ կարծիքը:
Ինչեւէ, մեր այս պահի գլխաւոր նպատակը մնում է մեր հայրենակիցների առաջնային կարիքների բաւարարումը, ինչը հնարաւոր կը լինի, եթէ բոլորս միասին շարունակենք ֆինանսական նուիրատուութիւններ կատարել: Նաեւ՝ պէտք է կազմենք յստակ ռազմավարութիւն, գործողութիւնների ծրագիր, որով պէտք է առաջնորդուենք: Ներկայում ունենք մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում մշակութային ձեռնարկներն են:
Կը ցանկանայի նշել սիրիահայերի կրթական ոլորտին աջակցելու առիթով կազմակերպուած մի ձեռնարկի մասին, որ օրեր առաջ տեղի ունեցաւ Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարանում: «Փոքր նուէր դպրոցից դպրոցին» կարգախօսով, այդ դպրոցի տնօրինութիւնը, աշակերտներն ու ծնողները կարողացան հաւաքել 21.128 դոլար գումար՝ զօրակցելով յատկապէս վարժարանների աշակերտներին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ կոչ կ՛անէք մեր ընթերցողներին։
ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆ.- Սիրիահայերին օգնութիւնը մարդասիրական հարց է: Մենք պէտք է միասնաբար, մեր շարունակական ներդրումով թեթեւացնենք մեր հայրենակիցների կարիքները, մինչեւ նրանք կը կարողանան յաղթահարել իրավիճակը, եւ մանաւանդ եթէ Հայաստան փոխադրուելու հարց կայ՝ օգնել նրանց: Հաշուի առնելով Հայաստանից վերջին շրջանում տեղի ունեցող արտագաղթը, սա նաեւ լաւագոյն միջոց է հակառակ գործընթացն ապահովելու՝ նպատակով, որ հայը ապրի եւ զարգանայ Հայաստանում: ՍԱՐՖը պիտի շարունակի հանգանակային կամ դրամահաւաքի ծրագրերը, եւ մեր համայնքին յորդորում ենք զօրակցել մեր նախաձեռնութեանը: Առաւել մանրամասների համար կարող էք նաեւ այցելել մեր կայքէջ՝ http://www.syrianarmenianrelieffund.org/:
Տեղեկանք. ՍԱՐՖի անդամներն են՝ Հայց. Առաքելական եկեղեցւոյ ԱՄՆի Արեւմտեան թեմ, Հայց. եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմ, Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական եկեղեցիներու միութիւն, Հիւսիսային Ամերիկայի Հայ Կաթողիկէ թեմ, Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութիւն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն, Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան շրջան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար Ազատական Կուսակցութիւն եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն:


comments

Advertisement