«Թող ոչ ոք չմտածի՝ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք». Սերժ Սարգսեան

By Asbarez | Monday, 26 January 2015

ԵՐԵՒԱՆ, <<Սիվիլնէթ>>.– <<Մենք պատերազմ հրահրելու որեւէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադէպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լաւ գիտէք: Եւ մենք երբեք նախայարձակ չենք լինում: Դա մեզ պէտք չի բնաւ>>, 26 Յունուարին յայտարարած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան՝ պաշտպանութեան նախարարին կից անձնակազմին եւ հայկական բանակի կազմաւորման 23րդ տարեդարձին նուիրուած հանդիսաւոր նիստին:

Ան նաեւ նշած է, որ սահմաններուն եւ շփման գիծին երկայնքով աւելի մեծ եւ սպառնալից պայմաններու ստեղծման պարագային Հայաստան ինքնիրեն կը վերապահէ կանխարգելիչ հարուածներ հասցնելու իրաւունքը:

<<Մեր հանդէպ ձեռնարկուած ցանկացած միջադէպի հետեւել եւ հետեւելու է հատուցման գործողութիւն: Մինչեւ վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողութիւնները եղել են սիմետրիկ իրենց ձեւով եւ ասիմետրիկ՝ աւելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաեւ ձեւով ասիմետրիկ հատուցման գործողութիւններ: Տաք գլուխները բազմաթիւ անակնկալների պիտի սպասեն>>, նշած է Սարգսեան:

Ըստ անոր՝ <<որեւէ մէկը չի կասկածում, որ տղերքից իւրաքանչիւրի կեանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում եւ ապագայում այդպէս էլ լինելու է>>:

Նախագահը դիտել տուած է, որ հակառակորդին նախայարձակ գործողութիւններուն նպատակը ակնյայտ է: <<Ադրբեջանի իշխանութիւնը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարուածութիւն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականութիւն է, որի հիմնական հասցէատէրը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրութիւնը: <<Ամէն ինչ միայն ինձ>> անհեթեթ գործելաոճով կատարեալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում՝ պաշտօնական Բաքուն փորձում է բոլորին ցոյց տալ, թէ ինչեր կարող է անել, եթէ չբաւարարուեն իր բոլոր քմահաճոյքները, առանց հասկանալու, առանց լրջօրէն վերլուծելու, թէ ինչպիսի սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ այդ ամէնը հէնց իր համար: Աւելին, ամէն անգամ, երբ Հայաստանի ներսում որեւէ խնդիր է առաջանում կամ ցաւալի իրադարձութիւն է տեղի ունենում, Ադրբեջանին թւում է, թէ եկել է իր աստեղային ժամը, եւ նա անմիջապէս իրեն ցոյց է տալիս առաջին գծում>>, յայտնած է նախագահը:

Ան յիշեցուցած է, որ պատերազմի ժամանակ <<մենք չենք յոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայութիւնն ենք նրանց պարտադրել>>:

<<Այսօր մենք շատ աւելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբեւէ չենք եղել>>, ըսած է նախագահը՝ նշելով, որ ճիշդը, այդուհանդերձ, բանակցութիւնները շարունակելն է:

<<Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թէ երբ է արհաւիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհաւիրք պատրաստողի հանդէպ մենք պարտաւոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրութիւնը կը ստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով:

Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի իշխանութիւնները պատրաստ են անխնայ կերպով մահուան բերան ուղարկել իրենց հարիւրաւոր եւ հազարաւոր քաղաքացիների՝ միայն թէ իրենց աթոռները լինեն պաշտպանուած: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարուի մեր քաղաքացիների կեանքերի ու մեր զինուորների կեանքերի գնով: Դա չի կարող արուել մեր հաշուին:

Մենք մնում ենք այն համոզման, որ ճիշդը պայմանաւորուելն է, որ ճիշդը բանակցութիւնները շարունակելն է, եւ յայտնի սկզբունքների ներքոյ պայմանաւորուածութիւններ ձեռք բերելն է, իսկ դա հնարաւոր է միայն զինադադարի պահպանման եւ վստահութեան կամուրջներ կառուցելու պարագայում: Կամուրջներ այրելով ոչ ոք լաւ բանի չի հասել եւ չի հասնելու:

Ես մէկ անգամ եւս ի լուր բոլորի յայտարարում եմ. մենք պատրաստ ենք ե՛ւ լաւին, ե՛ւ վատին: Իմ սեղանին առկայ են հնարաւոր բոլոր տարբերակները:
Սթափ գործընկերոջ հետ կարող ենք եւ պարտաւոր ենք խաղաղութիւն բանակցել:

Ոչ սթափ հակառակորդին պարտաւոր ենք եւ, անպայման, խաղաղութիւն ենք պարտադրելու>>, ըսած է Սերժ Սարգսեան։

comments

Advertisement