«Daily Mail»ը ներկայացրել է Քիմ Քարդաշեանի նախնիների Ցեղասպանութիւնից փրկուելու պատմութիւնը

By Asbarez | Friday, 06 February 2015

Քիմի նախնիները՝ մեծ մեծ հայր Յովհաննէս Միրոյեանի ընտանիքը Քիմի մեծ մայրը՝ Հելեն Առաքելեանը Հելեն եւ Արթըր Քարտաշեաններ՝ Քիմի մեծ մայրն ու մեծ հայրը: Աջին կանգնած պատանին՝ Քիմի հայրը՝ յայտնի իրաւաբան Ռապըրթը Հայր Քարտաշեանը՝ իր երեք դուստրերուն հետ Քիմի հայ նախնիներու ծննդավայր Արտահանի շրջանի Քարաքալա գիւղը

 

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>>.- Ամերիկեան հեռուստաստղ Քիմ Քարդաշեանի նախնիները հրաշքով են փրկուել Հայոց Ցեղասպանութիւնից եւ յայտնուել ԱՄՆում: Ամերիկեան <> թերթն անդրադարձ է կատարել Քարդաշեանի նախնիների պատմութեանն ու ներկայացրել դեռեւս չհրապարակուած փաստաթղթեր, թէ ինչպէս են Քարդաշեաները իւրայատուկ կերպով փախել Առաջին աշխարհամարտից եւ Հայոց Ցեղասպանութիւնից:


<<Արմենփրէս>>ի փոխանցմամբ, <>ը գրում է, որ այդ ժամանակ Քարդաշեանները եղել են Քարդաշովս՝ ռուսական տարբերակով: Ընտանիքը լքել է Արդահանի գաւառի հայրենի Կարակալա գիւղը 19րդ դարի վերջին եւ ուղեւորուել Գերմանիա: Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշեանը լքել է Կարակալան 1913թ.ին: Նա Գերմանիայից տեղափոխուել է Ամերիկա եւ սկսել նոր կեանք:

<<Սարսափելի Ցեղասպանութիւնից փրկուած Քարդաշեանները մէկ դար անց դարձել են Ամերիկայի ամենաազդեցիկ ընտանիքներից մէկը, որի ներկայացուցիչներից ամենայայտնին Քիմն է, ով յայտարարել է, թէ այս տարի՝ ոճրագործութեան հարիւրամեայ տարելիցին, առաջին անգամ այցելելու է Հայաստան: Նրա ճոխ ապրելակերպը, թանկարժէք տները, միլիոնաւոր հետեւորդները չէին լինի, եթէ նրա նախնիները անտեսէին մարգարէի զգուշացումները: Շատ հայեր, ովքեր ականջ չարեցին վերահաս պատերազմի եւ յեղափոխութեան զգուշացումներին՝ սպաննուեցին>>, գրում է պարբերականը:

Էրզրումից հեռացածների շարքում էր Քիմի միւս ապուպապ Յովհանես Միրոյեանը, ով ծնուել էր 1844թ.ին: Յովհաննէս Միրոյեանն ամուսնացել է Լուսիա Չորբաջեանի հետ 1867թ. Էրզրումում: Նրանք Էրզրումից փախել են դստեր՝ Վարդանուշի հետ: Վարդանուշի աղջիկը՝ շիկահեր Հայկուհի Առաքէլեանը, ով առաւելապէս յայտնի է Հելեն անունով, ծնուել է 1917թ. ԱՄՆում: Հելենը Քիմի տատիկն է:

<<Հելենն Ամերիկայում ամուսնանում է Քարդաշեանների տոհմից Թաթոս Քարդաշեանի որդու՝ Արթուր Քարդաշեանի հետ, եւ նրանք սկսում են ԱՄՆում մսի փաթեթաւորման ամենամեծ բիզնեսը: Հելենի եւ Արթուրի որդին՝ Ռոբերտը, ով յայտնի իրաւաբան էր, ամուսնանում է Քրիս Հոգթոնի հետ: Ռոբերտ Քարդաշեանը մահացել է 2003թ.՝ ստամոքսի քաղցկեղից: Քիմի տատիկն ու պապիկը մահացել են Կալիֆորնիայում, 2008 եւ 2012թթ.>>, յայտնում է <>ը: Յօդուածում ներկայացուած է նաեւ Քիմի ապուպապերի գիւղի՝ Կարակալայի ներկայ վիճակը: Ինչպէս 100 տարի առաջ, այնպէս էլ հիմա, մարդիկ այստեղ ձիերով եւ էշերով են երթեւեկում: Քաղաքակրթութիւնը գիւղ չի հասել, եւ պայմանները սարսափելի են: Գիւղում հիմնականում թուրքեր եւ քրդեր են ապրում:

<>ի թղթակիցը գիւղում հանդիպել է 30ամեայ Մուհամեր Կապուրին, ով նշել է, որ ինքը Քիմի հեռաւոր բարեկամն է: Նա վստահ է, որ նրանց ապուտատերը եղել են քոյրեր: Նա ասել է, որ գիւղում իրեն բոլորը նախանձում են հարուստ միլիոնատիրոջ բարեկամ համարուելու համար: Կապուրը նաեւ յոյս է յայտնել, որ մի օր Քիմն իրեն կը հրաւիրի ԱՄՆ:

Յօդուածում անդրադարձ կայ Հայոց Ցեղասպանութեանը: <>ը գրում է, որ 1915-1923թթ. աւելի քան 1.5 միլիոն հայ է սպաննուել:

Ըստ թերթի՝ թուրքական կառավարութիւնը հրաժարւում է ընդունել <<ցեղասպանութիւն>> տերմինը՝ չնայած շատ պատմաբաններ, միջազգային կազմակերպութիւններ եւ մօտ 2 տասնեակ երկրներ ճանաչել են հայերի ջարդերը որպէս Ցեղասպանութիւն:

ԱՄՆը եւ Բրիտանիան եւս չեն ճանաչել այն՝ թերեւս խուսափելով անհանգստացնել ՆԱՏՕի իրենց առանցքային դաշնակից Թուրքիային: 2012թ. Քիմ Քարդաշեանը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման արշաւ է սկսել: <<ժամանակն է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Մինչեւ այս յանցագործութիւնը չդատապարտուի, հայ ժողովուրդը կ՛ապրի այն ցաւով, որ տեղի է ունեցել իր ընտանիքների հետ 100 տարի առաջ>>, ասել է նա:

 


comments

Advertisement