Նախագահ Սարգսեան Ազգային Ժողովէն յետս կոչած է Հայ-Թրքական արձանագրութիւնները

By Asbarez | Tuesday, 17 February 2015

 

 

ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան նամակով դիմած է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանին, տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները Ազգային ժողովէն յետս կոչելու վերաբերեալ իր որոշումին մասին: Հանրապետութեան նախագահին նամակին մէջ մասնաւորապէս ըսուած է.


<<Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների՝ առանց նախապայմանների կարգաւորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք յետագայ զարգացումների բոլոր հնարաւոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպէս արձանագրութիւնների վաւերացման միջոցով յարաբերութիւնների համապարփակ կարգաւորմանը, այնպէս էլ դրանց ձախողուելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունէինք, եւ միջազգային հանրութեան համար պարզ էր դառնալու, թէ իրականում որ կողմի մեղքով այդպէս էլ չբացուեց Եւրոպայի վերջին փակ սահմանը եւ բաց թողնուեց հնարաւորութիւնը:

Արդէն մօտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապէս հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրութիւնները կեանքի կոչելու հարցում:

Սակայն պէտք է փաստել Թուրքիայի իշխանութիւնների քաղաքական կամքի բացակայութիւնը, արձանագրութիւնների տառի ու ոգու աղաւաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականութեան եւ պատմութեան խմբագրման քաղաքականութիւնը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խօսել եմ բազմիցս, այդ թւում՝ 2014 թուականի Սեպտեմբերին, ՄԱԿի գլխաւոր վեհաժողովի ամպիոնից: Ցաւում եմ, որ Հայաստանի այդ յորդորը լսելի չեղաւ Թուրքիայի ղեկավարութեան համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թուականի Հոկտեմբերի 10ին Ցիւրիխում ստորագրուած <<Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին>> եւ <<Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին>> արձանագրութիւնները Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովից յետ կանչելու վերաբերեալ>>:

 

 

comments

Advertisement