Բրիտանացի փորձագէտներ. ՀՀ զինուած ուժերը կարողանում են յաջողութեամբ համադրել Ռուսական եւ Արեւմտեան փորձը

By Asbarez | Tuesday, 17 February 2015

 

 

<<ՓԱՆԱՐՄԻՆԻԸՆ>>.- 2014 թուականին Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է շուրջ կէս միլիարդ ամերիկեան դոլար: Լոնդոնում գործող Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի տուեալներով, 2014ին Հայաստանի Հանրապետութեան ռազմական բիւջէն կազմել է 470 միլիոն ամերիկեան դոլար՝ 2013 թուականի 458 միլիոնի համեմատ:


1958 թուականին հիմնադրուած հեղինակաւոր այս կառոյցը, որ հիմնականում զբաղւում է ռազմական ոլորտի հետազօտութիւններով, այսօր հրապարակած ամէնամեայ զեկոյցում արձանագրում է. <<Հաշուի առնելով այն լարուածութիւնը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտութեան պատճառով առկայ է Ադրբեջանի հետ յարաբերութիւններում, Հայաստանի Զինուած ուժերը հիմնականում կենտրոնացած են տարածքային պաշտպանութեան խնդիրների լուծման վրայ>>:
Անդրադառնալով հայաստանեան Զինուած ուժերի որակական յատկանիշներին՝ զեկոյցի հեղինակները նկատում են. <<Ժամկետային զինծառայութեան պրակտիկան պահպանւում է, դրան զուգահեռ, սակայն, գնալով աճում է պրոֆեսիոնալ սպաների քանակը>>:

Բրիտանացի մասնագէտները որպէս հայկական բանակում առկայ հիմնական խնդիր մատնանշում են ռազմական աւիացիայի տեխնիկական վիճակը. <<Սպառազինութեան եւ սարքաւորումների մեծ մասը ռուսաստանեան ծագում ունի: Ռազմաօդային ուժերի համար խնդրայարոյց է աստիճանաբար հնացող ինքնաթիռները պատշաճ վիճակում պահելն ու դրանց (տեխնիկական) սպասարկումն իրականացնելը>>:

Դրա հետ մէկտեղ, ըստ Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի մասնագէտների՝ հայկական Զինուած ուժերը կարողանում են յաջողութեամբ համադրել ռուսաստանեան եւ արեւմտեան փորձը:

<<Թէեւ Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ շարունակում է ռուսական լուրջ ազդեցութիւն կրել, մասնակցութիւնը արտերկրում իրականացուող գործողութիւններին, մասնաւորաբար, Աֆղանիստանում տեղակայուած ISAF զօրախմբում ծառայութիւնը հնարաւորութիւն է տալիս հայ զինծառայողներին որոշակի փորձ ձեռք բերել նաեւ արտերկրի գործընկերների օգնութեամբ>>, նշում են զեկոյցի հեղինակները՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով Հայաստանի զինուած ուժերի կազմում գործող խաղաղապահ ստորաբաժանման շուրջ զարգացումներին:

<<Հայաստանի նպատակը խաղաղապահ զօրախմբի զարգացումն է մինչեւ Հիւսիսատլանտեան դաշինքի չափանիշներին համապատասխանող մէկ բրիգադի չափերի: Դա թոյլ կը տայ Հայաստանին ՆԱՏՕի հետ համագործակցելուն ընդունակ ինքնաբաւ մէկ գումարտակի տեղակայում իրականացնել>>, նշում են զեկոյցի հեղինակները՝ ակնարկելով, սակայն, որ դաշինքի հետ համագործակցութեան խորացումը չի նշանակում յարաբերութիւնների խզում Մոսկուայի հետ:

<<Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ կապերը շարունակում են խնդիրների բաւական լուրջ շրջանակ ընդգրկել: 2014ին երկու երկրները համագործակցութեան համաձայնագիր են ստորագրել այս ոլորտում>>, նշուած է Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի հրապարակած զեկոյցում:

Բրիտանացի մասնագէտների հեղինակած փաստաթղթում նաեւ մանրամասնօրէն ներկայացուած է այն զինանոցը, որին տիրապետում են աշխարհի տարբեր պետութիւնները, այդ թւում՝ Հայաստանը:

Զեկոյցից տեղեկանում ենք, որ Հայաստանն ունի մարտավարական նշանակութեան այնպիսի զինատեսակներ, ինչպիսին են <<Տոչկա>> եւ <<Էլբրուս>> (Արեւմուտքում առաւելապէս յայտնի է որպէս SCUD) տեսակի բալիստիկ (նետուող-Խմբ.) հրթիռներ: Յիշատակուած են նաեւ հայրենական արտադրութեան <<Կռունկ>> տեսակի անօդաչու սարքերը, որոնց ընդհանուր քանակը, ըստ բրիտանացի մասնագէտների՝ հասնում է 15ի:

Ինչ վերաբերում է հարեւան Ադրբեջանին, ապա անցած տարի Բաքուի ռազմական ծախսերի ընդհանուր ծաւալը, ըստ Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտի, կազմել է 2 միլիարդ 110 միլիոն ամերիկեան դոլար՝ 2013ի 1 միլիարդ 950 միլիոնի համեմատ:

Գնահատելով ադրբեջանական զինուած ուժերում տիրող ընդհանուր կացութիւնը՝ բրիտանացի փորձագէտները գրում են. <<Թէեւ Ադրբեջանը դեռ պէտք է յաջողութեամբ անցում կատարի խորհրդային մոդելից, նաւթի վաճառքից ստացուող եկամուտների աճը հնարաւորութիւն է տալիս երկրին աւելացնելու պաշտպանական ոլորտի ծախսերը: Դա էլ իր հերթին թոյլ է տալիս Ադրբեջանին այնպիսի զինատեսակներ ձեռք բերել, ինչպիսին են, օրինակ, ռուսական C-300 տեսակի հրթիռային կայանքները: Դրա հետ մէկտեղ, սակայն, յստակ չէ, թէ որքանով է ժամանակակից նման զինատեսակների ձեռքբերումը նպաստում ադրբեջանական բանակի ընդհանուր օպերատիւ կարողութիւնների աճին>>: <<Ժամկէտային զինծառայութիւնը շարունակում է ուժի մէջ մնալ, եւ պատրաստուածութեան մակարդակը զօրամասերում տարբեր է>>, նշում են զեկոյցի հեղինակները՝ յաւելելով. <<Ադրբեջանի ռազմաօդային ուժերը եւս խնդիրներ ունեն՝ մարզումների եւ տեխնիկական սպասարկման հետ կապուած: Բացի այդ, զինուած ուժերն ի վիճակի չեն համադրուած օժանդակութիւն ցուցաբերել արտերկրում իրականացուող գործողութիւններին>>:

 

 


comments