Պաշտպանութեան դիրքերուն վրայ զինուոր մը նահատակուած է

By Asbarez | Tuesday, 03 March 2015

 

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Պաշտպանութեան բանակի արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերէն մէկուն պահպանութեան տեղամասի Լեռնային Ղարաբաղի մարտական յենակէտին մէջ, հակառակորդին կողմէ մահացու հրազէնային վէրք ստացած է զինուորական ծառայող, 20ամեայ Արսէն Աբրեստի Կարապետեանը:


Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան տարածած հաղորդագրութեան մէջ նշուած է. <<ՊԲ օպերատիւ տուեալների համաձայն, Մարտի 2ին եւ լոյս 3ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուել է աւելի քան 3000 կրակոց:

Նշուած խախտումների արդիւնքում, պաշտպանութեան բանակի արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում հակառակորդի կողմից մահացու հրազէնային վիրաւորում է ստացել զինծառայող, 20ամեայ Արսէն Աբրեստի Կարապետեանը:
Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակացութիւնն է յայտնում Ա. Կարապետեանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշուած ժամանակահատուածում հակառակորդի ակտիւութիւնը ճնշելու ուղղութեամբ եւ շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը>>, նշուած է հաղորդագրութեան մէջ:


comments