By Asbarez | Tuesday, 03 March 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, <<Արցախփրէս>> - Ժընեւի մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան 2 Մարտին մասնակցած եւ ելոյթ ունեցած է ՄԱԿի Մարդու իրաւունքներու խորհուրդի 28րդ նստաշրջանի ծիրին մէջ կայացած <<Աջակցութիւն Մերձաւոր Արեւելքի մէջ քրիստոնեաներու իրաւունքներուն>> խորագիրով քննարկման:
Բացման խօսքեր արտասանած են Ռուսիոյ, Հայաստանի եւ Լիբանանի արտաքին գործոց նախարարները՝ Էդուարդ Նալբանդեան, Սերգէյ Լաւրով եւ Ժըպրան Պասիլ։
Իր խօսքին մէջ նախարար Նալբանդեան ըսած է. <<Մերձաւոր Արեւելքը հանդիսանում է բազմաթիւ քաղաքակրթութիւնների եւ կրօնների, ներառեալ՝ քրիստոնէութեան բնօրրան: Ցաւօք, այսօր այս տարածաշրջանում քրիստոնէութեան գոյութիւնը լուրջ վտանգի տակ է: Քրիստոնեայ փոքրամասնութիւնների դէմ յարձակումների մասին տագնապալից լուրերը յաճախակի են դարձել: Քսանմէկ եգիպտացի ղպտիների գլխատումը եւ Սիրիայում ասորիների դէմ դաժան յարձակումները միայն վերջին դրուագներն են: Այս տարածաշրջանում քրիստոնեաների նկատմամբ հալածանքը միայն այսօրուայ երեւոյթ չէ: Բաւական է նշել, որ քրիստոնեաների թիւը բնակչութեան ընդհանուր թուի յարաբերակցութեամբ 20րդ դարասկզբի առաւել քան 20 տոկոսից 21րդ դարասկզբին նուազել է 5 տոկոսից էլ պակաս: Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները կարող են դիտարկուել որպէս անհետացման եզրին յայտնուած ամենախոցելի խմբերից մէկը՝ այդպիսով պահանջելով անյապաղ գործողութիւններ՝ նրանց պաշտպանութեան եւ աջակցութեան համար:
Որեւէ մէկին չպէտք է մոլորեցնի այն, որ կրօնական փոքրամասնութիւնների, մասնաւորապէս՝ Սիրայում եւ Իրաքում քրիստոնեաների դէմ շարունակուող բռնութիւնը իրականացւում է հէնց կրօնի անունից: Մենք գործ ունենք այսպէս կոչուած <<Իսլամական պետութեան>>, <<Ալ Նուսրա>>ի եւ այլ ահաբեկչական խմբերի կողմից քաղաքակիրթ աշխարհի դէմ յանցագործութիւնների հետ: Բարբարոսները պատերազմ են յայտարարել մարդկութեանը:
Ահաբեկչական այս խմբաւորումները մեծապէս օգտւում են օտարերկրեայ գրոհայինների ու ֆինանսական հոսքերից: Նրանք սպառնում են կրօնական ու էթնիկ ամբողջական խմբերի գոյութեանը: Ուստի պայքարը այդ ահաբեկիչների դէմ պէտք է ընթանայ ցեղասպանութիւնների կանխարգելման համատեքստում:
Հայաստանը միանշանակօրէն դատապարտել է վերոյիշեալ ահաբեկչական խմբերի կողմից իրականացուած ոճրագործութիւնները, ներառեալ՝ Իրաքի եզդիների դէմ:
Մենք բազմաթիւ առիթներով կոչ ենք արել միջազգային հանրութեանը՝ վճռական քայլեր ձեռնարկել նոր արհաւիրքի դէմն առնելու նպատակով: Մենք շարունակաբար շեշտել ենք ահաբեկչական խմբերին ցուցաբերուող ցանկացած աջակցութեան անյապաղ դադարեցման անհրաժեշտութիւնը, այդ թւում՝ անդրսահմանային յարձակումների համար հարեւան երկրների տարածքների օգտագործումը: Այս առումով Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿի անվտանգութեան խորհրդի համապատասխան բանաձեւերի լիակատար կատարմանը:
2014թ. Մարտի 21ին Ալ Քայիդայի հետ սերտօրէն կապուած ահաբեկչական խմբաւորումները յարձակում գործեցին հիմնականում հայերով բնակեցուած թուրք-սիրիական սահմանի վրայ գտնուող Քեսաբի վրայ, որի հետեւանքով տեղի բնակչութիւնը հարկադրուած էր լքել իրենց օջախները: Ծայրայեղական խմբերը պղծեցին եւ աւերեցին Քեսաբի հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը>>, շեշտած է նախարարը:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին՝ նախարար Նալբանդեան ըսած է. <<Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչւում է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը: Սիրիական Դեյր Զօրը եւ շրջակայ անապատը դարձան Հայոց Ցեղասպանութեան հարիւր հազարաւոր զոհերի մահուան քայլերթի վերջին հանգրուանը: Դեյր Զօրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին սրբավայր էր, որն ամփոփում էր ցեղասպանութեան բազմաթիւ զոհերի մասունքները, հանդիսանում յիշատակի ոգեկոչման բազմաթիւ վայրերից մէկը: Սակայն Ցեղասպանութեան 100րդ տարելիցին հնարաւոր չի լինի յարգանքի տուրք մատուցել զոհերի յիշատակին այնտեղ, քանզի 2014թ. Սեպտեմբերին ահաբեկչական խմբաւորումները քանդեցին եկեղեցին եւ պղծեցին սրբավայրը>>:
<<Մշակութային գլուխգործոցների կործանումը, որը, սովորաբար, յաջորդում է էթնիկ զտումներին, փորձ է՝ ջնջելու մարդկանց յիշողութիւնը, կործանելու հազարամեայ պատմութիւն ունեցող հինաւուրց մշակոյթները եւ քաղաքակրթութիւնները: Մէկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանիւթը, թէ ինչպէս են <<Իսլամական պետութեան>> գրոհայինները Մոսուլի թանգարանում աւիրում 2700ամեայ յուշարձանները: Քաղաքակրթութեան դէմ ուղղուած այս ոճիրը աղաղակող յիշեցումն է անցեալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների՝ Բուդդայի բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների եւ Նախիջեւանում հայկական միջնադարեան հազարաւոր խաչքարերի ոչնչացման դէպքերի, երբ ադրբեջանական կառավարութեան աչալուրջ հսկողութեան ներքոյ հազարաւոր յուշարձաններ ոչնչացուեցին: Այս բարբարոսութեան հետ կապուած Յուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանութեան միջազգային խորհուրդը (ICOMOS) յայտարարեց, որ՝ <<այս ժառանգութիւնը, որ ժամանակին իր արժէքաւոր տեղն էր զբաղեցնում համաշխարհային ժառանգութեան գանձերի շարքում, այլեւս չի կարող փոխանցուել յաջորդ սերունդներին>>:
Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհի հիմնասիւներից, այլոց քաղաքակրթական արժէքների նկատմամբ անհանդուրժողականութիւնը, մշակութային եւ կրօնական ժառանգութեան միտումնաւոր, հետեւողական եւ շարունակաբար վնասումն ու ոչնչանցումը պէտք է դատապարտուեն ամենայն վճռականութեամբ>>, ընդգծած է նախարար Նալբանդեան։
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ