«100 Կեանք» Նախագծի Մեկնարկը

By Asbarez | Tuesday, 10 March 2015

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԵՒ ԲԱՐԵՐԱՐ ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ ՀԵՏ. «ՊԷՏՔ Է ԶԱՐՄԱՑՆԵՆՔ ԵՒ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ ԿՈՏՐԵՆՔ»

Վարեց՝ ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

 

 


Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի շեմին <<Մեդիամաքս>>ը շարունակում է հարցազրոյցների շարքը Հայաստանում եւ Սփիւռքում ապրող մտաւորականների հետ, որոնց միջոցով փորձում ենք տարբեր կարծիքներ հաւաքել այն մասին, թէ արդեօք Ցեղասպանութեան 100րդ տարելիցը կարող է որոշակի <<նոր սկիզբ>> դառնալ հայութեան համար:


Այսօր մեր զրուցակիցն է IDeA հիմնադրամի համահիմնադիր, բարերար եւ գործարար Ռուբէն Վարդանեանը:

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Այսօր պաշտօնապէս մեկնարկող 100 Lives նախագծին նախորդել է մեծ մտաւոր եւ կազմակերպչական աշխատանք: Արդիւնքում ծնուեց մի նախագիծ, որը, ձեր խօսքով, անցեալի, ներկայի եւ ապագայի համադրութիւնն է: Մանրամասնէք, խնդրեմ, այդ տեսլականը:
ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Ակտիւ նախապատրաստութիւնը 100 Lives նախագծի մեկնարկին սկսուել էր ինը ամիս առաջ: Ես եւ մեր թիմը շատ ժամանակ եւ ուժ ծախսեցինք այցելութիւնների եւ շփումների վրայ. եղանք հայկական Սփիւռքի գրեթէ բոլոր խոշոր կենտրոններում, քննարկեցինք նախագիծը շատ տարբեր մարդկանց հետ՝ ոչ միայն հայերի, այլեւ շատ այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում մենք խօսում էինք ոչ միայն բուն նախագծի մասին, այլեւ այն ամէնի, ինչ տեղի է ունենում աշխարհում եւ յատկապէս՝ հայկական աշխարհում: 100 Lives նախագիծը ես դիտարկում եմ որպէս այդ երկու աշխարհները կապող կամուրջ:

Նախագիծը ծնուեց իմ ընտանիքի պատմութիւնից: 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած դէպքերից յետոյ իմ պապը, ինչպէս եւ շատ ուրիշ երեխաներ, որոնց ծնողները Ցեղասպանութեան զոհ էին դարձել, յայտնուեց որբանոցում, այնտեղ կրթութիւն ստացաւ եւ յետագայում դարձաւ յայտնի պատմաբան, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Պապս քիչ բան է պատմել այն մասին, թէ ինչ զրկանքներ է տարել. խորհրդային շրջանում մարդիկ ստիպուած էին շատ բան թաքցնել, քանի որ օտարերկրացիների, յատկապէս ամերիկացիների՝ հայ երեխաներին օգնելու մասին պատմութիւնները չէին խրախուսւում:

Ընդհանրապէս, Ցեղասպանութեան թեման ցաւոտ եւ վտանգաւոր է: Վերապրածներից քչերն են ցանկանում այդ մասին խօսել, եւ եթէ նոյնիսկ պատմում են, ապա հիմնականում վայրագութիւնների եւ արհաւիրքների մասին: Ցեղասպանութեան մասին զրոյցներում, իմ կարծիքով, յաճախ բաց է թողնւում մի շատ կարեւոր բան. մենք յաղթել ենք՝ չնայած 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգութեան ողջ ծանրութեանը, երբ հայերը զրկուեցին իրենց պապենական հողերից, նրանցից խլեցին ողջ ունեցուածքը, եւ ամենակարեւորը՝ բնաջնջեցին այդ հողերի վրայ ապրող մարդկանց երեք քառորդին: Մենք յաղթել ենք, քանի որ կարողացել ենք պահպանուել՝ չնայած բոլոր դժուարութիւններին եւ մեծ յաջողութիւնների ենք հասել տարբեր ոլորտներում եւ աշխարհի տարբեր երկրներում: Այո, մենք պէտք է յիշենք եւ յարգենք զոհերի յիշատակը, մեզ համար կարեւոր է, որպէսզի այլ երկրներ եւ յատկապէս Թուրքիան ճանաչեն Ցեղասպանութիւնը, սակայն մեր հիմնական ուղերձն աշխարհին այն է, որ մենք կանք եւ ուժեղ ենք: Իսկ յիշելու եւ պահանջելու համար պէտք է կենդանի եւ ուժեղ լինել:

100 Lives նախագծով մենք ցանկանում ենք մեր երախտագիտութիւնը յայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ, եւ ում ջանքերով տապալուել է Ցեղասպանութեան նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Ես համոզուած եմ, որ միայն ուժեղ եւ զոհի համախտանիշից բուժուած ազգը կարող է երախտապարտ լինել: Նախագծի շրջանակներում համադրել ենք երեք բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցեալին, ներկային եւ ապագային:

 

 


Նախ, մենք փորձում ենք պահպանել անցեալը՝ օգնելով թուայնացնել արխիւային նիւթերի հարիւր հազարաւոր էջեր, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփիւռքում: Դրանից բացի, մենք հաւաքում ենք ցեղասպանութիւնը վերապրած հայերի եւ նրանց օգնած մարդկանց անձնական պատմութիւնները: Այսօր աշխարհում շատ քիչ բան է յայտնի այն մասին, թէ ինչ են արել ուրիշ ժողովուրդները եւ յատկապէս ամերիկացիները, Ցեղասպանութեան արդիւնքում որբ եւ փախստական դարձած հարիւր հազարաւոր հայ երեխաներին փրկելու համար: Սակայն, ցաւօք սրտի, մենք ինքներս էլ շատ բան չգիտենք այդ մասին:

Զարմանալի է, որ նոյնիսկ ԱՄՆում քչերը գիտեն, որ իրենց երկրի առաջին զանգուածային բարեգործութիւնը հայերի համար կազմակերպուած դրամահաւաքն է եղել: Այդ հանգանակութեանը մասնակցել են միլիոնաւոր շարքային ամերիկացիներ, հաւաքուել է մօտ 115 մլն. դոլար: Այսօրուայ հաշուարկներով դա միլիարդաւոր դոլարներ են, եւ այդ թիւը երեւակայութիւնից վեր է: Մենք պարտաւոր ենք մարդկանց ներկայիս սերնդին պատմել այն մասին, թէ ինչ են արել բոլոր այս մարդիկ՝ ամերիկացիները, դանիացիները, նորվեգացիները, շուէյցարացիները, ֆրանսիացիները, ռուսները եւ շատ ուրիշներ՝ մեր ազգի փրկութեան համար:

Ցաւօք, ժամանակին հայերը չկարողացան լիարժէք շնորհակալութիւն յայտնել նրանց, եւ մենք ուզում ենք դա անել հիմա՝ կապելով անցեալը եւ ներկան: Այդ պատճառով 100 Lives նախագծի երկրորդ բաղադրիչը <<Աւրորա>> ամէնամեայ հումանիտար մրցանակաբաշխութիւնն է: Պարգեւատրուելու են այն մարդիկ, ովքեր մեր օրերում կեանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում: Մրցանակը անուանուել է Արշալոյս Մարտիկեանի պատուին, ով 1915 թուականին փրկուել էր ռուսական բանակի շնորհիւ, յետագայում յայտնուել ԱՄՆում եւ վերցրել էր Աւրորա Մարդիգանեան անունը: Նա գիրք է գրել այդ սարսափելի դէպքերի մասին, որը կոչւում է Ravished Armenia (<<Յօշոտուած Հայաստան>>): Այդ գրքի հիման վրայ նկարահանուել է ֆիլմ, որում Աւրորան խաղացել է ինքն իրեն: Մի քանի տարի շարունակ այդ ֆիլմը ԱՄՆում մեծ յաջողութիւն ունէր եւ հսկայական դեր խաղաց Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկման գործում: Մրցանակի յանձնման արարողութիւնը կ՛անցկացուի ամէն տարի Ապրիլի 24ին, Երեւանում: Առաջին անգամ մրցանակը կը յանձնուի 2016 թուականին: Ցեղասպանութիւնը անցեալում չի մնացել. ցաւօք, դա տեղի է ունենում եւ ժամանակակից աշխարհում: Մէկ միլիոն դոլարի չափով դրամական պարգեւը մեծ մասամբ ուղղուած կը լինի ցեղասպանութեան դէմ պայքարող եւ տուժածներին օգնող մարդկանց աջակցելուն: Մրցանակի յաւակնորդներին կ՛ընտրի ժիւրին, որի կազմում կ՛ընդգրկուեն տարբեր երկրների ճանաչուած եւ ականաւոր մարդիկ:

Եւ երրորդը. մենք երախտագիտութիւն ենք յայտնում կոնկրետ նախագծերի միջոցով: Օրինակ՝ տեսնում ենք, որ այժմ շատ երկրներում՝ Եգիպտոսում, Սիրիայում, Իրանում, Իրաքում, Լիբանանում եւ այլուր երեխաներն ի վիճակի չեն կրթութիւն ստանալու: Այդպիսի երեխաներին մենք կրթաթոշակներ կը տրամադրենք:

Մասնաւորապէս, նախատեսւում է 100 կրթաթոշակ տրամադրել UWC Dilijan College-ում ուսանելու համար: Երեխաները պէտք է մեծանան այն գիտակցութեամբ, որ ինչ որ մէկն իրենց օգնել է, շնորհակալ լինեն եւ ձգտեն օգնել ուրիշներին: 100 Lives նախագծի այս բաղադրիչը կապուած է ապագայի հետ:

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Կարելի է ենթադրել, որ հայկական Սփիւռքի հիմնական օջախներ կատարած այցելութիւնները եւ նրա տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները ձեզ համար բացայայտում էին, չնայած որ դուք էլ Սփիւռքի ներկայացուցիչ էք՝ թէկուզեւ ոչ <<դասական>> Սփիւռքի: Պատմէք ձեր հիմնական տպաւորութիւնների մասին՝ թէ դրական, եւ թէ բացասական:

ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Ես, թերեւս, հայկական Սփիւռքի այնքան էլ տիպիկ ներկայացուցիչ չեմ: Մեծացել եմ Հայաստանում, ձեւաւորուել՝ արդէն Ռուսաստանում, սակայն քանի որ իմ բիզնեսը միշտ միջազգային է եղել, դա ինձ հնարաւորութիւն է տուել շատ աւելի լայն նայել աշխարհին:

Այցելութիւնների եւ հանդիպումների ժամանակ ստացածս առաջին տպաւորութիւնը հայերի տարանջատուածութեան խորութիւնն էր: Օրինակ՝ Սփիւռքում ամսագիր թողարկող յարգուած մի մարդ, պատասխանելով այն հարցին, թէ ինչու իր զեկոյցում չի յիշատակել Ռուսաստանի հայկական համայնքը, ասաց. <<Նրանք չեն խօսում հայերէն եւ անգլերէն, եւ ես նրանց մասին ոչինչ չգիտեմ>>: Նման պահերին հասկանում ես, թէ ինչ լուրջ ճեղքեր կան մեր պատկերացրած միասնական հայկական Սփիւռքում:

Միեւնոյն ժամանակ, ինձ ուրախացրեց շատ հայերի՝ իրենց ազգային ինքնութիւնը պահպանելու ձգտումը եւ հայ ազգին պատկանելու անկեղծ հպարտութիւնը:
Մէկ այլ լուրջ խնդիր է ձուլումը: Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ խոշոր հայկական համայնքներ ձեւաւորուեցին հիմնականում մուսուլմանական երկրներում, եւ ազգային ինքնութեան, լեզուի եւ մշակոյթի պահպանումը գոյատեւման միջոցներից մէկն էր: Նման իրավիճակում հայկական ընտանիքի երեխան պէտք է յաճախէր բացառապէս հայկական դպրոց. այլ տարբերակներ պարզապէս չէին դիտարկւում: Հայկական դպրոց, հայկական եկեղեցի՝ սրանք էին այն օջախները, որոնք թոյլ տուեցին հայերին պահպանելու իրենց ինքնութիւնը այլ մշակոյթի գերակայութեան պայմաններում, որը թէեւ թշնակաման չէր (ինչպէս օրինակ՝ Լիբանանում եւ Սիրիայում), բայց, այնուամենայնիւ, տարբերւում էր հայկականից:

Շատ հայերի յետագայ տեղափոխութիւնը Ռուսաստան, որի հայկական համայնքը խոշորագոյնն է, Ամերիկա, Կանադա, Աւստրալիա եւ Արգենտինա, որոնց մշակոյթը եւ աւանդոյթները նրանց առաւել հարազատ էին, յանգեցրին մի իրավիճակի, երբ մարդկանց ընտրութեան հնարաւորութիւն ընձեռնուեց. մի բան, որն առաջ չկար:
Պայմանականօրէն ասած՝ նոր շրջապատում հայկական դպրոց այցելելը այլեւս ինչ որ աքսիոմ չէր, յատկապէս այն դէպքում, եթէ տուեալ դպրոցն ամենալաւը չէր կրթութեան որակի տեսակէտից: Պարզուեց, որ եթէ ազգային ինքնութեան պահպանումը չի ամրապնդւում զարգացման հնարաւորութեամբ, այն դադարում է աշխատել: Պարադոքսն այն է, որ կեանքի առաւել յարմարաւէտ պայմանները աւելի արագ ձուլման են բերում: Մարդիկ ցանկանում են ուղարկել իրենց երեխաներին ոչ թէ լաւ, այլ լաւագոյն դպրոցներ: Եւ եթէ հայկական դպրոցը լաւագոյնը չէ եւ նաեւ մի քանի տասնեակ կիլոմետր հեռաւորութեան վրայ է գտնւում, ակնյայտ է, որ ընտրութիւնը այդ դպրոցի օգտին չի կայացուի:

Եւս մէկ խնդիր, որն ինձ համար ակնյայտ դարձաւ, այն է, որ շատ հայեր, որոնք մեկնել են Հայաստանից վերջին 25 տարուայ ընթացքում, կամայ թէ ակամայ փորձում են ապացուցել իրենք իրենց եւ միւսներին, որ միակ ճիշդ որոշումն են կայացրել: Դրա հետեւանքով <<նոր Սփիւռք>>ի շատ ներկայացուցիչներ ենթագիտակցօրէն բացասաբար են տրամադրուած այն ամէնի հանդէպ, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, եւ վճռականօրէն հրաժարւում են նոյնացնել իրենց հայկական աշխարհի հետ:

Այս խնդիրների լոյսի ներքոյ լուրջ հարց է առաջանում. ի՞նչն է մեզ միաւորում: Առաջին հայեացքից պատասխանը պարզ է՝ անկախ հայկական պետութիւնը: Մենք հարիւրաւոր տարիներ երազել էինք անկախութեան մասին, եւ ստանալով այն, անհաւանական ոգեւորութիւն ապրեցինք, բայց նաեւ անհանգստութիւն՝ յետագայում պետութեան պահպանման համար: Հասկանալի է, որ ցանկացած պետութեան ստեղծումը ժամանակ եւ ուժ է պահանջում: Աշխարհի ցանկացած կէտում մարդիկ աւելի հեշտ են համախմբւում ողբերգական իրադարձութիւնների ֆոնին կամ երբ իրենց երկիրը ուժեղ առաջնորդի ու յաջողութեան օրինակ է դառնում:

Երբ Հայաստանում պատերազմ էր ընթանում կամ երբ երկրաշարժ եղաւ, դա համախմբեց նոյնիսկ այն հայերին, որոնք հայերէն չէին խօսում կամ երբեք չէին եղել Հայաստանում: Երբ Հայաստանում ամէն ինչ շատ լաւ լինի, շատերը կը ցանկանան նոյնացնել իրենց Հայաստանի հետ, լինել նրա յաջողութեան պատմութեան մասնիկը:

Սակայն այսօրուայ Հայաստանը միջակ երկիր է միջակ յաւակնութիւններով եւ սփիւռքի շատ հայերի մօտ ոչ հպարտութիւն է առաջացնում, ոչ էլ անհանգստութիւն իր ապագայի վերաբերեալ: Այժմ Սփիւռքում Հայաստանի հանդէպ հիասթափութեան զգացում չկայ, դա աւելի շատ կարելի է անուանել անտարբերութիւն, ինչը, իմ կարծիքով, աւելի վտանգաւոր է, քան բացասական վերաբերմունքը, քանի որ որեւէ զգացմունք չի պարունակում:

Բացի այդ, սերունդների միջեւ խորը ճեղքուածք կայ: Սփիւռքում 70 եւ աւել տարեկան բազմաթիւ մարդիկ կան, որոնք հայկական աշխարհի պահպանման համար մեծ ջանքեր են գործադրել: Մենք ունենք նաեւ շատ հետաքրքիր երիտասարդ սերունդ, որը ցանկանում է պահպանել իր ինքնութիւնը՝ չկորցնելով դինամիզմը: Սակայն 40ից 70 տարեկանների մի լայն շերտ ոչ մի ձեւով չի նոյնացնում իրեն հայկական աշխարհի հետ: Արդիւնքում հաւասարակշռութիւնը խախտւում է. մեծ քանակի մարդիկ ներգրաւուած չեն, եւ այս կամ այն համայնքի փոքրաթիւ ակտիւ անդամները ստիպուած են իրենց ուսերին չափազանց մեծ բեռ տանել:
Այս բոլոր խնդիրների առկայութիւնը խորանում է այն երազանքի բացակայութեամբ, որը կը համախմբէր մարդկանց՝ անկախ նրանից, թէ որտեղ են նրանք ծնուել եւ ինչ լեզուով են խօսում: Այսպիսով՝ մենք պէտք է հսկայական աշխատանք տանենք, եթէ ցանկանում ենք լիարժէք օգտագործել հայկական աշխարհի ներուժն ու ռեսուրսները:

 

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Ո՞վ պէտք է տանի <<առաջին ջութակ>>ի դերը: Հայաստա՞նը, թէ Սփիւռքը:
ՌՈՒԲԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Ոչ մէկը չպէտք է գերիշխի, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Սփիւռքը: Հնարաւորինս միահամուռ պէտք է լինենք եւ աջակցենք միմեանց: Այլ հարց է, թէ ինչի շուրջ պէտք է միաւորուենք: Անհրաժեշտ է ընդհանուր երազանք: Ակնյայտ է, որ Հայաստանը Սփիւռքի աջակցութեան կարիքն ունի, իսկ Սփիւռքը՝ Հայաստանի, սակայն կողմերից ոչ մէկը մինչեւ վերջ պատրաստ չէ դա խոստովանել: Խանգարում են տարբեր բարդոյթները: Հայաստանում շատերին դուր չի գալիս, որ <<հիմա կը գան սփիւռքահայերը եւ կը սկսեն մեզ ապրել սովորեցնել>>: Սփիւռքում էլ կան այնպիսի մարդիկ, որոնք համոզուած են, որ 10 հազար դոլարի չափ հանգանակութիւնը աւտոմատ կերպով իրենց ինչ որ յատուկ իրաւունքներ է տալիս:

Սփիւռքի ներուժի օգտագործման անհրաժեշտութիւնը պէտք է ձեւակերպի հայաստանեան էլիտան (վերնախաւը-Խմբ.), որը պէտք է հասկանայ, որ առանց այդ ներուժի եւ փորձառութեան մենք չենք կարող յաւուր պատշաճի մրցակցել միջազգային մակարդակում: Ցաւօք, այդ ուղերձը չեն յղում ոչ միայն պետական պաշտօնեաները, այլեւ բիզնեսի եւ մեդիայի ներկայացուցիչները: Օրինակ՝ հայկական ԶԼՄներից որեւէ մէկը երբեւէ փորձե՞լ է Սփիւռքի՝ միջազգային համբաւ ունեցող լրագրողների մասնակցութեամբ ինչ որ նախագիծ իրականացնել: Հայաստանի բիզնեսի եւ հասարակութեան մոդելը, ընդհանուր առմամբ, հիմնուած է բաւականին մեծ պարփակուածութեան վրայ, որի հիմքում դրուած չէ լաւագոյնը դառնալու անհրաժեշտութիւնը:

Ցաւօք, այսօր Հայաստանի ամենամեծ թերութիւններից է միջակութիւնը: Նախկինում հայերը համարուել են ամենակրթուած եւ ընդունակ ազգերից մէկը, որոնք մի քանի լեզու գիտէին: Այն ժամանակներում, երբ հայերը հասնում էին մինչեւ Սինգապուր եւ Բիրմա, մարդկութեան 90 տոկոսը ծնւում, ապրում եւ մահանում էր՝ երբեք դուրս չգալով իր հարազատ քաղաքի կամ գիւղի սահմաններից: Երբ մարդկանց մեծ մասը կարդալ եւ գրել չգիտէր կամ դժուարութեամբ էր հաղորդակցւում մայրենի լեզուով, հայերը գիտէին մի քանիսը: Ես յաճախ կատակում եմ, որ հայերը յօրինել են Facebook-ը դրա ստեղծումից շատ աւելի վաղ, քանի որ մեր ազգը միշտ ակտիւ օգտագործել է ցանցային շփման տեխնոլոգիաները:

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սահմանները աւելի ու աւելի ձեւական բնոյթ են կրում, եւ բնակչութեան ակտիւ մասը տեղաշարժի գրեթէ անսահմանափակ հնարաւորութիւններ ունի՝ աշխատելու կամ սովորելու նպատակով: Միաժամանակ գլոբալիզացիան բերում է նրան, որ երիտասարդները ցանկանում են հասկանալ՝ ովքեր են իրենք իրականում: Եւ եթէ նախկինում ասում էին, որ մարդկանց պէտք է տալ ոչ թէ ձուկ, այլ կարթ, ապա այսօր ոչ թէ միայն կարթն է պէտք, այլ գիտելիքը. Ինչպէ՞ս այդ կարթով ապահովել առաւելագոյն արդիւնաւէտութիւն, որսալ հինգի փոխարէն, օրինակ, տասը ձուկ:

Տեղեկատուական հասարակութիւնում գիտելիքները դառնում են հիմնական միջոցը մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Հայերը միշտ առաջամարտիկների ազգ են եղել՝ չնայած իրենց փոքրաթիւ լինելուն: Մենք միշտ մեզ եւ ուրիշների համար բարձր նշաձող ենք սահմանել եւ չպէտք է հրաժարուենք դրանից:

Մեր հասարակութիւնում խորը արմատներ թողած միջակութիւնը իրականում շատ վտանգաւոր է: Այն սպաննում է մեր մէջ ստեղծագործ ջիղը: Մենք պէտք է զարմացնենք եւ յաղթահարենք նախապաշարմունքները: Մենք չենք կարող թոյլ տալ մեզ միջակ լինել եւ պէտք է անենք ամէն հնարաւորը, որպէսզի լաւագոյնը դառնանք այն ամէնում, ինչ անում ենք:

Մարդկութեան պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը մի քանի անգամ յայտնուել է առաջատար դիրքերում՝ մեծ փոփոխութիւնների պայմաններում: Մենք պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի կրկին դառնանք այն երկիրն ու ազգը, որի կարծիքը կը լսեն, կը յարգեն եւ հաշուի կ՛առնեն:

Ես համոզուած եմ, որ մենք կարող ենք ամէն ինչ փոխել: Հայ ժողովուրդը բազում դժուարութիւններ է տարել իր պատմութեան ընթացքում, այդ թւում նաեւ 20րդ դարի սարսափելի ողբերգութիւնը, բայց չի ոչնչացել եւ չի պարտուել: Մենք հերթական անգամ վերածնուած ազգ ենք, եւ այդ պատճառով ես շարունակում եմ լաւատես մնալ:

 



comments

Advertisement