Պեռնար Շալանտը հեռացաւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականէն

By Asbarez | Monday, 30 March 2015

 

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Պեռնար Շալանտ, որ 30 Մարտին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի (ՀՖՖ) պատուիրակութեան հետ յատուկ թռիչքով Ալպանիայէն վերադարձաւ Երեւան, իր հրաժարականը ներկայացուց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Ռուբէն Հայրապետեանին, որ ընդունեց հրաժարականը։


Պեռնար Շալանտ ՀՖՖի պաշտօնական կայքին միջոցով հանդէս եկած է յայտարարութեամբ, որուն մէջ երախտագիտութեան խօսք ուղղած է ֆութպոլի ֆետերասիոնին, ազգային հաւաքականի մարզական կազմին եւ Հայաստանի ազգային հաւաքականի երկրպագուներուն։ Ան նշած է.

<<Ես Հայաստան եկայ մօտ մէկ տարի առաջ՝ ունենալով միայն մէկ նպատակ՝ յաղթահարել Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլը Հայաստանի ազգային հաւաքականի հետ: Սա մեծ մարտահրաւէր էր ինձ համար: Իմ պայմանագրում յստակ նշուած էր, որ մենք պէտք է հաւաքենք որակաւորման փուլը յաղթահարելու համար անհրաժեշտ միաւորներ, հակառակ դէպքում ես պէտք է լքեմ իմ պաշտօնը: Հէնց այդ պատճառով ինձ համար հիմա ամէն ինչ պարզ է:

Բնականաբար, 4 խաղից 1 միաւորը բաւարար արդիւնք չէ՝ նոյնիսկ հաշուի առնելով, որ մենք այս մրցափուլի գրեթէ բոլոր խաղերի ժամանակ ունեցել ենք կորուստներ: Բացի այդ, իւրաքանչիւր խաղի ժամանակ մեզ ինչ-որ բան խանգարել է: Մխիթարեանի եւ Արզումանեանի վնասուածքները՝ Դանիայի հետ հանդիպման ժամանակ, Մարկոսի չիրացրած 11 մետրանոցը՝ Սերբիայի դէմ խաղում, Համբարձումեանի կարմիր քարտը՝ Ալբանիայի դէմ խաղում: Եթէ ցանկացած խաղ տեւեր 70 րոպէ, մենք կ՛ունենայինք 10 միաւոր: Դա նշանակում է, որ մեր ընտրած կազմը կամ մարտավարութիւնը խաղերի համար այնքան էլ վատը չէր, ուղղակի մեզ ինչ-որ բան չէր հերիքում վերջում: Անկախ ամէն ինչից՝ ես արդարացումներ չեմ փնտռում: Խնդիրը կատարուած չէ:

Ի հարկէ, մենք չկարողացանք ազգային հաւաքականի հետ հասնել ցանկալի արդիւնքի, բայց իրականացրեցինք շատ լուրջ ծրագիր ֆուտբոլի զարգացման համար՝ ձեւաւորելով Հայաստանի մինչեւ 14 եւ 15 տարեկանների հաւաքականները: Մի գուցէ, հէնց այդ տղաները հետագայում կազմեն Հայաստանի ապագայ հաւաքականի կորիզը: Բայց ես հասկանում եմ, որ իմ հիմնական գործը Հայաստանի ազգային հաւաքականի յաջող խաղն էր եւ լաւ արդիւնքը:

Այո, ես հիասթափուած եմ արդիւնքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ որեւէ մէկից: Ընդհակառակը, ես երախտապարտ եմ ինչպէս ՀՖՖ նախագահին՝ ինձ ընձեռուած այս հնարաւորութեան համար, այնպէս էլ ՀՖՖ բոլոր բաժինների աշխատակիցներին, մարզչական եւ բժշկական անձնակազմին, բոլոր նրանց, ում հետ ես աշխատել եմ այս ամիսների ընթացքում: Շնորհակալ եմ նաեւ մեր հրաշալի երկրպագուներին, ովքեր մեզ հետ էին ինչպէս տնային, այնպէս էլ արտագնայ հանդիպումների ժամանակ: Բնականաբար, ես տխուր եմ այս հրաշալի երկիրը լքելու կապակցութեամբ, որովհետեւ այստեղ աշխատելն, իրօք, շատ հաճելի էր ինձ համար:

Հետագայ յաջողութիւններ եմ մաղթում Հայաստանի ազգային հաւաքականին: Ես տեսնում եմ այն ներուժը, որ ունի Հայաստանի ազգային հաւաքականը: Միշտ կը հետեւեմ Հայաստանի հաւաքականի ելոյթներին: Յոյս ունեմ, որ մի օր Հայաստանի հաւաքականը հանդէս կը գայ Եւրոպայի կամ աշխարհի առաջնութիւնում>>:

 


comments

Advertisement