Հռոմի պապը Մեծ եղեռնը անուանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»

By Civilnet | Sunday, 12 April 2015



Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց մեծ եղեռնը անվանեց <<20-րդ դարի առաջին ցեղասպանություն>>՝ կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում իր կողմից մատուցված պատարագին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

<<Անցյալ դարում մարդկության ընտանիքը անցավ երեք զանգվածային և աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին>>,- ասաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ մյուս երկու ողբերգությունները ստալինյան ռեպրեսիաներն էին և Հոլոքոստը:

<<Մարդկության ընտանիքը կարծես մերժել է դասերը իր անցյալի սխալների, որոնց հիմքում ահաբեկման օրենքն է: Կարծես այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են ոչնչացնել ուրիշներին այլոց հանցավոր լռությամբ, ովքեր պարզապես դրան նայում են կողքից>>,- ասաց Հռոմի պապը:

Իրադարձությունը պատմական էր, քանի որ Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ չէր մատուցվել:

Պատարագին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը:

Սուրբ Պետրոսի տաճարում հնչեցին ոչ միայն հայկական հոգևոր կատարումներ, այլև առաջին անգամ հնչեց հայկական դուդուկ:
Վատիկանի ռադիոն իր կայքի գլխավոր լուրն անվանեց . <<12 Ապրիլ 2015 պատմական օր. Սուրբ Պետրոս տաճարի սիրտը կը տրոփէ հայկականութեամբ>>:

Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Վատիկանում Թուրքիայի դեսպանությունը չեղարկել է կիրակի նախատեսված մամուլի ասուլիսը՝ ըստ ամենայնի՝ իմանալով, որ Պապը օգտագործելու է <<ցեղասպանություն>> եզրույթը:

 


comments