Տասնյակից ավելի զոհեր Հալեպի հայաշատ թաղամասի հրթիռակոծությունից

By Civilnet | Sunday, 12 April 2015


Ապրիլի 10-ի գիշերը հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը, ինչի հետևանքով զոհվել է տասնյակից ավելի մարդ: Փլվել է չորս շենք, թաղամասին հասցվել է նյութական մեծ վնաս: Ինչպես հաղորդում աղբյուրները Հալեպից, փլատակների տակից վիրավորների դուրսբերման ու շտապ օգնության աշխատանքների ուշացման հետևանքով զոհերի թիվն ավելանում է:

Հրթիռակոծումները սկսվել են ուղղափառների Սուրբ Յարության տոնի նախաշեմին` առավելաբար քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված թաղամասի դեմ: Նույն ուղղություններով հրթիռակոծումները շարունակվել են նաև շաբաթ գիշեր, սակայն ավելի նվազ տարողությամբ: Սուլեյմանիեն գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ըստ Սիրիայի պետական <<Ալ Իխբարիա>> հեռուստատեսության, հրթիռակոծումները կատարվել են իսլամական ծայրահեղ զինյալ խմբերի կողմից, որոնց վերահսկողության տակ են մերձակա թաղամասերը:

Սուլեյմանիեում բնակվում են բազմաթիվ հայեր: Այնտեղ գտնվող հայ համայնքի <<Սիմոն Վրացյան>> կենտրոնը նույնպես կրել է ծանր վնասներ: Մոտ երկու տարի առաջ այնտեղ էր տեղափոխվել նաև Ազգային առաջնորդարանը և հայկական մի շարք երիտասարդական ու մշակութային միություններ: Կենտրոնի սրահները օգտագործվում էին նաև «Քարեն Եփփե» ազգային ճեմարանի կողմից որպես դասարաններ` Ճեմարանի շենքի ավելի վտանգավոր շրջանում գտնվելու պատճառով:

Հալեպյան աղբյուրների համաձայն՝ մեծ թվով բնակիչներ Սուլեյմանիե թաղամասից առժամանակ տեղափոխվել են այլ վայրեր: Հալեպ քաղաքի՝ պատերազմի թատերաբեմ դառնալուց հետո Սուլեյմանիե թաղամասը համեմատաբար ապահով շրջան էր համարվում՝ հիմնականում շփման գծերից հեռու լինելու պատճառով:

 

Հալեպից տագնապալի լուրեր են ստացվում: Ռմբակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասը: Նյութական վնասը բավականին մեծ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25872
© Երկիրմեդիա 
Հալեպից տագնապալի լուրեր են ստացվում: Ռմբակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասը: Նյութական վնասը բավականին մեծ է: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են: Մանրամասներ հեռախոսազանգով հաղորդել է Սիրիայի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25872
© Երկիրմեդիա 

comments