ՀՅԴ Երիտասարդական Միութիւնը՝ լիիրաւ անդամ Եւրոպայի Երիտասարդ Սոցիալիստների Կազմակերպութեան

By Asbarez | Tuesday, 14 April 2015

 

 

2015թ. Ապրիլի 9-12ը Շուէյցարիայի Վինտերտուր քաղաքում տեղի ունեցաւ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ (Young European Socialists) կազմակերպութեան Ընդհանուր ժողովը:

ՀՅԴ Երիտասարդականը այդ ժողովին մասնակցեց երկու հոգիանոց պատուիրակութեամբ՝ Արէն Քերթեշեան (Ֆրանսիա) եւ Սարինէ Աբրահամեան (Նիդերլանդներ):
ԵԵԸ Ընդհանուր ժողովը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որտեղ ներկայացւում է նիւթաբարոյական գործունէութեան հաշուետուութիւն, ճշդւում են կազմակերպութեան յետագայ անելիքները եւ ընտրւում է նոր նախագահութիւն: Կազմակերպութեան անդամ միութիւնների կարգավիճակի հարցը եւս քննւում եւ վճռահատւում է այդ ժողովում:

Ժողովի բացումը կատարել է ԵԵԸի շրջանաւարտ նախագահ՝ Կասիա Էմիլիա Պեննին: Այնուհետեւ ելոյթ է ունեցել Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) ընդհանուր քարտուղար՝ Եուին Ինջիրը, որն իր խօսքում մասնակիցներին կոչ է ուղղել մասնակցելու 2015թ. Մայիսին Հայաստանում տեղի ունենալիք ԸԵՄՄ համաշխարհային Խորհրդի ժողովին:

ՀՅԴ Երիտասարդականը ԵԵԸին (նախապէս ECOSY) մաս է կազմում մօտ երկու տասնամեակ: Անցնող տարիների ընթացքում ՀՅԴ Երիտասարդականն ունեցել է դիտորդ անդամի կարգավիճակ:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի եւ Եւրոպայի Արտաքին-յարաբերական յանձնախմբի աւելի քան մէկ տարուան հետեւողական աշխատանքի արդիւնքում վերոնշեալ ժողովում ՀՅԴ Երիտասարդականը միաձայն քուէարկութեամբ դարձաւ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպութեան լիիրաւ անդամ:

Իր ելոյթում ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը շնորհակալութիւն յայտնելով վստահութեան համար, նշեց, որ այն առանձնայատուկ նշանակութիւն ունի դաշնակցական երիտասարդների համար, քանի որ երկար տարիներ դիտորդի կարգավիճակով անդամակցութիւնից յետոյ, ՀՅԴ Երիտասարդականն այժմ հնարաւորութիւն ունի որպէս լիիրաւ անդամ լիարժէքօրէն մասնակցելու կազմակերպութեան աշխատանքներին: Շեշտուեց, որ ՀՅԴ Երիտասարդականը լիայոյս է, որ ընկերվարական երիտասարդական կազմակերպութիւնների շրջանում կը յաջողուի մշակել նոր ռազմավարութիւն եւ աւելի համախմբուած պայքարել աշխարհն աւելի արդար եւ հաւասար դարձնելու համար.

<<Սիրելի՛ ընկերներ, կատարեալ աշխարհը գուցէ անհասանելի երազ է, սակայն սրանից աւելի լաւ աշխարհ իրատեսօրէն հնարաւոր է: Այդ նպատակին հասնելու ճանապարհին եղած խոչընդոտները կարելի է յաղթահարել համախմբուած պայքար մղելով եւ միմեանց աջակցելով>>:
Վերջում կազմակերպութեան նախագահ ընտրուեց Լաուրա Սիլմանին, Ֆրանսիայի MJS կազմակերպութիւնից եւ ընդհանուր քարտուղար՝ Նինա Ժիւանովիչը, Սերբիայի SDY կազմակերպութիւնից:

 

Ֆրանսիացի նորընտիր նախագահն իր առաջին իսկ խօսքում ողջունեց ՀՅԴ Երիտասարդականի լիիրաւ անդամակցութիւնը, ընդգծելով, որ այն յատուկ նշանակութիւն ունի, քանի որ տեղի է ունենում մեզ համար այդքան կարեւոր՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի տարում:

Նշենք նաեւ, որ մեծամասնութեան որոշումով ադրբեջանական SDYO կազմակերպութեան անդամակցութիւնը դադարեցուեց ԵԵԸում՝ այդ կազմակերպութեան ոչ գործօն մասնակցութեան եւ վերջին շրջանում նրանց հետ կապ հաստատել չկարողանալու պատճառով:


ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԳՐԱՍԵՆԵԱԿ
14 Ապրիլ, 2015թ.



 


comments

Advertisement