Յայտարարություն

By ARF Press Office | Thursday, 25 June 2015


Վերջին օրերին  Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները   կազմակերպեցին բողոքի գործողություններ,  պահանջելով  չեղյալ հայտարարել   էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության  բնակչության մեծամասնության  ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը  ցրեց  ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ խաթարվեց հասարակական հանդուրժողականության մթնոլորտը:  

Ստեղծված իրավիճակը  հաղթահարելու  եւ  լարվածության  հետագա խորացումից խուսափելու նպատակով պահանջում ենք՝  որպես առաջնահերթ  քայլ ազատ արձակել բոլոր կալանավորվածներին: Անհրաժեշտ է առանձին քննության նյութ դարձնել  ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:

Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների  արդարացի պահանջները:

Միաժամանակ  կոչ ենք անում բոլորին  ձեռնպահ մնալ  լարվածության  հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին  ու հեղինակությանը հարվածող եւ  հավանական միջամտությունների առիթ տվող  գործողություններից:  

Հայ Յեղափոխական Դաշնակցություն


comments