By Asbarez | Wednesday, 08 July 2015
ԵՐԵՒԱՆ, <<Արմէնպրէս>> - Չեչեն ահաբեկիչների համար նախկինում թիկունքային բազա եղած Ադրբեջանն այսօր դարձել է <<Իսլամական պետութիւն>> (ԻՊ) ահաբեկչական խմբաւորման համար մարտիկներ արտահանող երկիր:
Այս մասին, ինչպէս հաղորդում է <<Արմէնպրէս>>ը, յայտնում է On Kavkaz տեղեկատուական-վերլուծական կայքն իր՝ <<Վրաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԻՊի համար կադրերի դարբնոց>> վերտառութեամբ յօդուածում:
<<Յայտնի է, որ հարիւրաւոր ադրբեջանցիներ Սիրիայում միացել են ԻՊի ուժերին: Մեծանում են երկիւղները, որ մարտերում կոփուած այդ մարտիկները մի օր կարող են մարտահրաւէր նետել ադրբեջանական իշխանութիւններին: Սիրիայում կռուող որոշ յայտնի մարտիկներ, որոնցից ամենանշանաւորն է ծագումով ադրբեջանցի Հաթթաբ ալ Ազերին, արդէն բանաւոր յարձակումներ են սկսել ադրբեջանական իշխանութիւնների դէմ՝ մեղադրելով նրանց աշխարհիկութեան եւ կոռուպցիայի մէջ>>, գրում է կայքը:
Կայքը յայտնում է, որ Սիրիայում եւ Իրաքում ԻՊի ահաբեկիչներին միանալու ցանկութիւն են յայտնում հիմնականում Ադրբեջանի եւ Վրաստանի հիւսիսային շրջաններում բնակուող մահմեդականները. Վրաստանում դա չեչեններով բնակեցուած Պանկիսի կիրճն է, իսկ Ադրբեջանում՝ աւարներով եւ լեզգիներով բնակեցուած հիւսիսային շրջանները:
Կայքը գրում է, որ չեչենական երկու պատերազմների ժամանակաշրջանում ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը հիւսիսկովկասեան մարտիկների համար եղել են թիկունքային բազաներ: Ադրբեջանը հանդիսացել է Չեչնիա ֆինանսական միջոցներ, սպառազինութիւն եւ մարտիկներ փոխադրելու համար տարանցիկ բազա, այստեղ մարտիկների պատրաստման ճամբարներ են գործել, ինչպէս նաեւ բուժում է կազմակերպուել վիրաւոր չեչեն մարտիկների համար:
Ադրբեջանցի ահաբեկիչներն առաջին տարին չէ, որ կռւում են Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում ահաբեկչական խմբաւորումների շարքերում, որտեղ նրանց վերացնում են այդ երկրների բանակներն ու ԱՄՆի ռազմաօդային ուժերը:
Վերջին շրջանում Ադրբեջանում ուժեղացել է կրօնական ակ-տիւիստների եւ համայնքների դէմ ճնշումը, որոնց կասկածում են վահաբիների (կամ սալաֆի՝ իսլամի ծայրահեղական հոսանք) հետ կապերի մէջ: Կարծիքներ են շրջանառւում նաեւ այն մասին, որ Իլհամ Ալիեւի կառավարութիւնը կարող է թիրախ դառնալ սալաֆիների համար, որոնք Սիրիայում միացել են իսլամիստական խմբաւորումներին եւ, մարտական փորձ հաւաքած, վերադարձել Ադրբեջան:
Արմատական կրօնական ուսմունքների հետեւորդները վերջին շրջանում բաւականին ամուր արմատացել են Ադրբեջանում՝ վերածուելով մշտական գլխացաւանքի իրաւապահ մարմինների, Կովկասի մահմեդականներրի վարչութեան եւ այդ երկրի ամբողջ բնակչութեան համար: Ադրբեջանում գնալով աւելի մեծ թուով երիտասարդ մարդիկ են յայտնւում վահաբիների եւ սալաֆիների ազդեցութեան տակ: Ադրբեջանում իսլամի այդ արմատական հոսանքի հետեւորդների թիւը, վերջին տուեալներով, անցնում է 40 հազարը:
Սիրիայում կառավարական ուժերի դէմ իսլամիստական խմբաւորումների մարտերում 2014թ.ի ընթացքում Ադրբեջանի սպանուած քաղաքացի մոջահեդների թիւն անցել է 150ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների՝ Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄներն աւելի վաղ յայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դէմ կռւում են մեծ թուով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացուել են 300ից աւելի ադրբեջանցիներ: 2013թ.ի Մայիսին Սիրիայում կռուող ադրբեջանցիները հանդէս էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ յանուն հաւատի) կատարել Սիրիայում:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ