Ռուսիայէն Հայաստան փոխանցումները 5 ամսուան ընթացքին նուազած են 40 տոկոսով

By Asbarez | Friday, 10 July 2015

ԵՐԵՒԱՆ, <<Նովոստի Արմէնիա>> - Ռուսիայէն Հայաստան անհատներու անունով դրամատնային համակարգով ստացուած մասնաւոր փոխանցումները 2015 թուականի Յունուար–Մայիսին, նախորդ տարուան նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով՝ նուազած են 39.9 տոկոսով՝ կազմելով 296.1 միլիոն տոլար։ Այս մասին գրուած է Հայաստանի կեդրոնական դրամատան կայքին վրայ:

Ռուսական փոխանցումներու նուազումը պայմանաւորուած է 2014 թուականին ռուբլիի արժեզրկումով: 2014 թուականին Ռուսիայէն Հայաստան փոխանցումները նուազած են 10.7 տոկոսով՝ մինչեւ 1.4 միլիառ տոլար։

<<Չնայած Ռուսաստանից դրամական փոխանցումների զգալի կրճատմանը՝ դրանց բաժնեմասը հանրապետութեան փոխանցումների համախառն ծաւալում գերակշռող է մնում այլ երկրների համեմատ: Այսպէս, ռուսական փոխանցումների բաժնեմասը հանրապետութեան մասնաւոր փոխանցումների համախառն ծաւալում հաշուետու ժամանակահատուածում կազմել է մօտ 72.5 տոկոս>>, նշուած է կայքին վրայ։

Կեդրոնական դրամատան տուեալներով՝ Հայաստանէն Ռուսիա դրամական միջոցներու արտահոսքը 5 ամիսներուն կազմած է 80.6 միլիոն տոլար՝ 2.6 տոկոսի աճ արձանագրելով նախորդ տարուան նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով։

Այսպիսով, Ռուսիայէն Հայաստան անհատական մուտքերու զուտ ներհոսքը կազմած է 215.5 միլիոն տոլար (աճը՝ 48 տոկոս):

Միայն Մայիսին Ռուսիայէն կատարուած դրամական փոխանցումները կազմած են շուրջ 81.3 միլիոն տոլար՝ 2014 թուականի Մայիսին համեմատ նուազելով 32.4 տոկոսով (մէկ ամսուան ընթացքին աճը՝ 15.5 տոկոս)։

Ընդհանուր առմամբ 2015 թուականի Յունուար–Մայիսին ստացուած է մօտ 408.6 միլիոն տոլար՝ 2014 թուականի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով նուազելով 32.8 տոկոսով:

 


comments

Advertisement