Թուրքիայի չափահաս բնակչութեան 2 տոկոսը տիրում է երկրի ունեցուածքի 77.7 տոկոսին

By Asbarez | Monday, 13 July 2015

 

 

Թուրքիան 100 տոկոսով բռնատիրական երկիր է. այսպիսի եզրակացութեան է յանգել Թուրքական <> պարբերականի թղթակից Օղուզ Քարամուքը՝ համանուն վերնագրով իր յօդուածում:


Ներկայացնելով ժողովրդավարութեան՝ ողջ աշխարհում ընդունուած չափանիշները, յօդուածագիրը նկատել է տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից որպէս ժողովրդավարութեան չափանիշ ներկայացուած <<ընտրութիւնների արդարութիւնից>> բացի, ժողովրդավարութեան չափանիշ են հանդիսանում նաեւ <<հնարաւորութիւնների հաւասարութիւնը>> եւ <<տնտեսական միջոցների հաւասար բաշխուածութիւնը>>:


Շուէյցարական բանկի Credit Suisse ֆինանսական կոնգլոմերատի (համախմբութեան-Խմբ.) տուեալների համաձայն՝ հարուստ են համարւում այն մարդիկ, որոնց ունեցուածքը հաւասար է կամ գերազանցում է 100,000 ամերիկեան դոլարը: Ողջ աշխարհի բնակչութեան միայն 373 միլիոնն է համապատասխանում նշուած չափանիշին: Այդպիսիք կազմում են աշխարհի չափահաս բնակչութեան ընդամէնը 7.9 տոկոսը:


Առանձին երկրներում միջոցների բաշխուածութեան պատկերը հետեւեալն է:

Տնտեսական անհաւասարութեան առումով առաջատար Ռուսաստանում 100.000 դոլարից աւելի ունեցուածքի տէր քաղաքացիները կազմում են չափահաս բնակչութեան 1.5 տոկոսը, նրանց ունեցուածքը կազմում է երկրի ընդհանուր ֆինանսատնտեսական միջոցների 84.8 տոկոսը: Իսկ բնակչութեան մնացած 98.5 տոկոսին բաժին է ընկնում երկրի ողջ ունեցուածքի միայն 15.2 տոկոսը:

Ըստ միջոցների անհաւասարութեան՝ 2րդ տեղում Թուրքիան է: Այստեղ ունեւորները կազմում են երկրի 52 մլն. չափահաս բնակչութեան ընդամէնը 2 տոկոսը՝ 1 մլն. 40 հազար մարդ: Նրանց ունեցուածքը կազմում է երկրի ընդհանուր նիւթական միջոցների 77.7 տոկոսը: Բնակչութեան մնացած բազմամիլիոնանոց հատուածին բաժին է ընկնում երկրի ընդհանուր ունեցուածքի 22.3 տոկոսը միայն:

Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ 2000թ. Թուրքիան այս չափանիշի համաձայն 45 երկրների շարքում 19րդ տեղն էր զբաղեցնում, 2002ին՝ 14րդ, իսկ ահա 2015ին՝ 2րդ:

Ըստ հեղինակի՝ այս փաստն ակնյայտօրէն ցոյց է տալիս, թէ երկրում ինչ արագութեամբ է խաթարւում եկամուտների հաւասարութիւնը: Միաժամանակ, ըստ Քարամուքի՝ սա վկայում է այն մասին, որ Թուրքիան անհերքելիօրէն բռնատիրական պետութիւն է:

Ըստ տնտեսական միջոցների բաշխուածութեան հաւասարութեան չափանիշի՝ զարգացած ժողովրդավարական երկրներ կարող են համարուել Աւստրալիան (հարուստ է բնակչութեան 70 տոկոսը), Իտալիան (59.9 տոկոս), Անգլիան (57.5 տոկոս), Բելգիան (54 տոկոս), Ճապոնիան (53.9 տոկոս), Հոլանդիան (51 տոկոս), ԱՄՆը (39.4 տոկոս):

Ermenihaber.am

 


comments

Advertisement