Հայաստանը մտադիր չէ հրաժարուել նոր ատոմակայանի կառուցումից

By Asbarez | Saturday, 17 October 2015

1017atomic

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Հայաստանի ուժանիւթի եւ բնական պաշարներու նախարարութիւնը 16 Հոկտեմբերին հրապարակած է հաղորդագրութիւն մը՝ դիտել տալով, որ թէեւ Հայաստանի կառավարութիւնը կը պատրաստուի երկարաձգել Մեծամօրի հիւլէական կայանին մէջ գործող պլոկի շահագործման ժամկէտը, այնուհանդերձ ատիկա երբեք չի նշանակեր, որ Հայաստան կը հրաժարի նոր կայանի կառուցման մտադրութենէն։


<<Նոր ԱԷԿի կառուցման մասին Հայաստանը յայտարարեց տարիներ առաջ եւ այդ նախաձեռնութիւնը շարունակում է մնալ օրակարգում: Մէկընդմիշտ պէտք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի: Պարզապէս տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է:


Նախ՝ դրան խանգարեց Ֆուկուշիմայի վթարը, որից յետոյ ամբողջ աշխարհում փոխուեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ: Դրանից յետոյ գտնուեցին նոյնիսկ երկրներ, այդ թւում՝ նաեւ Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարուել ատոմային էներգիայի օգտագործումից: Թէեւ երկար ժամանակ չպահանջուեց հակառակում համոզուելու համար:


Ինչպէս նախկինում, այնպէս էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարուել էլեկտրաէներգիայի ամենաարդիւնաւէտ, որակեալ, յուսալի եւ էժան ռեսուրսներից մէկը: Հայաստանը եւս չի պատրաստւում հրաժարուել դրա օգտագործումից: Դեռեւս 2013թ. ՀՀ նախագահի կարգադրութեամբ հաստատուած է <<ՀՀ էներգետիկ անվտանգութեան ապահովման հայեցակարգը>>, իսկ կառավարութեան 2014թ.որոշմամբ՝ <<ՀՀ էներգետիկ անվտանգութեան ապահովման հայեցակարգի դրոյթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացոյցը>>: Այս երկու փաստաթղթերը ուղենշային են եւ անկախ ամէն ինչից, մինչեւ 2027թ. Հայաստանը պէտք է ունենայ նոր ատոմային բլոկ:


Պարզապէս ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկէտի երկարացումը ստեղծում է հնարաւորութիւններ մէկ անգամ եւս մանրակրկիտ դիտարկելու նոր ԱԷԿի կառուցման ծրագիրը: Դրա համար Հայաստանը երկու-երեք տարի ժամանակ ունի: Այդ ընթացքում կ՛ուսումնասիրուեն այն նոր տեխնոլոգիական լուծումները, որոնք առաջարկում է շուկան:


Ինչպէս յայտնի է, ի սկզբանէ նախատեսուած էր ունենալ մինչեւ 1000 մեգավատանոց բլոկ: Սակայն Հայաստանի էներգահամակարգի ռեժիմային գործօններով պայմանաւորուած՝ այժմ նպատակայարմար են համարւում աւելի փոքր հզօրութիւնները: Խօսքը մինչեւ 600 մեգավւատանոց հզօրութեամբ բլոկի մասին է: Ակնկալւում է, որ առաջիկայ տարիների ընթացքում կը լինեն նոր եւ աւելի արդիական տեխնոլոգիաներ՝ այդպիսի բլոկ կառուցելու համար>>, նշուած է հաղորդագրութեան մէջ:

 


comments

Advertisement