Վերջին եօթը տարիներուն ստեղծուած է Հայերէն 26 տառատեսակ

By Asbarez | Wednesday, 25 November 2015

 

1124gabouzian

 

ԵՐԵՒԱՆ, <<Փանորամա>> - <<Հայաստանի ազգային գրապալատ>>ի հայկական տառատեսակներու մշակման եւ պահպանման բաժինը վերջին եօթը տարիներուն ստեղծած է հայկական 26 տառատեսակ:


<<Փանորամա>>ի հետ ունեցած զրոյցին ընթացքին այս մասին յայտնած է <<Հայաստանի ազգային գրապալատ>>ի հայկական տառատեսակներու մշակման եւ պահպանման բաժինի վարիչ Էդիկ Ղաբուզեան՝ աւելցնելով, որ 26 տառատեսակներն ալ <<եունիքոտ>> համակարգին մէջ մշակուած են, կարելի է զանոնք օգտագործել որեւէ տպագրութեան եւ կայքի մէջ։

Էդիկ Ղաբուզեանի համաձայն՝ իրենք ունին յստակ առաջադրանք՝ տարեկան երեք տառատեսակ ստեղծել, սակայն իրենք աւելին ըրած են ու կ՛ընեն. <<Եօթ տարում 26 տառատեսակ ենք ստեղծել: Այս տարուայ ընթացքում էլ հինգ տառատեսակ ենք ստեղծել>>:

Ան դիտել տուած է, որ ամէնէն կիրարկելին GHEA Mariam եւ GHEA Grapalat տառատեսակներն են, որոնք ընդունուած են պետական համակարգին մէջ՝ որպէս պարտադիր տառատեսակներ:

<<Պետական համակարգում ցանկացած փաստաշրջանառութիւն արւում է այդ տառատեսակներով, գործածւում են նաեւ գեղարուեստական գրականութիւն տպելու համար, գովազդային պաստառների վրայ>>, բացատրած է Ղաբուզեան:

 

comments