Ապրիլ 24ը հչակուեց ոչ աշխատանքային օր Գլենդելում

By Asbarez | Wednesday, 16 March 2016

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0317glendale

 

ԳԼԵՆԴԵԼ - Ապրիլի 24ը Գլենդելի Միացեալ Կրթաշրջանի բոլոր դպրոցներում կը յայտարարուի որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օր, եւ կը լինի ոչ աշխատանքային: Այս որոշումն ամրագրուեց մարտի 15ին Գլենդելի Միացեալ Կրթաշրջանի կրթական խորհրդի հինգ անդամների քուէարկութեամբ ընդունուած համար 16 բանաձեւով:

<<Կրթական խորհուրդը խրախուսում է ուսուցիչներին` աշակերտներին ներկայացնելու այս օրուայ պատմական նշանակութիւնը հայ համայնքի եւ ողջ մարդկութեան համար>>, նշուած է բանաձեւում:

Յատկանշական է, որ սոյն օրէնքի ներքոյ ստորագրել են նաեւ Գլենդելի Ուսուցիչների Միութիւնը, Կալիֆորնիայի Դպրոցների Աշխատաւորական Միութեան Գլենդելի մասնաճիւղը եւ Գլենդելի Դպրոցների Կառավարող Միութիւնը:

<<Այս բանաձեւը պատմական նշանակութիւն ունի հայ համայնքի, եւ ընդհանրապէս ողջ հայութեան համար: Վերջին երեք տարիներին, ճիշտ է, Գլենդելի դպրոցները չէին գործում Ապրիլի 24ին, սակայն որեւէ տեղ չէր նշւում պատճառը: Այսօր, Գլենդելի կրթական խոշոր գերատեսչութիւնները միասնական կերպով կայացրին մնայուն որոշում, որ այսուհետ ամէն տարի բանակցութիւնների առարկայ չի դառնայ: Սա տեղի ունեցաւ Հայ Դատի յանձնախմբի, Կրթական խորհրդի անդամների եւ մեր համայնքի համատեղ ջանքերով: Ամիսներ առաջ մենք բանաձեւի առաջարկ ներկայացրեցինք Կրթական խորհրդի անդամներին, ու սկսեցինք բանակցել այն իրականութիւն դարձնելու ուղղութեամբ: Մեր աշխատանքին միացան բազմաթիւ ամերիկահայեր` բանաձեւի ընդունման  կարեւորութեան մասին նամակներ յղելով խորհրդի անդամներին, եւ այժմ բոլորս միասին արձանագրում ենք դրական արդիւնքը>>, նշեց Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղի ատենապետ Զարեհ Աճեմեանը:

Գլենդելի Միացեալ Կրթաշրջանի խորհրդի հայազգի անդամներն իրենց ամերիկացի գործընկերների հետ միասին ստեղծեցին նախադէպ, որ բնոյթով առաջինն է ողջ Միացեալ Նահանգներում, եւ օրինակ կը դառնայ  միւս կրթաշրջանների համար:

>>Շատ հպարտ ենք, որ Ապրիլի 24ը  դպրոցական օրացոյցում այսուհետ կը նշուի  որպէս յիշատակման օր, եւ մեր աշակերտները, ուսուցիչները, անձնակազմը եւ բոլոր ծնողները կը տեղեկանան, մեր  պատմութեան մասին, որը նաեւ համաշխարհային, եւ Ամերիկայի պատմութիւնն է: Ոչ աշխատանքային այդ օրը, նրանք հնարաւորութիւն կ’ունենան նաեւ մասնակցելու Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ձեռնարկների>>, իրենց խօսքում նշեցին Կրթական խորհրդի անդամներ  Գրեգ Գրիգորեանը ու Նայիրի Նահապետեանը: Արմինէ Կարապետեանն էլ տեղեկացրեց, որ բանաձեւի մշակումն ու քննարկումն անցել է ներդաշնակ միջավայրում, եւ ամերիկացի գործըկերներն էլ մասնակցել են գործընթացին: Կրթական խորհրդի անդամ Ջենիֆեր Ֆրիմանն անհրաժեշտ համարեց, որ հայոց պատմութեան այս էջը դպրոցներում մանրամասն ներկայացուի եւ նշեց, որ դա կարող են անել նաեւ հայ աշակերտները` պատմելով Ցեղասպանութիւնից փրկուած իրենց իսկ ընտանիքների պատմութիւնները: Բանաձեւը քուէարկութեան դնելուց առաջ Կրթական խորհրդի նախագահ Քրիտսին Ոուլթերզն էլ իր հերթին խօսեց Հայոց Ցեղասպանութեան մասին հանրամատչելի կերպով դպրոցներում ներկայացնելու մասին:

Գլենդելի Միացեալ Կրթաշրջանի Կրթական խորհրդի բաց նիստին ներկայ էին հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ, Հայ Դատի, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան երիտասարդ անդամներ, ովքեր խօսեցին բանաձեւի կարեւորութեան մասին, ներկայացրեցին իրենց ընտանիքների պատմութիւններից, եւ շնորհակալութիւն յայտնեցին խորհրդի անդամներին օրինագիծը օրակարգում ներառելու համար:

>>Շատ տարիներ է, որ աշխատում էինք այս բանաձեւն անցկացնելու համար, եւ վստահ եմ, որ Գլենդելի Կրթական Խորհրդի օրինակին կը հետեւեն նաեւ միւս քաղաքները>>, յայտնեց Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան Շրջանի տնօրէն Էլեն Ասատրեանը:

 



comments

Advertisement