<<Ադրբեջանի ղեկավարութիւնը կորցրել է իրականութեան զգացումը>> Էդուարդ Նալբանդեան

By Asbarez | Thursday, 24 March 2016

 

0324nalbandian1

 

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան 23 Մարտին այցելած է Ստեփանակերտ, ուր ընդունուած է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանի կողմէ:

Նախագահ Սահակեանն ու նախարար Նալբանդեանը հանգամանալից զրոյց ունեցած են Լեռնային Ղարաբաղի տագնապի խաղաղ լուծման գործընթացին շուրջ, անդրադարձած են այդ ուղղութեամբ Արցախի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահներուն կողմէ ձեռնարկուող ջանքերուն: Երկուստեք կարեւոր նկատուած են Հայաստանի եւ Արցախի արտաքին գործոց նախարարութիւններուն միջեւ աշխոյժ եւ համակարգուած աշխատանքը:

Էդուարդ Նալբանդեան նաեւ այցելած է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործոց նախարարութիւն, ուր հանդիպում ունեցած է Արցախի իր պաշտօնակիցին՝ Կարէն Միրզոյեանի հետ: Անդրադարձ կատարուած է Հայաստանի եւ Արցախի արտաքին գործոց նախարարութիւններուն միջեւ համագործակցութեան սերտացման, պարբերական խորհրդատուութիւններու կայացման, կրթական բնագաւառին մէջ փոխգործակցութեան: Նախարար Էդուարդ Նալբանդեան տեսակցած է նաեւ Արցախի արտաքին գործոց նախարարութեան ղեկավար կազմին հետ, քննարկուած են Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները:

Նոյն օրը Էդուարդ Նալբանդեան Արցախի պետական համալսարանին մէջ հանդիպում ունեցած է կառոյցի դասախօսական կազմին եւ ուսանողներուն հետ, պատասխանած է անոնց բազմաթիւ հարցումներուն: Արձագանգելով վերջին շրջանին Պաքուէն հնչող յայտարարութիւններուն՝ նախարար Նալբանդեան ըսած է. <<Ադրբեջանի ղեկավարութիւնը եռանախագահող երկրներին սադրիչ է անուանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադէպերի հետաքննութեան մեխանիզմ: Իրականում այդ քննադատութիւնն ուղղուած է ոչ միայն համանախագահներին, այլեւ առնուազն ԵԱՀԿում ներկայում եւ նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿին, Եւրամիութեանը, ընդհանրապէս բոլոր երկրներին եւ կառոյցներին, որոնք սատարել եւ սատարում են այդ առաջարկը: Ադրբեջանի ղեկավարութիւնը չի խորշում ընդունել, որ ինքն է կանգնած հրադադարի խախտումների եւ իրավիճակի սրման յետեւում: Նոյնիսկ հպարտանում է դրանով: Մի կողմ թողնենք, թէ արդեօք Բաքուն իրապէս կարծում է, որ այդտեղ հպարտանալու բան կայ, թէ դա ընդամէնը ներքին սպառման քարոզչական հնարք է, մէկ անգամ եւս պէտք է փաստել, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը կորցրել է իրականութեան զգացումը: Եւ սա վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Նա պնդում է, թէ, ոչ աւել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապէս ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրաւունքների առումով ամենապաշտպանուած երկիրն է աշխարհում, որը օրինակ կարող է հանդիսանալ այլ պետութիւնների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպութիւններ, մարդու իրաւունքներով զբաղուող միջազգային կառոյցներ հակառակն են ասում: Ծուռ հայելիների թագաւորութիւն է ստեղծուած այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մէջ, հրճւում են իրենք իրենցով եւ կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում>>, հաստատած է Հայաստանի արտաքին գործոց նախարարը։

 


 


comments