<<Զիջումները չեն կարող լինել միակողմանի>> Աշոտ Ղուլեան

By Asbarez | Wednesday, 13 April 2016

0413Ghoulyan

ԵՐԵՒԱՆ, <<Ազատութիւն>> - Լեռայնին Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան <<Ազատութեան>> լրագրող Յովհաննէս Մովսիսեանի հետ ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնած է, զիջումները չեն կր-նար միակողմանի ըլլալ: <<Դա չի կարող լինել միակողմանի ճանապարհ: Ինքնապաշտպանութեան հանգամանքը, տարածաշրջանում մեր ձեռքբերումները պահելու, յաջողութիւնները ամրապնդելու այս հրամայականը մեզ յուշում է, որ մենք չենք կարող մեզ թոյլ տալ, որպէսզի մենք խօսենք ինչ-որ կարգի զիջումներից՝ ունենալով այդ մշտական սպառնալիքը>>, ըսած է ան:

<<Այս իմաստով, այս ժամանակահատուածում, ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործողութիւնները թողում են հակառակ էֆեկտը՝ քանի Ադրբեջանը ցոյց է տալիս ապակառուցողական՝ իրավիճակը սրելու քաղաքականութիւն, ես կարծում եմ, որ ոչ միայն Ղարաբաղից, այլեւ ընդհանուր հայկական իրականութեան մէջ դիրքորոշումը ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման առումով աւելի է կարծրանում եւ ուրիշ կերպ դա չի կարող լինել>>, նշած է Ղուլեան:

Ղուլեան կասկած յայտնած է այն մասին, որ Ատրպէյճան հաւատարիմ մնայ նոյնիսկ բանակցութիւններուն լոյսին տակ իր ստանձնած պարտականութիւններուն։ <<Եթէ մենք պատկերացնում ենք, որ Ադրբեջանի հետ բանակցութիւնների միջոցով պէտք է գանք ինչ-որ մի արդիւնքի, որովհետեւ, ամէն դէպքում, դա կարող է լինել միայն բանակցութիւնների արդիւնք, ապա շատ կասկածելի է, որ Ադրբեջանը ինչպէս այս դէպքում, այնպէս էլ բոլոր միւս դէպքերում, հաւատարիմ կը լինի իր ստանձնած պարտականութիւններին՝ նրանք նոյն կարգաւորումը պատկերացնում են միայն իրենց ուզածի պէս, այսինքն, եթէ դա այդպէս չէ, ուրեմն հակուած են ամէն ինչ խախտելու>>, հաստատած է Ղուլեան՝ ընդգծելով, որ Ղարաբաղի ակնկալութիւնները այլ են:

<<Մեր ազդանշանները, որ մենք ամէն անգամ տալիս ենք, որ Ադրբեջանը պատրաստւում է պատերազմի, եթէ նոյնիսկ դա բացայայտ այդպէս չէր ներկայացւում, ապա միանշանակ էր, որ Ադրբեջանն իր պատրաստուածութեամբ, ներքին քաղաքականութեան մէջ հայատեացութեան չափաբաժիններն աւելացնելով, սպառազինութիւնների աւելացմամբ, միջազգային կառոյցներին խաբելու, միջազգային կառոյցներին ապակողմնորոշելու իր այս քաղաքականութեամբ պարզ է, որ պատրաստւում էր մի ինչ-որ իրավիճակում, երբ որ դա յարմար լինի, ձեռնարկելու քայլեր, որոնք մօտաւորապէս պէտք է լինէին այնպիսին, ինչպէս Ապրիլի 2ին են դրանք ծաւալել, եւ հետեւաբար այսօր գուցէ հէնց պահն է եւ այդ փորձութիւնը աւելի ճիշդ նպատակային օգտագործելու համար հէնց դա է մեզ այսօր պէտք, որպէսզի նոյն միջազգային կառոյցների հետ մեր յարաբերութիւնները կառուցելիս մենք անպայման այս խնդիրների վրայ կոնկրէտ շեշտադրումներ անենք, որ մեր սպասելիքները ուրիշ են>>, ըսած է Աշոտ Ղուլեան։

 

 

 


comments