By Asbarez | Tuesday, 26 April 2016

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆԻ ՀԵՏ
ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած <<Ընդդէմ ցեղասպանութիւն յանցագործութեան>> գլոբալ ֆորումը եւ <<Աւրորա>> մրցանակաբաշխութիւնը միայն դրական պէտք է դիտարկել, քանի որ Հայաստանը պէտք է դառնայ ցեղասպանութիւնների դէմ պայքարի կենտրոն:
<<Ֆորումի մասնակիցները եւ ելոյթները վկայում են այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ այդպիսին, իսկ <<Աւրորա>> մրցանակաբաշխութիւնը, որպէս առաջին միջոցառում, բաւականին յաջողուած էր: Ճիշդ է, անցեալ տարուայ լուրերի քանակը, որ միջազգային լրատուամիջոցներում կային, այս տարի չկան, բայց դա բնական է: Այս երկու միջոցառումների մասնակիցներին նկատի ունենալով՝ բաւական լայն արձագանգ եղաւ: Ցանկալի է, որ այս երկու միջոցառումները շարունակուեն եւ դառնան աւանդական>>, ասաց Մանոյեանը:
Դիտարկմանը, թէ այն, որ Հայկական Հարցը պէտք է դուրս բերուի միջազգային հարթակ, եւ կարո՞ղ ենք ասել, որ մեզ յաջողուել է դա անել, նա պատասխանեց. <<Եթէ նոյնիսկ դեռ չի յաջողուել, այդ ճանապարհին ենք: Առանց իր էութիւնից դատարկելու Հայկական Հարցը կամ Հայ Դատը՝ պէտք է ցոյց տանք, որ Հայաստանը միայն իր հարցերով չէ շահագրգռուած, այլ՝ համամարդկային խնդիրներով, այս պարագայում՝ ցեղասպանութիւնների դէմ պայքարով: Վերջին տարիների մեր դիւանագիտութիւնը, կարծում եմ, ճիշդ պատգամ է փոխանցում միջազգային հանրութեանը>>:
Ի դէպ, Մանոյեանը յոյս յայտնեց, որ առաջիկայում Գերմանիան կը միանայ այն պետութիւններին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը:
<<Բունդեսթագի՝ 2005 թուականին ընդունած բանաձեւը բաւական լաւն է իրականում, եւ յուսով եմ, որ այս տարի Յունիսին կայանալիք քննարկումների ընթացքում ճիշդ որոշում կ՛որդեգրուի: Իսկ Օբամայի մասին էլ ասեմ, որ ափսոս էր, որ նա իր ուղերձը ճիշդ չօգտագործեց: Ինչ որ տեղ նաեւ վարկաբեկիչ էր նրա համար, որ վկայաբերում էր ուրիշին՝ Օբամա քաղաքացու ասածները, բայց իրականում չի ասում <<ցեղասպանութիւն>> բառը: Թէ ինչո՛ւ չի ասում, չեմ հասկանում, որովհետեւ Թուրքիան էլի դժգոհեց, էլի բողոքեց, բայց տարին չի վերջացել, եւ Օբաման կարող է իր խոստումը կատարել>>, ասաց նա:
Մանոյեանի խօսքով՝ մենք հատուցման վրայ ենք աւելի շատ կենտրոնանում, եւ արդէն այդ ուղղութեամբ որոշակի աշխատանքներ կատարուել են, եւ անհրաժեշտ է նոր թափ տալ այդ ամէնին:
<<Արդէն երրորդ տարին է, որ Թուրքիայի ղեկավարութիւնը ինչ որ ուղերձ է հրապարակում, որը նոյն ժխտողական քաղաքականութիւնն է պարունակում. ցաւակցում է հայ մահացածների հարազատներին այնպէս, ասես բնական մահով են մահացել կամ աղէտի հետեւանքով: Անտեսւում է իրենց պետութեան կողմից ոճրագործութեան իրականացման փաստը>>, ասաց Մանոյեանը, ապա խօսեց թուրքերի եւ հայերի համատեղ ապրելու մշակոյթի մասին. <<Այդ մասին խօսելով՝ անտեսում են այն, ինչ իրենց պետութիւնը հայութեան դէմ գործադրել է: Այս բոլորը նրանք անտեսում են եւ փորձում ցոյց տալ վարդագոյնի մէջ>>:
Մանոյեանը նշեց նաեւ, որ պէտք չէ զարմանալ, որ պետութիւններն իրենց ազգային շահերն են պաշտպանում: <<Սուրբ չեն պետութիւնները, բա ո՞ւմ շահերը հետապնդեն: Մենք էլ մեր շահերը պէտք է հետապնդենք: Սա չի նշանակում, որ շահերի համընկնում չի կարող լինել>>, ասաց նա, ապա յաւելեց, որ հատուցման խնդիրը չի ենթադրում ընթանալ այնպէս, ինչպէս ճանաչման խնդիրն է՝ խորհրդարաններ եւ այլն: <<Երբ խօսում ենք հատուցման մասին, անպայման չէ, որ դատական ու իրաւական գործեր յարուցուեն: Հասարակական կարծիքի վրայ աւելի շատ պէտք է աշխատել>>, ընդգծեց ՀՅԴական գործիչը:
Նա անդրադարձաւ նաեւ Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամաւոր Կարօ Փայլանի ելոյթին եւ ասաց, որ ողջունելի փաստ է այդ ելոյթը, սակայն, մտահոգութիւն յայտնեց Կարօ Փայլանի անվտանգութեան վերաբերեալ: <<Նրա անվտանգութեան համար մտահոգուած ենք, չգիտեմ՝ ինչ տեղի կ՛ունենայ, բայց սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի հայ համայնքում կայ մի հատուած, որ կարող է իր իրաւունքները պաշտպանել>>, եզրափակեց Կիրօ Մանոյեանը:
ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի ելոյթներից պարզ է դառնում, որ բանակցային գործընթացը յետ ընկաւ, ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը. <<Ադրբեջանը ձախողուեց ռազմաճակատում, բայց այն, որ ուզում էր՝ բանակցութիւնները տապալուեն, յաջողուեց: Ադրբեջանն ուզում է ասել, որ 94 թուականի պայմանագիրը չէ ուժի մէջ, այլ նոր՝ բանաւոր ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը: Ադրբեջանը փորձում է կռիւներից յետոյ ԼՂՀին դուրս մղել բանակցութիւններից:
Երկրորդ կարեւոր հարցն այն է, որ ադրբեջանցիները դժգոհ են բանակցային գործընթացից: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը նա մշտապէս այլ կերպ է մեկնաբանում՝ փորձելով այս կռիւներով տապալել բանակցութիւնները: Ադրբեջանը պէտք է բաւարարուած զգայ, որ յաջողել է բանակցութիւններից հեռացման հարցում>>, ասաց Մանոյեանը եւ յաւելեց, որ խաղաղ կարգաւորում կարող է լինել նաեւ այն դէպքում, երբ միջազգային հանրութիւնը ասի, որ ճանաչում է ԼՂՀ անկախութիւնը:
<<Վաղը, մէկ ամսից կամ էլ մօտ ապագայում բանակցութիւններ չեն կարող տեղի ունենալ: Դա նրանից չէ, որ մենք վատ դիւանագիտութիւն ենք վարել: Եթէ մենք այս պարագայում էլ ճիշդ քաղաքականութիւն վարենք, այս ամէնը դուրս կը գայ Ադրբեջանի դէմ>>, նշեց Մանոյեանը:
Նա նշեց նաեւ՝ երբ 2006 թուականին մշակւում էր ԼՂՀի Սահմանադրութիւնը, ՀՅԴն առաջարկեց, որ ԼՂՀի սահմաններն առաւել մեծ տարածքներ ընդգրկեն: <<Այսինքն՝ այն տարածքները, որոնք Ադրբեջանի կողմից գրաւուած են, դա էլ ներառուի, խօսքը Շահումեանի եւ այլ շրջանների մասին է: Այդ կէտը, սակայն, չներառուեց ԼՂՀ Սահմանադրութեան մէջ>>, ասաց Մանոյեանը:
Նա յաւելեց, որ մեր պաշտպանութեան նախարարն էլ յայտարարել է, որ տարածքների յանձնման մասին խօսք չկայ:
<<Կարծում եմ՝ մեր յարաբերութիւնները ՌԴի հետ պէտք է լինեն ինստիտուցիոնալ (սահմանակարգային-Խմբ.) մակարդակով, այլ ոչ թէ ղեկավար անհատների միջեւ: Ինչքան մեր շահերից է բխում ռազմավարական գործընկերներ լինելը, նոյնքան էլ՝ հակառակը: Մենք պէտք է վարուենք այնպէս, որ Ռուսաստանը ստիպուած լինի իր պարտականութիւնները կատարել>>, ասաց Մանոյեանը:
Մանոյեանը նաեւ յաւելեց. <<Ապրիլի սկզբին չորսօրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանը բաւական շատ օգտագործեց նաեւ այն զինատեսակները, որոնք գնել էր Ռուսաստանից: Կարծում եմ, այստեղ նոյնպէս անելիք ունենք>>:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ