Հայկական կողմերն ունեն մի քանի նախապայմաններ

By ARF | Tuesday, 03 May 2016

 

Հարցազրույց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ

-Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը, ասել է, թե ՌԴ առաջարկները հետաքրքրում են իրենց, մասնավորաբար առաջարկվող փուլային կարգավորումը: Այս պահին ի՞նչ հասկանալ <<փուլային կարգավորում>> ասելով, եւ արդյոք այս հայտարարությունը փակագծեր չի՞ բացում ռուսական լրատվամիջոցներով շրջանառված <<լավրովյան պլանի>> մասին:

-Ի՞նչ ասել է <<լավրովյան պլան>>, ո՞ր պաշտոնական գերատեսչությամբ այն շրջանառվեց: Արդյոք լրագրողական շրջանակների ստեղծածը չէ՞ այն: Հիշենք՝ ինչ եղավ, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը եկավ Հայաստան։ Նրա այցի ժամանակ ամենից կարեւոր հղումն այս էր, որ 1994-ի մայիս 12-ին ընդունված զինադադարի պայմանագիրն այժմեական է ու գործում է, իսկ Ադրբեջանի` ՄԱԿ եւ ԵԱՀԿ ներկայացրած գրավոր դիմումը այդ ձեւաչափից դուրս գալու մասին անընդունելի է:

Ուրեմն, ի՞նչ է ներկայացնում <<լավրովյան պլան>> ասվածը, կամ ի՞նչ է նշանակում Մամեդյարովի <<փուլային լուծումը>>` ո՛չ ծանոթ եմ, ո՛չ ուզում եմ ծանոթ լինել, ո՛չ էլ առավել եւս ընդունել դրանք:

Փոխարենը կասեմ մեր ներկայիս տեսակետը. բանակցային գործընթացը վերսկսելու պարագայում ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային գործընթացի կողմ: Ապրիլի 2-ից հետո ստեղծվել է ռազմաքաղաքական մի նոր իրավիճակ, որը չի կարելի նույնացնել մինչեւ ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածի հետ: Հետեւաբար մենք պետք է նոր ձեւաչափով մտնենք բանակցային գործընթացի մեջ:

-Ի դեպ, ԱԳ փոխնախարար Շ.Քոչարյանը, ի պատասխան մամեդյարովյան հայտարարության, ասել էր. <<Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է ԼՂՀ անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու ԼՂՀ հետ` սահմանների հստակեցման շուրջ>>։ Սա նո՞ւյնպես պետք է համարել հայկական կողմի հստակ նախապայման:

-Այո: Սա համարում եմ շատ կարեւոր մոտեցում եւ սկզբունք:

Ասվածին նաեւ կհավելեմ հետեւյալը. երբ ասացի, որ նոր ձեւաչափով պետք է մտնել բանակցային գործընթացի մեջ, նկատի ունեմ ԼՂՀ լիարժեք մասնակցությունը: Բացի դրանից, մենք բանակցային գործընթացում ներգրավվելու այլ նոր մոտեցումներ ու նոր սկզբունքներ եւս ունենք, որոնք անպայմանորեն որպես առաջարկներ պետք է մեջտեղ բերենք: Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստ չէ խաղաղ բանակցային գործընթացին ու իր հայտարարություններին համահունչ փորձում եւ փորձելու է հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Բանակցային գործընթացին վերադառնալու համար հայկական կողմերն ունեն մի քանի նախապայմաններ: Դրանցից մեկն էլ այն է, որ պետք է մեջտեղ գա նոր փաստաթուղթ` բոլորովին նոր ձեւակերպումներով: Հայկական կողմների այս նախապայմաններն անպայմանորեն պետք է հարգվեն:

-Ադրբեջանը, որ մշտապես բանակցությունները ձախողող կողմ է, արդեն ակտիվորեն խոսում է դրանց վերսկսման օգտին։ Ինչպե՞ս հասկանալ ադրբեջանական կողմի ոճի նման փոփոխությունը: Գուցե Հայաստանի կարծր դիրքորոշման հետեւա՞նք է սա:

-Կարելի է նաեւ այդպես ենթադրել: Բայց կարծում եմ, որ այստեղ շատ ավելի գործ ունենք ադրբեջանական հայտնի հնարքի հետ: Չեմ ուզում հավատալ նրանց հայտարարություններին, որովհետեւ տեսնում ենք Ադրբեջանի քարոզչական եւ դիվանագիտական կեղծարարությունը: Հիշենք, թե ապրիլի 2-ի դեպքերն ինչպես ներկայացրին. ամբողջությամբ կեղծված էր, ասում էին՝ իբր թե ղարաբաղյան կողմից է եղել հարձակումը։

Այսինքն՝ Ադրբեջանն ունի իրականությունը կեղծելու, ապատեղեկատվություն տարածելու քաղաքական մշակույթ, ու դրանում վարժված է: Եվ այսօր էլ, նման հայտարարություն անելով, ուզում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ խնդրով շահագրգիռ կողմերին: Ադրբեջանի ներկայիս ձեռագիրն ու ոճը նորություն չեն, այն չի տարբերվում անցած տասնամյակների գործելաոճից:

-Ադրբեջանի ԱԳՆ-ն կազմակերպեց BBC, Reuters, Bloomberg, թուրքական Anadolu, ռուսական ու իսրայելական լրատվամիջոցների 45 հոգանոց խմբի այց Բարդա, Աղդամ, Աղջաբեդիի շրջաններ, որպեսզի ցույց տա հայկական կողմի հրետակոծություններից տուժած բնակավայրերը:

-Այն, որ Ադրբեջանը տեղակատվական դաշտում մեծ գումարներ է ծախսում եւ մեծ ջանքեր գործադրում` նորություն չէ: Այն, որ ապրիլի 2-ի ռազմական գործողություններին զուգընթաց Ադրբեջանը պատրաստվել էր նաեւ տեղեկատվական դաշտի ագրեսիային, դա էլ փաստ է:
Բայց կարծում եմ, որ հայկական քարոզչամեքենան կարողացավ դիմակայել ու տալ տեղեկատվական հակահարված: Այն տեսակետին չեմ, որ այս օրերին չենք կարողացել տեղեկատվական դաշտում հաջողել: Ի վերջո, հիշենք SNN-ի ռեպորտաժը, երբ նույն հարթության վրա ներկայացվեցին Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները:

Այո, փաստ է, որ BBC-ն, Reuters-ը ապրիլի 2-ին, 3-ին հիմնականում հենվում էին Ադրբեջանի տեղեկատվական դաշտի վրա: Բայց տարբեր երկրների` իտալական, ֆրանսիական, ռուսական լրագրողական խմբեր, նաեւ արաբական աշխարհից, այդ թվում՝ <<Ալ Ջազիրան>>, այցելեցին Արցախ: Եվ ներկայացվեց իրական տեղեկատվություն:

Այն, որ Ադրբեջանը 45 հոգանոց լրագրողների խումբ է բերել, կնշանակի առաջիկա օրերին նորից փորձելու է տեղեկատվական հեղեղ ուղղել միջազգային հանրությանը: Այստեղ լուրջ անելիք ունենք: Կարծում եմ, կկարողանանք այս նոր տեղեկատվական ալիքին եւս դիմակայել, քանի որ ունենք խոսուն փաստեր, նյութեր միջազգային հանրությանը ներկայացնելու:

Իրականում բոլորը լավ էլ գիտեն, թե ով, ինչպես սկսեց այս պատերազմը: Չնայած սրան, մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ հասնելու նրան, որ Ադրբեջանը ճանաչվի որպես ագրեսոր պետություն:

Ողջունելի է Հայաստանի պաշտոնական շրջանակների՝ վերջին օրերին որդեգրած կոշտ դիրքորոշումը, եւ հենց այդ բարձրությունից պետք է հետայսու վերաբերվենք հարցին:

 


comments