By Asbarez | Wednesday, 11 May 2016
<<ԹԵՐԹ>>Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱԺ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆԻ ՀԵՏ
Քանի որ Ադրբեջանը գնաց լայնածաւալ ագրեսիայի, ակնյայտ է, որ այս պայմաններում բանակցելն ուղղակի անհնար է: Tert.am-ի հետ զրոյցում այս մասին ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանը: Վերջինս նշեց, որ քանի դեռ չկայ երաշխիք, որ Ադրբեջանը չի փոխել իր մտածողութիւնը, որ պէտք է զէնքի ուժով լուծել ԼՂ հարցը, Հայաստանը փոխզիջումների մասին չի խօսելու:
<<ԹԵՐԹ>> - Կառավարութիւնը հաւանութեան արժանացրեց ԼՂ անկախութիւնը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջեանի ու Հրանդ Բագրատեանի օրինագծի ԱԳՆ եզրակացութիւնը: Մի քանի անգամ Զարուհի Փոստանջեանը ներկայացրել էր օրինագիծը, ստացել մերժում: Ինչո՞ւ այս անգամ եզրակացութիւնը հաւանութեան արժանացաւ:
ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ -Մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ. Ադրբեջանը տապալել է խաղաղ բանակցային եղանակով խնդիրը կարգաւորելու բոլոր հնարաւորութիւնները՝ ունենալով եռակողմ համաձայնագրեր հրադադարի վերաբերեալ՝ իբրեւ միջազգային իրաւունքի պարտաւորութիւն: Բացի այդ, վերջին տարիներին Ադրբեջանը փորձ է արել սպառազինուելով, հայատեացութիւն ու թշնամանք հրահրելով՝ պատրաստուել ԼՂն զէնքի ուժով գրաւելու քաղաքականութեանը: Բոլորս գիտակցում էինք, որ այս ամենաթողութիւնը, երբ յստակ գնահատականներ չեն տրւում Ղարաբաղի քաղաքականութեանը, մի օր կը յանգեցնի նոր ագրեսիայի: Կրկնուեց այն, ինչ եղել էր 90ականներին, ու ակնյայտ դարձաւ, որ Ադրբեջանը մտադրութիւն չունի բանակցային եղանակով կարգաւորելու հարցը: Իսկ Հայաստանը՝ որպէս ԼՂ անվտանգութեան երաշխաւոր, յայտարարել է, որ եթէ Ադրբեջանը փորձի զէնքի ուժով տեղահանել Ղարաբաղի ժողովրդին կամ բնաջնջել, մենք կը պարտաւորուենք համապատասխան քայլեր ձեռնարկել:
Կառավարութիւնն այսօր ընդամէնը դրական պատասխան է տուել օրինագծի եզրակացութեանը, իսկ սա նշանակում է մէկ բան, որ եթէ Ադրբեջանը փորձի ռազմական գործողութիւններ սկսել, Հայաստանին այլ բան չի մնայ, քան ճանաչել Ղարաբաղը ու արժանի հակահարուած տալ: Սա նաեւ ազդանշան է միջազգային հանրութեանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ այլեւս անցեալում են ժանամակները, երբ երկու կողմերի միջեւ կարելի էր հաւասարութեան նշան դնել, ընդհանրական կոչերով հրադադար պահանջել: Ակնյայտ է մէկ բան. պէտք է միջազգային հանրութիւնը ձեռնարկի կոնկրետ, յստակ քայլեր, ստեղծի երաշխիքներ, որ հրադադարը կը պահպանուի: Այն հրադադարը, որի տակ ստորագրել է Ադրբեջանը:
<<ԹԵՐԹ>> - Այսինքն՝ կարծում էք, որ մինչեւ միջազգային հանրութիւնը հասցէական յայտարարութիւններ չհնչեցնի, չհանի հաւասարութեան նշանը կողմերի միջեւ, բանակցութիւնները չե՞ն վերսկսուի:
ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ - Ոչ միայն հասցէական յայտարարութիւններ պէտք է արուեն, այլեւ՝ սահմանի ողջ երկայնքով տեղադրուեն հետաքննութեան մեխանիզմները, որպէսզի հնարաւոր լինի պարզել՝ ով է խախտել, որ ժամին, որտեղ, որ դրան տրուի գնահատական: Նաեւ պէտք է դիտորդական մեխանիզմ ստեղծել, որ հրադադարը պահպանուի, որ ուժի կիրառում չլինի: Կայ երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականութիւն, ժողովուրդների ինքնորոշման իրաւունք, ուժի, սպառնալիքի կիրառութեան բացառում: Հիմնական խնդիրը՝ ուժի բացառումն է: Քանի որ Ադրբեջանը գնաց լայնածաւալ ագրեսիայի, ակնյայտ է, որ այս պայմաններում բանակցելն ուղղակի անհնար է: Այս փաթեթը պէտք է ամբողջութեամբ գործի, որ վստահ լինենք՝ կայ խաղաղութիւն, կայ հրադադար, որեւէ մէկը չի յարձակուի: Ցաւօք, Ադրբեջանը պատրաստ չէ դրան, ցաւօք, Ադրբեջանը մերժել է միջազգային հանրութեան կողմից արուած տրամաբանական բոլոր առաջարկները: Ցաւօք, Ադրբեջանը 20 եւ աւելի տարիներ իր հանրութեանը պատրաստել է պատերազմի, Ալիեւը շարունակ խօսել է այն մասին, որ Հայաստանը թոյլ է, տնտեսութիւն չկայ, քայքայուած է, որ մենք հզօր ենք, գերհզօր ենք, կարող ենք խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, բայց եկաւ՝ քթին ստացաւ, որեւէ յաջողութիւն չունեցաւ: Տեղի ունեցաւ մի կարեւոր բան. Ադրբեջանի սերունդը, որը տեղեակ չէր 90ականների պատերազմից, հասկացաւ, որ ալիեւեան քարոզչութիւնը սին էր, դատարկ: Մարդիկ սկսելու են մտածել՝ մեզ ասում էին, որ կէս ժամում կը յաղթենք, կը մտնենք Ստեփանակերտ, ի՞նչ է կատարւում: Պատահական չէ, որ ագրեսիայից յետոյ Ադրբեջանը ինքը դիմեց Մոսկուային՝ հրադադարի խնդրանքով:
<<ԹԵՐԹ>> - Կարծիքներ կան, որ 25 տարուայ թեզերը, որոնք գոյութիւն են ունեցել հակամարտութեան կարգաւորման հարցում, զրոյացել են, ու անհրաժեշտ է բանակցութիւններին նոր թափ հաղորդել: Համաձա՞յն էք:
ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ - Այն, որ մենք հակամարտութեան կարգաւորման առումով առաջընթաց չունենք, ակնյայտ է: Բայց մեղադրել Մինսկի խմբին, սխալ է, որովհետեւ ՄԽն միջնորդ է, որոշում չի կայացնում, առաջարկում է կողմերին: Եթէ կողմերից մէկը մերժում է բոլոր առաջարկները, պատրաստւում է պատերազմի, սա ՄԽի մեղքը չէ: Ադրբեջանը պնդում է, որ Մինսկի խմբի ձեւաչափը չի աշխատում, որովհետեւ փորձում է հարցը տեղափոխել այլ հարթութիւն, օրինակ՝ ՄԱԿ, որտեղ իսլամական պետութիւնների աւելի մեծ թուաքանակ կայ: Միակ ձեւաչափը, սակայն, մնում է Մինսկի խումբը: Այո, Մինսկի խումբը պէտք է աշխատի, բայց պարտադրելով ընդունել հրադադարի պահպանման մեխանիզմը:
Այո, իրավիճակ է փոխուել, այն, ինչ քննարկուել է տարիներ շարունակ, նոյնը չի լինի, քանի որ Ադրբեջանը խախտել է բոլոր պայմանաւորուածութիւնները, իսլամական պետութեան ոճով յանցագործութիւններ է կատարել:
<<ԹԵՐԹ>> - Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է եղել 2011թ.ին հինգ տարածքները զիջել՝ ԼՂ կարգավիճակի դիմաց: Սակայն դա մերժուեց Ադրբեջանի կողմից: Երբ կողմերն առանցքային հարցում համաձայնութեան չեն գալիս, ի՞նչ ակնկալիք կարող է լինել բանակցութիւններից:
ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ - Այս տարիների ընթացքում բազմաթիւ առաջարկութիւններ են եղել, բազմաթիւ կանխադրոյթներ, նախնական տարբերակներ: Հայաստանը վերջին տարիներին այդ առաջարկների հետ կապուած յայտարարել է, որ պատրաստ է դրանք բանակցութիւնների հիմք ընդունել: Դա չի նշանակում, որ այդ պայմաններն ընդունելի են եղել: Ամէն դէպքում, որպէս հիմք մենք ընդունել ենք, իսկ Ադրբեջանը՝ մերժել է: Այո, կայ լրջագոյն խնդիր, բայց այն կարող է քննարկուել, երբ կայ վստահութիւն, որ հրադադարը պահպանուելու է: Եթէ Ադրբեջանը հրաժարուի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելուց, ապա վստահ եմ, որ բանակցութիւնները քայլ առ քայլ առաջ կը գնան: Գուցէ երկար ժամանակ կը պահանջուի դրա համար, բայց դա կը լինի: Պարզ է մէկ բան՝ ԼՂն այլեւս երբեք որեւէ կարգավիճակով չի կարող մաս կազմել Ադրբեջանին: Սա Ադրբեջանում պէտք է գիտակցեն:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ