By Asbarez | Tuesday, 17 May 2016
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Երբ Սերժ Սարգսեանը Ապրիլի 2ին խօսում էր Արցախում 18 զոհի եւ 35 վիրաւորի մասին, շատերը չհաւատացին: Ես էլ չհաւատացի: Սարգսեանի ելոյթից որոշ ժամանակ անց Ստեփանակերտում ունէի տեղեկութիւն, որ հայկական կողմի կորուստները՝ զինուորական, քաղաքացիական, 104 է: Այդ տեղեկութիւնը, համոզուած էի, որ ճշմարտութիւնն է կամ՝ շատ մօտ է ճշմարտութեանը: Սակայն դրա մասին չգրեցի ո՛չ իմ յօդուածներում, ո՛չ <<Սիւիլնե>>չով հեռարձակուած ռեպորտաժներում, ո՛չ էլ հարցազրոյցներում:
Կամուկացի ու ինքս իմ հետ կռուի մէջ էի:
Լրագրող Թաթուլ Յակոբեանը պարտւում էր (ես ուղն ու ծուծով լրագրող եմ, անբուժելի հիւանդ՝ լրագրութեամբ) Հայաստանի քաղաքացի Թաթուլ Յակոբեանին, որի հայրական տունը սահմանի վրայ է, որի հարազատները ծառայում են հայկական բանակում, ով գիտակցում էր, որ իր տուած լուրը կարող է խուճապ առաջացնել հանրութեան շրջանում, անասելի տառապանք պատճառել բոլոր մայրերին, որոնց որդիները այդ պահին կանգնած էին առաջին գծում եւ նրանցից լուրեր չունէին, որի հաղորդած տեղեկատուութիւնը, ի վերջոյ, կարող էր անուղղակի օգտակար լինել ադրբեջանական կողմի համար:
Հասկանո՞ւմ էք կոնտրաստը. Սերժ Սարգսեանը խօսում է 18 զոհի մասին, իսկ ինչ որ մի լրագրող՝ 104ի:
Յետագայ օրերին հաղորդուեցին հայկական նորանոր զոհերի մասին: Բայց դրանք հիմնականում Ապրիլ 1-2ի գիշերուայ եւ դրան յաջորդած մարտերի զոհերն էին:
Իմ տեղեկութիւններով, որոնք պաշտօնական չեն եւ կարող են իրականութիւնն ամբողջովին չարտայայտել, Ապրիլի 1ից մինչեւ այսօր հայկական կողմի զոհերի թիւը՝ զինուորական եւ քաղաքացիական, 120ի մօտ է:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՄ ԴԻՐՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Ապրիլեան պատերազմի օրերին Արցախեան կողմը ունեցաւ նաեւ տարածքային կորուստներ: Քանի որ իշխանութիւնները շարունակում են ոչ ամբողջական պատկերը ներկայացնել, իսկ ընդդիմութիւնը կամ իշխանութիւնների հանդէպ հաւատը կորցրած մարդիկ (Հայաստանի բնակչութեան մեծամասնութիւնը) չեն վստահում եւ յաճախ ուռճացնում են, որոշեցի տալ այն տեղեկատուութիւնը, որ ես ունեմ տարածքային կամ դիրքային կորուստների մասին:
Այդ տեղեկատուութիւնը ունեցել եմ Ապրիլեան պատերազմի օրերին, սակայն ամբողջական չեմ ներկայացրել՝ հաշուի առնելով բազմաթիւ գործօններ, այդ թւում՝ անվտանգութիւնը:
Այս հարցում էլ լրագրող Թաթուլ Յակոբեանը գիտակցաբար պար-տուել է Հայաստանի քաղաքացի Թաթուլ Յակոբեանին:
Հիմա ես կը տամ իմ ունեցած տեղեկատուութիւնը տարածքային եւ դիրքային կորուստների մասին, վստահ լինելով, որ դրանից որեւէ մէկը, բացի գուցէ Սերժ Սարգսեանի հանրապետական ռեժիմի, չեն տուժելու (վստահ եղէք՝ Սերժ Սարգսեանն ու հանրապետականը, մեծ հաշուով, եւս չեն տուժի, քանի որ հայ ժողովրդի քուէն ու վստահութիւնը չունեն):
Հարաւային ուղղութեամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելէ թեփէ բարձունքի շրջանում, Արցախեան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք: Ես յատուկ չեմ նշում կորցրած տարածքի երկարութիւնն ու խորքը՝ ելնելով անվտանգութեան նկատառումներից:
Միայն կարող եմ ասել, որ դա մեծ տարածք չէ: Դա կազմում է Ֆիզուլու շրջանի տարածքի հազարերորդական մասերից մէկը: Ընդամէնը: Գուցէ այդ բարձունքը, որի վրայ ծածանւում է ադրբեջանական դրօշակը, կարեւոր է, բայց այդ տարածքը եւ բարձունքը հետ բերելու համար ԱՐԳԵԼՈՒԱԾ է անգամ մէկ զոհը: Սա ի՛մ ընկալումն է:
Հիւսիսային ուղղութեամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու), Արցախեան բանակը Ապրիլ 1-2ի գիշերը կորցրեց տասնեակ ռազմական յենակէտեր, իսկ առաջին գիծը, ինչպէս հարաւային ուղղութեամբ, գրաւուեց հակառակորդի կողմից:
Հայ զինուորները՝ 18-20 տարեկան տղաները, սպաները՝ գլուխ խոնարհէք ընկածների ու ողջերի առաջ, կարողացան հետ գրաւել այդ յենակէտերի մեծ մասը՝ կռուելով մինչեւ վերջին փամփուշտը, պայթեցնելով վերջին նռնակը:
Իմ տեղեկութիւններով՝ հիւսիսային ուղղութեամբ, այսօրուայ դրութեամբ մենք ունենք 14 ռազմական դիրք, որոնք մինչեւ Ապրիլ 1-2ի հայկական ուժերի ձեռքում էր: Այս դէպքում էլ՝ յատուկ չեմ նշում կորցրած տարածքի երկարութիւնն ու խորքը, կրկին ելնելով անվտանգութեան նկատառումներից:
Այս տարածքը, կարող եմ ասել, մեծ տարածք չէ: Դա կազմում է Մարտակերտի շրջանի տարածքի հազարերորդական մասերից մէկը:
Երբ զգամ, որ կարելի է աւելի մանրամասն գրել կորցրած տարածքների՝ հիւսիսում եւ հարաւում, առաւել մանրամասներ, ապա դա կ՛անեմ առանց երկմտելու: Զգում եմ, որ հիմա ժամանակը չէ, որ լրագրող Թաթուլ Յակոբեանը պարտւում է Հայաստանի քաղաքացի Թաթուլ Յակոբեանին։
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ