Ոսկերչութեան բնագաւառին մէջ կ՛ակնկալուի 100 միլիոն Տոլարի ներդրում

By Asbarez | Thursday, 19 May 2016

0519ardzvig

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - Հայաստանի կառավարութիւնը որդեգրած է քաղաքականութիւն մը, ըստ որուն, ազատ տնտեսական գօտիներու ստեղծման եւ անոնց մէջ գործունէութեան ծաւալման նպատակը պէտք է ըլլայ Հայաստանի տնտեսութեան մէջ զանազանութեան եւ մրցունակ ոլորտներուն զարգացման հիմնական ուղղութիւնը:

Ազգային ժողովի նիստին կառավարութեան հետ հարցուպատասխանի ընթացքին այս մասին յայտնած է Հայաստանի տնտեսութեան նախարար Արծուիկ Մինասեան՝ պատասխանելով Օրինաց Երկիր կուսակցութեան խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Դոխոլեանի հարցումին:

<<Այս պահի դրութեամբ մենք ունենք երկու ազատ տնտեսական գօտի, որոնցից մէկը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, եւ այստեղ ցուցանիշները տպաւորիչ են այն առումով, որ ոչ միայն շահագործող կազմակերպութիւնների թիւն անընդհատ աճում է, այլ նրանց կողմից ստեղծուող նոր արժէքներ են ստեղծում, որ միտուած են արտահանման>>, յայտնած է նախարարը:

Արծուիկ Մինասեանի համաձայն՝ պարզ զուգադիպութիւն չէ, որ Հայաստանի մէջ տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտին մէջ աճը կը կազմէ միջինը տարեկան 25 տոկոս: <<Վերջերս էլ հանրապետութեան վարչապետը յայտարարեց, որ սա ոչ միայն կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է, այլ այս ոլորտի հենքի վրայ մենք պէտք է դիտարկենք բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ որպէս տնտեսութեան կարեւորագոյն ճիւղ: Այս ոլորտում առաջիկայում զարգացումները լինելու են այն ուղղութեամբ, որ Սան Ֆրանցիսկոյում կազմակերպուելու է <<Արմթեք>> հերթական տարեկան հանդիպումը, որի շրջանակներում մենք ակնկալում ենք, որ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում մենք կ՛ունենանք միջազգային լուրջ առաջընթաց կազմակերպութիւնների մուտք Հայաստան, ինչպէս նաեւ հայկական ապրանքների իրացում այլ տարածքներում>>, նշած է Մինասեան:

Նախարարը աւելցուցած է, որ ազատ տնտեսական միւս գօտին մասնագիտացած է ոսկերչութեան ոլորտին մէջ, ուր մեծ ակնկալութիւններ կան։ <<Այստեղ մենք նոյնպէս ունենք դրական զարգացումներ: Այստեղ շահագործողներ են գալիս օտարերկրեայ ներդրումները: Մեծ մասն ազգութեամբ հայեր են, բայց օտարերկրեայ ներդրումներով են գործում: Դուք գիտէք, որ ազատ տնտեսական գօտիների պայմանները ո՛չ միայն ներդրումներն են, այլ նաեւ աշխատատեղերի ստեղծումն է: Եթէ այս ցուցանիշները համախառն գնահատենք, ապա ակնկալւում է, որ շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացուելու առաջիկայում: Ստեղծուելու է նաեւ շուրջ 2000 աշխատատեղ: Այս ամէնը նպաստելու է մեր տնտեսութեան մէջ ոլորտային զարգացումներին>>, եզրափակած է նախարարը:

 



comments