Հայաստան կը սգայ Էլի Վիզելի մահը

By Asbarez | Wednesday, 06 July 2016

 

0706eliewiesel

ԵՐԵՒԱՆ, <<Մեդիամաքս>> - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան 5 Յուլիսին ցաւակցական հեռագիր յղած է Նոպէլեան մրցանակակիր, <<Աւրորա>> միջազգային մարդասիրական մրցանակաբաշխութեան ընտրող յանձնախումբի համանախագահ, մարդասէր Էլի Վիզելի մահուան առիթով։

<<Վերապրելով Հոլոքոստը՝ նա իր ողջ կեանքն անցկացրեց պայքարելով անարդարութեան, անհանդուրժողականութեան եւ անտարբերութեան դէմ: Մենք բարձր ենք գնահատում Էլի Վիզելի ներդրումը անցեալում կատարուած ցեղասպանութիւնների մասին բարձրաձայնելու եւ <<Այլեւս երբեք>> կարգախօսին հաւատարիմ՝ նման սարսափելի յանցագործութիւններից զերծ ապագայ կերտելու գործում: Անուրանալի են նրա հետեւողական ջանքերը՝ միտուած Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը: Հաւատացած եմ, որ Էլի Վիզելի արդարութեան կոչերը կը յաւերժանան՝ իրենց արձագանգը գտնելով նաեւ ցեղասպանութիւնների նախատիպ դարձած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւերում՝ որպէս այդ յանցագործութեան կանխարգելման նուազագոյն անհրաժեշտ միջոց>>, նշուած է նախագահին հեռագիրին մէջ:

Սերժ Սարգսեան մեծ պատիւ նկատած է այն, որ Էլի Վիզելը դարձած է <<Աւրորա>> մարդասիրական միջազգային մրցանակաբաշխութեան ընտրող յանձնախումբին համանախագահ:

<<Դա եւս մէկ քայլ էր՝ ուղղուած անտարբերութեան վերացմանը: Հայաստանի Հանրապետութիւնն այս եւ այլ նման նախաձեռնութիւններով շարունակելու է մնալ ցեղասպանութեան յանցագործութեան դէմ միջազգային պայքարի առաջամարտիկների շարքում>>, նշած է նախագահը՝ աւելցնելով, որ ինչպէս Էլի Վիզելի աւանդը համամարդկային է, այնպէս ալ համամարդկային է անոր կորուստը:

<<Մեզ համար հարազատ դարձած այս անունը մէկընդմիշտ կը մնայ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամների շարքում>>, գրուած է հեռագիրին մէջ։

Էլի Վիզելի մահուան առիթով ցաւակցագիր յղած են նաեւ <<Աւրորա>> մրցանակի համահիմնադիրները.

<<Էլի Վիզելը հաւատաւոր, իմաստուն, կարեկից եւ զօրեղ անհատականութիւն էր՝ մարդկութեան ամենաառաքինի կողմերի մարմնաւորումը: Ի հեճուկս վերապրած բոլոր արհաւիրքների՝ նրա կեանքը խաղաղութեան ու փոխըմբռնման մի առաքելութիւն էր, որ ոգեշնչման աղբիւր դարձաւ աշխարհի համար: Նա ապրեց հաւատով, որ չկայ ու չի կարող լինել չէզոքութիւն ու անտարբերութիւն, երբ շուրջդ ոճիր է, երբ մարդիկ տառապում են, երբ մարդկութեան մարդկայնութիւնը հարուածի տակ է ու վտանգուած:

Մեզ՝ Հայոց Ցեղասպանութեան վերապրողների սերունդներիս համար նրա կեանքի ուղերձն ու ընկերութիւնը խորապէս իմաստալից էին: Էլի Վիզելը հայութեան մեծ ջատագով էր, որը խիզախութիւն է ունեցել ճանաչելու 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս մարդկային տառապանքների՝ մարդու հանդէպ մարդու անմարդկայնութեան դարաւոր շղթայի մի մաս:

Մենք յարգում եւ ընդունում էինք նրա փորձառու առաջնորդումը, գնահատում նրա խանդավառ ներդրումը <<Աւրորա>> մրցանակի կազմակերպման ու զարգացման գործում: Յիրաւի՝ նա մէկն էր, որն ապրելիս մարդկայնութիւն էր արթնացնում բոլորիս հոգիներում իր խօսքով ու գործով: Նրա հետ աշխատելը պատիւ էր:

<<Աւրորա>> մրցանակի անունից մենք մեր աղօթքն ու զօրակցութիւնն ենք բերում Էլի Վիզելի կնոջն ու ընտանիքին, միջազգային մարդասիրական հանրոյթին եւ բոլոր նրանց, ովքեր եղել են նրա գործունէութեան լոյսի ներքոյ: Նա միշտ մեզ կ՛ոգեշնչի եւ կը յարատեւի մեր սրտերում ու պատմութեան մէջ>>:

Նշենք, որ 1986 թուականին Էլի Վիզելը Ֆրանց Վերֆելի <<Մուսա Լերան Քառասուն Օրերը>> վէպին համար ներածական գրած էր՝ 1915ի դէպքերը կոչելով <<20րդ դարու առաջին ցեղասպանութիւն>>: Իսկ 2000ին Վիզելը Ողջակիզումի 125 հետազօտողներու հետ ստորագրած էր յայտարարութիւն մը, որուն մէջ նշուած էր, թէ Հայոց Ցեղասպանութիւնը պատմական անհերքելի փաստ է:

 



comments