ԱՄՆ-ը դատապարտում է զինուած յարձակումը Հայաստանի ոստիկանութեան դէմ

By Yerkir Media | Wednesday, 20 July 2016

Միացեալ Նահանգները խստորեն դատապարտել է զինուած յարձակումը Հայաստանի ոստիկանութեան դէմ: Միևնոյն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանի իշխանութիւններին <<զսպուածութիւն>> ցուցաբերել ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ պահած զինեալների հետ յարաբերութիւններում:

<<Մեր ցաւակցութիւնն ու աղօթքն ենք յղում կիրակի օրը Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադէպի հետևանքով զոհուած և վիրաւորուած ոստիկանների ընտանիքներին>>, — հինգշաբթի օրը յայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խօսնակ Մարկ Թոները:

<<Մենք խստորէն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնութիւնների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում>>, — ասել է Թոները Վաշինգտոնում անցկացուող մամուլի բրիֆինգի ժամանակ: — <<Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին իրավիճակին մօտենալ հարկ եղած զսպուածութեամբ>>, — յաւելել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտի խօսնակը նաև ընդգծել է, որ Միացեալ Նահանգները որպես քաղաքական փոփոխութիւնների ճանապարհ է համարում ժողովրդավարական գործընթացները. — <<Եւ մենք շրջահայեցութեան կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թէ բռնութիւնը կարող է քաղաքական նպատակների հասնելու ընդունելի ուղի լինել>>:

Իրենց <<Սասնայ ծռեր>> կոչուող զինուած խումբը յուլիսի 17-ին գրաւել է ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել <<Հիմնադիր խորհրդարանի>> առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանաւորել էր անցած ամիս` զինուած խմբաւորումների միջոցով շէնքեր գրաւելու ծրագրեր ունենալու կասկածանքով: Զինուած խումբը, որի յարձակման ժամանակ զոհուել է 1 ոստիկան, պահանջում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հրաժարականը:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յայտարարում է, որ բանակցում է զինուած խմբի հետ:

 


comments