Վրաստանի ընտրութիւններն ու Հայ թեկնածուները

By Asbarez | Friday, 12 August 2016

0000TIFLIS

ՍՈՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Վրաստանում Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին համամասնական ընտրակարգով մասնակցելու յայտ ներկայացրել է 63 քաղաքական կուսակցութիւն: Մինչեւ այժմ բաւարարուել է 36ի դիմումը: Վրացագէտ Ալիկ Էրոյանցը այսօր նշել է, որ առաջիկայ ընտրութիւններում լուրջ յայտ ներկայացնելու հնարաւորութիւն ունեն քաղաքական երկու ուժեր՝ իշխող <<Վրացական երազանքը>> ու նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր <<Միացեալ ազգային շարժումը>>: Վրացագէտը բաւականին բարձր է գնահատել իշխող կուսակցութեան հնարաւորութիւնները, թէեւ չի բացառել, որ արդար ընտրութիւնների դէպքում նորից իշխանութեան վերադառնա Միխայիլ Սահակաշվիլին:

Հոկտեմբերի 8ին Վրաստանում անցկացուելու են խորհրդարանական ընտրութիւններ: Ընտրութիւններ, որոնք հետաքրքրում են ոչ միայն Վրաստանի բնակչութեանը այլեւ հարեւան պետութիւններին՝ մեր դէպքում այն հետաքրքիր է նաեւ հայ-վրացական յարաբերութիւնների հեռանկարի տեսանկիւնից: Ինչպէս նախորդ՝ 2012 թուականի, այնպէս էլ այս ընտրութիւններում լուրջ յաւակնութիւններ են ներկայացնում 2 քաղաքական ուժ՝ իշխող <<Վրացական երազանք>> ու ընդդիմադիր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած <<Միացեալ ազգային շարժում>> կուսակցութիւնները: Միակ տարբերութիւնը նախորդ ընտրութիւններից այն է, որ 2012ին <<Միացեալ ազգային շարժումն>> էր իշխողը, իսկ ընդդիմադիր թեւում հանդէս էր գալիս <<Վրացական երազանքը>>:

Թէ ով կը յաղթի այս ընտրութիւններում, վրացագէտ Ալիկ Էրոյանցը արդէն իսկ ունի որոշակի ենթադրութիւններ: <<Եթէ այս 4 տարուայ իրադարձութիւնները վերլուծենք, գործող իշխանութիւններն ունեցել են ինչպէս ձեռքբերումներ, այնպէս էլ ձախողումներ: Այդուհանդերձ՝ իրենք դեռ կարողանում են պահպանել այն առաւելութիւնը, որ հասարակութիւնը դեռեւս յիշում է <<Միացեալ ազգային շարժման>> իշխանութեան ժամանակ դրսեւորուած վատ երեւոյթները>>:

Թէ հայ-վրացական յարաբերութիւնների տեսանկիւնից ո՞ր թեկնածուի յաղթանակն առաւել շահեկան կը լինի՝ վրացագէտը յիշեցնում է, ի տարբերութիւն Սահակաշվիլիի վարած քաղաքականութեան, ներկայիս իշխանութեան օրօք հայ-վրացական յարաբերութիւնները բաւականին դրական առաջընթաց են գրանցել: Ինչ վերաբերում է այս ընտրութիւններում հայ թեկնածուներին, ապա վրացագէտի սպասելիքներն այնքան էլ լաւատեսական չեն:

Ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամաւոր կայ, իսկ ընտրական օրէնսգրքի փոփոխութիւններով պայմանաւորուած այժմ միայն մէկ հայ թեկնածու է ներկայացուած. <<Ընտրական օ-րէնսգրքի փոփոխութեան հետ կապուած ընտրական համայնքները միացուեցին եւ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանում այժմ մէկ թեկնածու կարող են առաջադրել կուսակցութիւնները, որը բուռն քննարկումներ առաջացրեց յատկապէս հայ համայնքում: Բայց կուսակցութիւնները յայտարարութեամբ հանդէս եկան, որ իրենք իրենց համամասնական ցուցակում կ՛ընդգրկեն հայ թեկնածուների՝ այդպիսով փորձելով թիւը պահպանել: Յետագայում պարզ կը լինի, թէ որքանո՛վ կը պահպանուի այդ թիւը>>:

Որքան էլ կարեւորուի ազգութեամբ հայ պատգամաւորների ներկայութիւնը խորհրդարանում, Ալիկ Էրոեանցը շատ աւելի կարեւորում է հայ թեկնածուների ակտիւ մասնակցութիւնը խորհրդարանական ընտրութիւններին:

 

<<ՌԱԴԻՕԼՈՒՐ>>



comments