Փոխզիջումների մասին խօսելը պարտուողականութիւն է - Քոչարեան

By Asbarez | Friday, 19 August 2016



ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>>, <<Ազատութիւն>> - 18 Օգոստոսին գումարուած կառավարութեան նիստէն ետք ղարաբաղեան տագնապին առնչուող տարբեր առանցքներու մասին լրագրողներու հետ զրուցած է Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Շաւարշ Քոչարեան։

Ան հաստատած է, որ ղարաբաղեան բանակցութիւններուն ընթացքին փոխզիջումներուն մասին խօսիլը պարտուողականութիւն է՝ աւելցնելով, որ Հայաստանի որեւէ պաշտօնեայ իրաւունք չունի խօսելու կարգաւորման մասին, որովհետեւ այդ հարցերը Լեռնային Ղարաբաղի իրաւասութեան ներքեւ կը գտնուին:

<<Ես կարծում եմ, որ փոխզիջումների, նմանատիպ հարցերի շուրջ խօսելը պարտուողականութիւն է, որովհետեւ առ այսօր ես Բաքուից չեմ լսել որեւէ յայտարարութիւն զիջման մասին: Երբ որ Բաքուն խօսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խօսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խօսում, ինքնին նոյնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելը կարծում եմ, կոռեկտ չէ, առնուազն կոռեկտ չէ>>, ըսած է Քոչարեան՝ աւելցնելով. <<Այլ բան է, որ բանակցային գործընթացի մասին խօսելիս հայկական կողմերն ասում են, որ հա, փոխզիջումների պատրաստ ենք, ընդհանուր: Բայց քանի որեւէ յայտարարութիւն չկայ Ադրբեջանի կողմից, աւելին՝ քանի դեռ այնտեղից աւելի են կոշտանում դիրքերը, ապա հայկական կողմերին խօսել ինչ-որ զիջումների մասին, ինձ թւում է, անիմաստ է>>:

Ան շեշտած է, որ Հայաստան իրաւասու չէ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականութեան մասին խօսելու. <<Ինձ համար կամ Հայաստանի որեւէ պաշտօնեայի համար չկայ փոխզիջում կամ զիջում հասկացութիւն, որովհետեւ այն հարցերը, որոնք վերաբերում են կարգաւորմանը, հիմնականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իրաւասութիւնների մէջ են: Այսինքն, Հայաստանի որեւէ պաշտօնեայ նոյնիսկ իրաւունք չունի դրա մասին խօսել: Այլ բան, որ այսօր ստեղծուած իրավիճակում քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը լիարժէք չի մասնակցում բանակցային գործընթացին, չընդհատելու համար այդ գործընթացը՝ Հայաստանը մասնակցում է, բայց Հայաստանը իրաւասու չէ խօսել Լեռնային Ղարաբաղի փոխարէն թէ՛ նրա կարգավիճակի մասին, թէ՛ նրա տարածքային ամբողջականութեան մասին>>:

Քոչարեան դիտել տուած է, որ ներկայիս բանակցութիւնները տեղքայլի մէջէն՝ աւելցնելով, որ այդ գործընթացը իր մէջ կ՛ենթադրէ յառաջ ընթանալու համար փոխզիջումներու պատրաստակամութիւն ցուցաբերել: <<Քանի կողմերից մէկը երբեւիցէ չի յայտարարել՝ ինչ զիջումների է պատրաստ, ապա կոնկրէտացնել, խօսել հայկական կողմի զիջումների մասին, դա ուղղակի տակտիկական, ստրատեգիական կոպիտ սխալ է>>, նշած է Քոչարեան:

Պատասխանելով լրագրողներէն մէկուն այն հարցումին, թէ հայկական կողմին նպատակը ի՞նչ է՝ Շաւարշ Քոչարեան ըսած է, որ հայկական կողմերու դիրքորոշումը յստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կրնայ Ատրպէյճանի կազմին մէջ ըլլալ: <<Մեր նպատակը շատ յստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պէտք է երաշխաւորուած լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ պետութեան անվտանգութիւնը: Այդ երկու հարցադրումը յստակ դրուած է եւ դրա մասին բազմիցս ասուել է: Ինչ վերաբերում է դետալներին, ինչպէս դրան հասնել, դա արդէն այլ խնդիր է, ինչը պայմանաւորուած է նաեւ այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային այդ կողմի դիրքորոշումը շատ կոշտ է, եւ այս պարագայում խօսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է>>, դիտել տուած է Քոչարեան։

Ըստ փոխնախարարին՝ թէ՛ Վիեննայի, թէ՛ Ս. Փեթերսպուրկի մէջ ղարաբաղեան տագնապի լուծման վերաբերեալ որեւէ պայմանաւորուածութիւն ձեռք չէ բերուած, այլ խօսուած է զինադադարի դրութեան ամրապնդման մասին։

Անդրադառնալով Թուրքիոյ նախագահի մամլոյ քարտուղարին այն յայտարարութեան , թէ ղարաբաղեան տագնապի լուծման գործընթացին մէջ տարածքները յանձնելու դրական խթաններ կան՝ Քոչարեան հաստատած է, որ ղարաբաղեան հակամարտութեան մէջ Թուրքիոյ կողմէ որեւէ միջամտութիւն ցարդ միշտ ալ վնասած է ու պիտի շարունակէ վնասել գործընթացին։ <<Եթէ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը խօսում է տարածքների մասին, թող աւելի լաւ է խօսի Կիպրոսի մասին, որը նրանք օկուպացրել են>>, յայտնած է ան։

 

comments