Բանակցային գործընթացը կարող է փոխուել, եթէ Արցախը միաւորուի Հայաստանի հետ - Դաւիթ Բաբայեան

By Asbarez | Tuesday, 10 January 2017

 

0110davitpapayan

ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - Արցախի նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեան <<Երկիր>>ի հետ ունեցած զրոյցին ընթացքին, ամփոփելով 2016 թուականը, նշած է, որ 1994էն ետք անցնող տարին ամէնէն բարդ ու դժուար տարին եղած է։

<<Թշնամին փորձեց պարզապէս վերջ տալ Արցախի պետականութեանը, սա եղել է նրա բուն նպատակը, սակայն ձախողուել է նրա այդ նպատակը:  Ես կարծում  եմ՝ չնայած 2016ը եղել է բաւականին ողբերգական տարի, բայց նաեւ եղել են մեծ յաղթանակներ: Մենք ունեցանք անդառնալի կորուստներ, եւ սա ամենավատ, ամենաողբերգական էջն է մեր ժողովրդի, երկրի, զոհուածների հարազատների ընտանեկան պատմութեան մէջ, որովհետեւ մենք այդ կորուստները երբեւէ չենք կարող վերականգնել: Նիւթական կորուստները եւ այլն վերականգնուելու են, բայց յանուն հայրենիքի մարդկային կորուստներն անդառնալի են: Միեւնոյն ժամանակ, մենք յաղթանակ տօնեցինք. այդ մարդիկ, զոհուելով, այնուամենայնիւ, շարունակում են ծառայել մեր ժողովրդի  շարքերում, զինուած ուժերի շարքերում, որովհետեւ ոգեւորում են մեր զինուորներին, օրինակ են հանդիսանում, ոգեւորում են մարզիկներին, գիտնականներին, գրողներին, բոլորին…. Սա է եղել ամենակարեւոր իրադարձութիւնը՝ մենք կարողացել ենք պաշտապանել մեր իրականութիւնը, որ մենք կարողացել ենք միաւորուել>>, ըսած է Բաբայեան:

Ըստ անոր՝ Ատրպէյճան պատերազմի սկսած է իբր թէ լիովին <<հաշուարկելով>> հայկական կողմին կարողականութիւնը: <<Իր առումով՝ մեզ հաշուարկել էր, բայց թերագնահատել էր, չի պատկերացրել, որ  հայութիւնը կարող  է համախմբուել: Մտածել են, որ նոր սերունդ է, որը սոցիալական ցանցերի սերունդ է, որ կայ անջրպետ իշխանութիւնների եւ ժողովրդի միջեւ, պատկերացրել է, թէ կայ ատելութիւն սեփական պետութեան նկատմամբ: 2016 թիւը հիմնականում ապրիլեան պատերազմի հետ է կապուած, եւ ապրիլեան դէպքերը ցոյց տուեցին, որ մենք արժանի ենք ապրել եւ ի վիճակի ենք ապրել, գոյատեւել մեր տարածքում>>, դիտել տուած է Բաբայեան՝ աւելցնելով, որ նախորդ տարին յատկանշուեցաւ նաեւ այլ իրադարձութիւններով. <<Եղել են նաեւ այլ զարգացումներ՝ տնտեսական տարբեր ծրագրերի իրականացում, ինքնաբաւ ելեկտրաէներգիայի արտադրութիւն,  հացահատիկի աննախադէպ բերք է եղել, ճանապարհային ծրագրեր են եղել, ուժեղացել է պաշտպանական համակարգը: Նշենք, որ կան բազմաթիւ խնդիրներ. պէտք է Թալիշը վերականգնուի>>:

Անդրադառնալով Արցախի մէջ 2017 թուականին ակնկալուող սահմանադրական բարեփոխումներուն՝ մամլոյ բանբերը ըսած է, որ ներքին փոփոխութիւնները չեն կրնար անդրադարձ ունենալ արտաքին քաղաքականութեան վրայ:

<<Երբ բանակցային գործընթացն ընթացքում էր, դեռ 92 թուականից Արցախը մասնակցում էր այդ ամէնին, այդ ժամանակ տեղի էր ունեցել կառավարման  մոդելի փոփոխութիւն, Արցախը խորհրդարանական կառավարման համակարգից անցել էր  կիսանախագահականի: Դրանից յետոյ էլ են տեղի ունեցել զարգացումներ, բայց ղարաբաղեան բանակցային գործընթացի վրայ որեւէ ձեւով ազդեցութիւն չեն ունեցել: Սահմանադրական փոփոխութիւնները, որոնք պէտք է տեղի ունենան,  չեն փոխի Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու կարգավիճակը: Բանակցային գործընթացը կարող է փոխուել միայն, եթէ պետականութիւնը վերափոխուի, վերամիաւորում տեղի ունենայ մայր Հայաստանի հետ>>, շեշտած է ան։

Բաբայեան նշած է նաեւ, որ որոշ փոփոխութիւններ նկատելի են միջազգային հանրութեան պահուածքին մէջ: <<Որոշակի դրական տեղաշարժ տեսնում եմ: Ճիշդ է, դեռեւս այն  մակարդակին չեն, որ մենք կը ցանկանայինք, բայց  դրական տեղաշարժ կայ, դա միանշանակ է: Միջազգային հանրութիւնը փորձում է փակագծերից մէկը բացել, ոչ բոլոր փակագծերը: Արդէն շատ է քննադատւում Ադրբեջանը: Յաճախակի են դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն  արտայայտութեան  գործածութիւնները՝ տարբեր կառոյցների կողմից>>, ըսած է ան՝ աւելցնելով. <<Ժամանակակից պատերազմն ունի իր կանոնները, քառօրեայ պատերազմը ցոյց տուեց ժամանակակից պատերազմի ա-ռանձնայատկութիւնները՝ դիստանցիոն պայքար, տեղեկատուական-լրատուական դաշտում հսկայական պայքար… Պէտք է ասել, որ լրատուական դաշտում եւս հայութիւնը ցոյց տուեց համախմբուածութիւն: Մենք չէզոքացրել ենք հակառակորդի գրեթէ բոլոր յարձակումները>>:

Բաբայեանի համաձայն՝ Ատրպէյճան աշխոյժ կերպով կ՛օգտագործէ <<հիբրիդային պատերազմ>>ի ձեւերը: <<Մենք այդ ամէնին հետեւում ենք եւ փոփոխութուններ մտցնում մեր ռազմավարութեան մէջ>>, դիտել տուած է ան:

Ան նշած է նաեւ, որ սահմանային զարգացումները կախեալ չեն տեղէն, այլ՝ հանգամանքներէն:

<<Թշնամին տարբեր  տեղեր փորձում է գնահատել իրավիճակը, տեսնել՝ ինչ կարելի է անել: Նրանք օգտագործում են  ահաբեկչութեան գործօնը: Ահաբեկչութիւնը  նստած է Ադրբեջանի մէջ: Արցախեան հատուածում մի պահ համեմատաբար հանգիստ վիճակը չի նշանակում, որ  հանգիստ է կամ կը լինի: Յունուարի 13ին նրանք պէտք է յիշեն, այսպէս կոչուած, սեւ Յունուարը>>, եզրափակած է Դաւիթ Բաբայեան:

 


comments