Կարապետեան եղբայրները մտնում են Վրաստանի էներգետիկ շուկայ

By Asbarez | Sunday, 19 February 2017

0000GARABEDIAN

ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

<<Տաշիր>> խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանը եւ նրա եղբօր որդին մուտք են գործել Վրաստանի էներգետիկ դաշտ: Վրաստանի էներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորը (ESCO) <<Կասկադ Ջորջիա>> ՍՊԸին գրանցել է որպէս էլեկտրաէներգիա արտահանող եւ ներմուծող կազմակերպութիւն:

Համաձայն Վրաստանի ընկերութիւնների գրանցման ռեգիստրի՝ <<Կասկադ æորջիա>> ընկերութիւնը գրանցուել է Վրաստանում 2016թ. Յունիսին: Ընկերութեան 95 տոկոսի բաժնետէրը ՌԴում գրանցուած <<Կասկադ-էներգոսբիտ>> ՍՊԸն է, 5 տոկոսի բաժնետէրը ՀՀ քաղաքացի Վահէ Կարապետեանն է: Վերջինս, ԱԺ պատգամաւոր Կարէն Կարապետեանի որդին է: Կարէն Կարապետեանը Ռուսաստանում յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանի եղբայրն է:

<<Էներգոսբիտ>> ՍՊԸն <<Տաշիր>> խմբի ընկերութիւններից է: Հիմնադրուել է 2005 թուականին եւ զբաղւում է էնեգամատակարարմամբ: Գլխաւոր տնօրէն է Սերգէյ Գիւիի Պողոսովը:

Ընկերութեան կայքում գրուած է, որ այն անկախ ընկերութիւն է եւ գործում է մեծածախ էլեկտրաէներգիայի շուկայում: Սակայն ՌԴ իրաւաբանական անձանց պետական ռէեստրի փաստաթղթերը բոլորովին այլ բան են ասում:

Յիշեցենենք, որ 2015թ. Սեպտեմբերին Սամուէլ Կարապետեանին պատկանող մէկ այլ ընկերութիւն ձեռք է բերել ՀԷՑը (Հայաստանի ելեկտրական ցան-ցը):

imedinews.ge-ի լրագրողը փորձել է <<Կասկադ Վրաստան>>ի գլխաւոր տնօրէն Ալեքսանդր Վարշալոմիձէից ճշդել վրացական շուկայում ընկերութեան ծրագրերի մասին: Վերջինս ասել է, որ աւելի ուշ կը պատասխանի խմբագրութեան հարցերին:

Յիշեցնենք, որ 2016թ. Մարտից Թբիլիսիում գործում է <<Տաշիր Պիցցա>>ն:

<<Հետք>>ն անդրադարձել է Սամուէլ Կարապետեանի բիզնեսին եւ կապերին: Յիշեցնենք՝ նրա հիմնադրած <<Տաշիր>> խմբի ընկերութիւնները մեծածաւալ պայմանագրեր են կնքել ՌԴ պետական գնումների շրջանակներում եւ եղել կապալառու կամ ծառայութիւններ մատուցել ռուսական հսկայ <<Գազպրոմ>>ին:

<<Տաշիր>>ի հիմնադիր Սամուէլ Կարապետեանը Forbs-ի մեծահարուստների ցանկում 2016ին զբաղեցրել է 549րդ հորիզոնականը, իսկ ՌԴի ցանկում՝ 28րդը 3,4 մլրդ. դոլար կարողութեամբ:

 



comments