ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Ընկերվարական Երիտասարդների միջերկրական Կոմիտէի ժողովին

By Asbarez | Thursday, 16 March 2017

0316socialistyouth

ՆԻՔՈՍԻԱ - ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակից տեղեկացնում են, որ 2017թ. Մարտի 10-11ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth) Միջերկրական կոմիտէի ժողովը, որին մասնակցում էին ԸԵՄՄի անդամ տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ Պաղեստինից, Իսրայէլից, Արեւ-մտեան Սահարայից, Իրանից, Լիբանանից եւ այլ երկրներից:

Հակառակ ԸԵՄՄի Սեւծովեան տարածաշրջանի կոմիտէի լիիրաւ անդամ լինելուն, Միջերկրական կոմիտէի ժողովի մասնակցութեան իրաւունք ՀՅԴ Երիտասարդականը չունէր: Շնորհիւ հետեւողական աշխատանքի եւ ԸԵՄՄի նախագահութեանը ներկայացուած նամակ-դիմումի, որում մասնաւորապէս նշուած էր ՀՅԴ Երիտասրարդականի ներկայացուածութիւնը Միրջերկրական տարածաշրջանի մի շարք երկրներում եւ գործուն դերակատարութիւնը տեղի երիտասարդութեան կեանքում, ՀՅԴ Երիտասարդականին առաջին անգամ հնարաւորութիւն ընձեռուեց մասնակցելու ԸԵՄՄի Միջերկրական կոմիտէի ժողովին մէկ ներկայացուցչով, ի դէմս Ցոլեր Աղճեանի (Լիբանան):

Ժողովի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին դասախօսութիւններ <<Կիպրոսի հարցը եւ ներկայ իրավիճակը>>, <<Կիպրոսի թուրքական հատուածում կանանց իրաւունքները>>, <<Թուրքիայում պետական հարուածի փորձից յետոյ տիրող իրավիճակը>> թեմաներով, քննարկուեցին Արեւմտեան Սահարայի, Պաղեստին-իսրայէլական հարցերը՝ կարեւորելով վերջինիս ընդհանրութիւնները եւ տարբերութիւնները Կիպրոսի հարցի հետ, ներկայացուեց Կիպրոսի երիտասարդական խորհրդի գործունէութիւնը, որին անդամակցում են Կիպրոսի երկու հատուածների կառավարական եւ ոչ-կառավարական երիտասարդական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ ՀՅԴ Կիպրոսի երիտասարդական միութիւնը:

Խորհրդաժողովի աւարտին, իւրաքանչիւր մասնակից շրջան ներկայացրեց իր կազմակերպութեան գործունէութիւնը: ՀՅԴ Երիտասրադականի ներկայացուցիչը իր ելոյթում անդրադարձաւ ոչ միայն ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան, այլ նաեւ Միջերկրական տարածաշրջանում գործող ՀՅԴ երիտասարդական միութիւնների աշխատանքներին, ինչն էլ աւելի հետաքրքրական էր եւ տպաւորիչ ազդեցութիւն թողեց մասնակիցների շրջանում:

Ժողովից զատ մասնակիցները հանարաւորութիւն ունեցան այցելելու Կիպրոսի տեսարժան վայրեր, հանդիպելու տեղի երիտասարդական տարբեր կազմակերպութիւնների հետ:

Ժողովի աւարտին մասնակից կազմակերպութիւնները համաձայնութիւն ձեռք բերեցին տարածաշրջանում երիտասարդների առջեւ ծառացած խնդիրների, մարտահրաւէրների բարձրաձայնման եւ լուծման համագործակցութեան հարցում:

 



comments

Advertisement