By Asbarez | Monday, 08 May 2017
ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Հայաստան մեծագոյն սիրով Սուրիոյ ժողովուրդին մարդասիրական օգնութիւն կը տրամադրէ, եւ Հայաստանի ղեկավարութիւնը երախտապարտ կը զգայ ռուս գործընկերներուն հանդէպ, որոնք ռուսական ռազմական օդանաւերով օգնութիւնը տեղ հասցնելու հնարաւորութիւն կ՛ընձեռեն. Հայաստանի պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեան նման յայտարարութեամբ հանդէս եկաւ <<Ինթերֆաքս>> լրատուական գործակալութեան տուած հարցազրոյցին մէջ:
<<Մենք այս ծրագիրը կը շարունակենք նաեւ ապագայում: Մեր երկրների նախագահների յանձնարարականների հիման վրայ մենք մշակում ենք հումանիտար ականազերծմանը հայ սակրաւորների մասնակցութեան հնարաւորութեան հարցը, որը Ռուսաստանն իրականացնում է Սիրիայում>>, նշեց Վիգէն Սարգսեան:
Նախարարի խօսքով, աշխարհատարած սպառնալիքներու պատճառով, ռազմաքաղաքական ոլորտին մէջ երկիրներու համագործակցութիւնը պէտք է ուղղուած ըլլայ խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման:
<<Մենք այս մասին հրապարակայնօրէն ասում ենք ե՛ւ ՀԱՊԿի ձեւաչափում, ե՛ւ երկկողմանի մակարդակում>>, հաւաստիացուց նախարարը:
<<Ռուսաստանը մեծապէս աջակցում է Հայաստանի Զինուած ուժերի ամրապնդմանը: Այս պահին Ռուսաստանի հետ մեծ թուով ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչեւ գործողութիւնների համատեղ ծրագրումը: Մենք ստեղծել ենք զօրքերի միաւորուած խմբաւորում, կայ հակաօդային պաշտպանութեան ընդհանուր համակարգ, ռազմատեխնիկական համագործակցութեան շատ թեմաներ ունենք: Այցի շրջանակում ես հանդիպել եմ արդիւաբերութեան եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ, մենք անցկացրել ենք հայ-ռուսական արդիւնաբերական համաժողով: Մենք ծանօթացրել ենք ռազմաարդիւնաբերական համալիրի ոլորտի մեր արտադրողներին, որպէսզի նրանք կարողանան համատեղ գործունէութեան մասին ուղիղ պայմանաւորուածութիւնների հասնել>>, տեղեկացուց Վիգէն Սարգսեան:
Նոյն հարցազրոյցին մէջ, նախարար Սարգսեան յստակ դարձուց, որ Հայաստան չի ծրագրեր իր տարածքին վրայ նոր ռազմական խարիսխներու տեղ տալ:
<<Տուեալ պահին Հայաստանում այլ երկրների բազաներ (խարիսխներ-Խմբ.) բացուելու մասին քննարկումներ հաստատ չկան: Մենք նման հարցում չունենք նաեւ ռուսական կողմից: Սկզբունքօրէն, 102րդ բազան կարեւոր նշանակութիւն ունի: Մենք պարբերաբար շփւում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա մոդեռնիզացման (արդիականացման-Խմբ.) շուրջ՝ ընդլայնելով դրա հնարաւորութիւնները: Մասնաւորապէս, ես արդէն յիշատակել եմ ՀՀՊ ոլորտը: Թեմաներ կան, որոնք մենք պէտք է շատ ակտիւօրէն միասին մշակենք>>, նշեց նախարարը:
Խօսելով ռազմա-արդիւնաբերական համալիրի ոլորտի նախագիծերու եւ Գիւմրիի ու Վանաձորի մէջ համատեղ համալիրներ ստեղծելու ծրագիրներուն մասին, Վիգէն Սարգսեան յայտնեց, որ շատ մանրամասնութիւններ չի կրնար հրապարակել՝ հաշուի առնելով գործունէութեան իւրայատկութիւնը:
<<Գիւմրին միշտ մեր դաշնակցային փոխգործակցութեան կարեւոր հարթակ է հանդիսացել: Այնտեղ է գտնւում 102րդ բազան, այնտեղ են ապրում զինծառայողների շատ ընտանիքներ եւ աւանդաբար Գիւմրիում միշտ զարգացած են եղել արդիւնաբերական հզօրութիւնները: Ի հարկէ, 1988 թուականի երկրաշարժից յետոյ այդ քաղաքի ճակատագիրը հեշտ ընթացք չունեցաւ, երբ տուժեց նրա ենթակառոյցների զգալի մասը: Բայց այսօր քաղաքն ակտիւօրէն վերականգնում է իր նախկին դիրքերը, այդ թւում՝ արդիւնաբերութեան ոլորտում: Կան նաեւ ռազմա-արդիւնաբերական համալիրի ձեռնարկութիւններ, որոնք այնտեղ արդէն աշխատում են: Մենք քննարկում ենք այդ ուղղութեամբ յետագայ ընդլայնման եւ Գիւմրին մեր երկրների միջեւ ռազմա-արդիւնաբերական հարթակի վերածելու ծրագրերը: Կարծում եմ, դա յաջողուել է իրականցնել: Տեղի ունեցած համաժողովը եւս իր ներդրումը կ՛ունենայ, քանի որ քաղաքական մակարդակով պայմանաւորուել միշտ լաւ է, բայց շատ կարեւոր է, որ դա ամրապնդուի արտադրողների, մշակողների գործող հետաքրքրութեամբ: Եւ ես կարծում եմ, որ կարեւոր է, որ նրանք անմիջական շփման հնարաւորութիւն ունեն, հասկանալու, թէ կոնկրետ ինչ կարելի է սկսել արտադրել Գիւմրիում>>, յայտարարեց Վիգէն Սարգսեան:
Նախարարը նաեւ հաստատեց, որ Ռուսիան կը շարունակէ մնալ Հայաստանի սպառազինութեան գլխաւոր մատակարարը:
<<Սպառազինութեան շուկան շատ դինամիկ է: Ի հարկէ, մշտապէս պէտք է հնարաւորութիւններ որոնել պետական բիւջէի բոլոր միջոցների առաւել արդիւնաւէտ օգտագործման համար: Մեզ համար անչափ յարմար է ռուս մատակարարների հետ աշխատել: Մենք ՀԱՊԿի շրջանակում համաձայնագիր ունենք հնարաւորութեան սահմաններում ներքին գներով գնումներ կատարելու մասին, ուղղակի աշխատելու հնարաւորութիւն այստեղ, Ռուսաստանում ռազմական նշանակութեան արտադրանք արտադրողների հետ: Հետեւաբար, ինչը միանգամայն բնական է, մենք ընտրութիւն ենք կատարում, առաջին հերթին, յօգուտ ռուս արտադրողների: Սակայն բոլորս լաւ հասկանում ենք, որ կան արագ զարգացող ոլորտներ, տարբեր առաջարկներ, որոնց համար մենք մշտապէս բաց ենք: Ամէն դէպքում, մենք ռուս գործընկերներից եւ բարեկամներից երբեք գաղտնիք չունենք: Նրանք մշտապէս տեղեկացուած են մեր ծրագրերի եւ մեր ռազմատեխնիկական համագործակցութեան խնդիրների մասին>>, ըսաւ Վիգէն Սարգսեան:
Ի պատասխան Ատրպէյճանին սպառազինութեան ռուսական մատակարարումներու մասին հարցումին, նախարարը յայտնեց, որ Հայաստանի հասարակութիւնը այս թեմային մեծ ուշադրութիւն կը դարձնէ, յատկապէս, երբ այդ զէնքը կը կիրառուի սադրանքներու ընթացքին, ինչպէս տեղի ունեցաւ 2016 Ապրիլին:
<<Նման զէնքի կիրառման իւրաքանչիւր դէպք Հայաստանում, բնականաբար, շատ լուրջ զգացումներ է առաջացնում՝ հաշուի առնելով Ռուսաստանի նկատմամբ մեր ժողովրդի յատուկ վերաբերմունքը: Մենք Ռուսաստանի հետ իսկապէս դաշնակիցներ ենք: Այս մասին բոլորը գիտեն: Եւ եթէ հաւասարակշռման խախտման արդիւնքում ռուսական զէնքը հակամարտութիւնում վտանգի գործօն դառնայ, ապա, կարծում եմ, դա առաջին հերթին ձեռնտու չէ իրեն՝ Ռուսաստանին>>, եզրակացուց նախարարը:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ