Դոնալդ Թրամփը պաշտօնանկ է արել Էֆ.Պի.Այ. - ի տնօրէնին

By Asbarez | Wednesday, 10 May 2017

 

0511comey

Միացեալ Նահանգների Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի՝ <<Էֆ.Պի.Այ.>>ի տնօրէն Ջէյմս Քոմիի պաշտօնանկութիւնն ամերիկեան քաղաքական շրջանակների համար կատարեալ անակնկալ էր: Թրամփի պաշտօնավարման առաջին ամիսների թերեւս ամէնէն աղմկայարոյց կադրային այս որոշման մասին յայտնի դարձաւ Երեքշաբթի, Մայիսի 4ի երեկոյեան: Սպիտակ տան խօսնակ Շոն Սփայսերի խօսքով, նախագահ Թրամփը Քոմիի պաշտօնանկութեան մասին որոշումը կայացրել է՝ հիմնուելով արդարադատութեան նախարար æեֆ Սեշընզի գրութիւնում տեղ գտած խորհուրդների վրայ:

<<Այդ նամակը նախագահին է յանձնուել այսօր (Երեքշաբթի): Իրականում, այս խնդրի վերաբերեալ երկու նամակ է եղել. մէկը՝ արդարադատութեան նախարարից, միւսը՝ նրա տեղակալից: Նախագահը համաձայնել է գրութիւններում տեղ գտած պնդումների հետ, ուստի եւ կայացուել է համապատասխան որոշում>>, յայտարարել է Շոն Սփայսերը, պնդելով, որ æէյմս Քոմին այլեւս չի վայելում Միացեալ Նահանգների նախագահի վստահութիւնը:

<<Էֆ.Պի.Այ.>>ի ղեկավարի պաշտօնանկութեան պատճառն այն սխալ տեղեկութիւններն էին, որոնք ամերիկեան ամենաազդեցիկ յատուկ ծառայութիւններից մէկի ղեկավարը հաղորդել էր Ծերակոյտի իրաւաբանական յանձնաժողովի անդամներին, Մայիսի 3ին կայացած լսումների ժամանակ: Խօսելով նախագահութեան նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնական Հումա Աբեդինի կողմից պաշտօնական նամակագրութեան գաղտնիութեան կանոնների խախտման մասին՝ Քոմին պնդել էր, թէ նա պետական գաղտնիք պարունակող նամակներ էր ուղարկել իր ամուսնոյն՝ նախկին կոնգրեսական Էնթոնի Վիներին, որի համար, ըստ օրէնքի, այդ տեղեկատուութիւնը հասանելի լինել չէր կարող:

<<Ինչ որ կերպ, Քլինթոնի նամակները, այդ թւում՝ գաղտնիք պարունակող գրութիւնները, ուղարկուել էին Էնթոնի Վիներին՝ (Քլինթոնի) օգնական Հումա Աբեդինի կողմից: Մեր աշխատակիցները հազարաւոր նման նամակներ էին յայտնաբերել>>, Մայիսի 3ին յայտարարել էր Ջէյմս Քոմին:

Ծերակոյտում կայացած լսումներից մի քանի օր անց, սակայն, պարզ դարձաւ, որ խօսքը ոչ թէ հազարաւոր, այլ յատուկենտ նամակների մասին է, որոնք յայտնուել են Վիների համակարգչում:

Այնուամենայնիւ, Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչները պնդում են, որ Միացեալ Նահանգների նախագահը Քոմիի այդ սայթաքումը որպէս պատրուակ է օգտագործել, եւ որ նրա պաշտօնանկութեան իրական պատճառներն ա՛յլ են:

Բանն այն է, որ վերջին շաբաթներին, æէյմս Քոմին եւ նրա ղեկավարած գերատեսչութիւնը հետաքննում էին Դոնալդ Թրամփի շրջապատի եւ Ռուսաստանի իշխանութիւնների կապերը, ինչպէս նաեւ՝ ամերիկեան նախագահական ընտրութիւնների վրայ Ռուսաստանի հնարաւոր ազդեցութեան մասին տեղեկութիւնները:

Ռոդ Այլենդից ընտրուած դեմոկրատ ծերակուտական Շելդոն Ուայթհաուզը, Քոմիի պաշտօնանկութեան մասին տեղեկութեան հրապարակումից հաշուած ժամեր անց, MSNBC հեռուստաընկերութեան եթերում յստակ պատմական զուգահեռներ է անցկացրել եւ ասել է. <<Այս ողջ պատմութեան մէջ, <<Ուոթերգէյ>>չի սկանդալը յիշեցնող պահերը բաւական շատ են: Առկայ է մի նախագահ, որը պաշտօնանկ է անում Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի տնօրէնին, որը հետաքննում է հէնց ի՛ր՝ նախագահի գործողութիւնները>>: Յիշենք, որ <<Ուոթերգէյ>>չը անցած դարի 70ականների սկզբին, քաղաքական հակառակորդների անօրինական գաղտնալսումների շուրջ ծագած այն սկանդալն է, որի հետեւանքով հրաժարական ներկայացրեց Միացեալ Նահանգների 37րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը:

Նախագահ Թրամփը, իր կարգին, Քոմիի պաշտօնանկութեան շուրջ ծագած սկանդալին արձագանգեց, ինչպէս միշտ, <<Թուիթըր>>ում կատարուած գրառման միջոցով:

<<Քոմին Վաշինգտոնում կորցրել է գրեթէ բոլորի վստահութիւնը, թէ՛ հանրապետականներին, եւ թէ դեմոկրատներին: Երբ իրավիճակը հանդարտի, նրանք ինձ երախտապարտ կը լինեն>>, նշել է Թրամփը, որ մէկ այլ գրառման մէջ էլ պնդել է. <<æէյմս Քոմիին տնօրէնի պաշտօնում կը փոխարինի այնպիսի մի մարդ, ով շատ աւելի արդիւնաւէտօրէն կ՛աշխատի՝ Հետաքննութիւնների դաշնային բիւրոյին (<<Էֆ.Պի.Այ.>>ին) վերադարձնելով այդ կառոյցին բնորոշ ոգին եւ հեղինակութիւնը>>:

 

 



comments