Թրամփը հաստատեց Սիրիայում Քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը

By Asbarez | Wednesday, 10 May 2017

0511kurds

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց Սիրիայում քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: Այդ մասին յայտարարել է Սպիտակ տան մամուլի խօսնակ Շոն Սփայսերը:

Ամերիկեան ռազմական գերատեսչութիւնը այսպիսով լիազօրութիւն է ստանում անհրաժեշտ սպառազինութեամբ զինելու <<Սիրիայի ժողովրդավարական ուժեր>> դաշինքին մաս կազմող քրդական ջոկատներին, երաշխաւորելու համար <<Իսլամական պետութեան>> հանդէպ յաղթանակը Ռաքքայում: Սիրիական այս քաղաքը աւելի քան երկու տարի է ջիհադիստների (ծայրայեղականներու-Խմբ.) վերահսկողութեան տակ է, եւ նրանք այն <<Խալիֆաթի մայրաքաղաք>> են հռչակել:

<<Քրդական ջոկատները միակ ուժն են, որը կարող են առաջիկայում յաջողութեամբ պաշարել Ռաքքան>>, յայտարարել է Սպիտակ տան խօսնակը:

Քրդերին զինելու որոշումը հաւանաբար պաշտօնական Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ լարուածութեան պատճառ դառնայ. արդարեւ, Միացեալ Նահանգների դաշնակից Թուրքիան, քուրդ զինեալներին համարում է ահաբեկիչներ եւ ամէն գնով փորձում է կանխել նրանց առաջխաղացումը Սիրիայի տարածքում:

<<Մենք շատ լաւ հասկանում ենք դաշինքի մէջ մեր գործընկեր Թուրքիայի անհանգստութիւնը՝ անվտանգութեան տեսանկիւնից: Մենք ցանկանում ենք հաւաստիացնել Թուրքիայի ժողովրդին եւ կառավարութեանը, որ ԱՄՆ լի՛ է վճռականութեամբ՝ կանխելու յաւելեալ սպառնալիքները եւ պաշտպանելու ՆԱՏՕի գծով իր դաշնակցին>>, յայտարարել են Միացեալ Նահանգների ռազմական գերատեսչութիւնում:

Թուրքիան աւելի վաղ յոյս էր յայտնել, թէ ԱՄՆ կը հրաժարուի սիրիացի քրդերին զինելու մտադրութիւնից:

Արձագանգելով Պենտագոնից ստացուող լուրերին՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուրետտին Չանաքլըն այսօր (Չորեքշաբթի, 10 Մայիսին-Խմբ.) յայտարարել է, թէ Անկարան <<չի կարող հաշտուել ահաբեկչական կազմակերպութեան ներկայութեան հետ, որը սպառնալիք է թուրքական պետութեան ապագայի համար>>:

Թուրքական աղբիւրների փոխանցմամբ, այժմ արդէն չի բացառւում, որ Դոնալդ Թրամփ-Ռեջեփ Էրդողան առաջին պաշտօնական հանդիպման գլխաւոր հարցը դառնայ քրդերին զինելու Վաշինգտոնի որոշումը:

Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Միացեալ Նահանգներ կը մեկնի յաջորդ շաբաթ:

 

 

 



comments