Թուրքիա տակաւին կը յաջողի մարդիկ կաշառել Ուաշինկթընի մէջ

By Asbarez | Monday, 22 May 2017

0523aramhamparian

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ - <<Թերթ>> լրատուական կայքը կապ հաստատելով Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանին հետ, մանրամասնութիւններ քաղած է Մայիս 16ին, Թուրքիոյ նախագահ Էրտողանի թիկնապահներուն կողմէ իրագործուած բռնարարքներուն մասին:

<<Անհանդուրժողականութիւնը եւ բռնութիւնը Վաշինգտոն բերելով՝ Էրդողանը բռնկեց ամերիկացիների՝ ներառեալ կոնգրեսականների, եւ լրատուամիջոցների զայրոյթը:

Մենք իսկապէս նախկինում նման բան չէինք տեսել: Ագրեսիան (յարձակումը-Խմբ.), որն ուղղուած էր հայերի, քրդերի կամ նրանց ընդդիմութեանը, բերեցին Վաշինգտոն, եւ մարդիկ իրենց աչքերով տեսան դա>>, ըսաւ Համբարեան, նշելով, որ թերեւս անցեալին ամերիկացիք չէին գիտեր, թէ ո՞վ է Թուրքիան կառավարողը:

<<Թուրքիայի ղեկավարութիւնը ծախսում է շատ փող PR-ի, լոբբիի վրայ: Այս միջադէպը ստիպում է ամերիկացիներին, որ վերագնահատեն թուրքերի կամ նրանց դաշնակիցների ներկայացրածը: Հիմա արդէն միլիոնաւոր մարդիկ սոցիալական ցանցերում, լրատուամիջոցներում տեսան, թէ ինչպէս է Էրդողանը յանձնարարում յարձակուել խաղաղ ցուցարարների վրայ>>, ըսաւ Արամ Համբարեան:

Թէեւ միջադէպին իբրեւ հետե-ւանք խաղաղ մարդիկ տուժեցին, ըստ անոր՝ անիկա դրական նշանակութիւն ունեցաւ, երբ մարդիկ տեսան Թուրքիոյ իրական դէմքը:

Ի՞նչ քաղաքական ազդեցութիւն կ՛ունենայ միջադէպը հարցումին պատասխանելով՝ Արամ Համբարեան ըսաւ. <<Էրդողանն իսկապէս վիրաւորել է ամերիկացիներին իրենց հողում: Դա ընկերոջ վարմունք չէ: Վաշինգտոնը այն քաղաքը չէ, որտեղ արտասահմանեան կառավարութիւնները յարձակումներ անեն: Սա յարգանքի պակասի նշան է, որը անգամ օտարոտի երկրները չէին անի: Բայց երբ դա դաշնակիցն է անում, փոխում է շատ բան: Այն կը փոխի շատ բան երկու երկրների յարաբերութիւններում առկայ բոլոր ոլորտներում: Այսուհետ շատ բան տարբեր կը լինի>>:

Արամ Համբարեան կը վստահեցնէ, որ այս գայթակղեցուցիչ միջադէպին ընդմէջէն, յետագային Հայ Դատի յանձնախումբը պիտի կարենայ բացայայտել Թուրքիոյ իրական դէմքը:

<<Այս միջադէպի ձայնագրութիւնը, որը տարածուեց յայտնի լրատուամիջոցներով, ցոյց տուեց իրականութիւնը: Առանց այդ տեսանիւթի, առանց այլ տեսանիւթերի, այս միջադէպն էլ կ՛անցնէր, կը գնար: Մենք կը խօսէինք դրա մասին, բայց Թուրքիայի քարոզչական մեքենան կ՛աշխատէր եւ արդիւնք չէինք ունենայ: Բայց տեսանիւթը փոխեց ամէն ին>>չ, ըսաւ Համբարեան:

Թէ ինչո՞ւ Թուրքիայի ղեկավարութիւնը չարձագանգեց միջադէպին բարձր մակարդակով, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարիչ տնօրէնը պատասխանեց. <<Թուրքիան դեռ կարողանում է կաշառել մարդկանց Վաշինգտոնում: Դժբախտաբար, ԱՄՆի կառավարութեան պատասխանը միջադէպին շատ թոյլ էր>>:

 



comments

Advertisement