Իրանում լուրջ չեն վերաբերւում այն տեղեկութեանը, թէ ահաբեկիչներն Իրան են անցել Հայաստանից

By Asbarez | Wednesday, 14 June 2017

0614garenkhanlarian

ԵՐԵՒԱՆ, <<Թերթ>> - Իրանում պաշտօնական մակարդակով որեւէ կերպ չի  քննարկւում թուրք-ադրբեջանական լրատուամիջոցների տարածած այն տեղեկութիւնը, որ Թեհրանում ահաբեկչութիւն կատարողները Հայաստանից են մուտք գործել Իրան:

<<Թերթ>>ի հետ զրոյցում, այդ մասին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանը՝ անդրադառնալով թուրքական եւ ադրբեջանական լրատուական միջոցների այն տեղեկութեանը, թէ՝ Թեհրանի ահաբեկչութիւններն իրագործողները Իրան են անցել Հայաստանի տարածքով:

Յիշեցնենք, որ նրանք յղում էին արել Թուրքիայում գործող <<Հայերի անհիմն հաւակնութիւնների դէմ պայքարող միջազգային հանրութիւն>> կազմակերպութեան առաջնորդ Կիւքսէլ Կիւլպէյին:

<<Կարծում եմ, որ Իրանում բոլորովին էլ լուրջ չեն վերաբերում այս հարցին, եւ ոչ ոք այս մասին չի խօսում, իմ ականջին չի կպել, ընդամէնը՝ մեր հայրենակիցներն են այստեղ ինձ այս մասին հարցրել. շատ նեղ շրջանակ այս մասին երեւի լսել է կամ լուրջ է վերաբերել>>, ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւորը:

Կարէն Խանլարեանը նաեւ նշեց, որ, եթէ զգայ ոեւէ մի ակնարկ, թէ Իրանում կան թուրք-ադրբեջանական այս քարոզչութեանը հաւատացողներ, ապա նա անպայման, որպէս հայազգի պատգամաւոր՝ հետամուտ է լինելու, որպէսզի այս հարցում անհրաժեշտ պարզաբանումներ լինեն, եւ հարցը քննարկուի: <<Բայց հարցն այն է, որ Իրանի անվտանգութեան համակարգը շա՛տ լաւ է իմանում, թէ ո՛վ՝ որտեղի՞ց է եկել, ինչպէ՞ս է եկել, ի՞նչ ուղղութեամբ է շարժուել>>, յաւելեց նա:

 


comments