Քուրդ ժողովուրդը պատմական նոր փուլ է մուտք գործում - Բարզանի

By Asbarez | Thursday, 28 September 2017

0928barzani

ԳԷՈՐԳ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ

<<Քուրդ ժողովուրդը պատմական նոր փուլ է մուտք գործում>>, համոզուած է Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին։

Երեքշաբթի երեկոյեան, քրդական հեռուստաալիքներով հեռարձակուած ուղերձում Բարզանին յայտարարում էր. <<Քուրդիստանի հզօր ժողովուրդը, քուէարկելով անկախութեան օգտին՝ թոյլ չտուեց, որ կոտրեն իր կամքը, կանխեց նոր յարձակումներն ու կոտորածները: Մենք նոր փուլ ենք մուտք գործել, եւ դա յաղթանակ է ողջ Քուրդիստանի համար>>:

Երկուշաբթի օր կայացած անկախութեան հանրաքուէի ընթացքում տրուած քուէների հաշուարկը դեռ շարունակւում է: Էրբիլում գործող <<Rudaw>> հեռուստաընկերութեան տուեալներով՝ 3 միլիոն 400 հազար քուէաթերթիկների հաշուարկից յետոյ, ձայները հետեւեալ կերպ են բաշխուել՝ հանրաքուէի մասնակիցների 91 տոկոսը կողմ է արտայայտուել Իրաքից անջատմանը, եւ միայն 8 տոկոսը՝ դէմ:

Անդրադառնալով հարեւան պետութիւններից՝ նախեւառաջ Թուրքիայից հնչող սպառնալիքներին, Բարզանին երէկ նշում էր. <<Պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնելու փոխարէն, եկէք երկխօսութիւն սկսենք, լա՛ւ հարեւաններ լինենք: Յարգանքով վերաբերուէք Քուրդիստանի ժողովրդի կամքին: Ի վերջոյ, ինչպէ՞ս կարող է միլիոնաւոր մարդկանց կարծիքը ոչ-լեգիտիմ (ոչ օրինական-Խմբ.) լինել>>:

Մասուդ Բարզանիի ուղերձից եւս պարզ դարձաւ, որ Էրբիլում լաւ են հասկանում, թէ անկախութեան հռչակումից յետոյ՝ Քուրդիստանը կարող է բաւական ծանր կացութեան մէջ յայտնուել:

<<Մենք կարող ենք զրկանքների բախուել, բայց ես վստահ եմ՝ մեզ պայծառ ապագայ է սպասում: Միասնութեան շնորհիւ մենք կը կարողանանք յաղթահարել բոլոր դժուարութիւնները>>, համոզմունք էր յայտնում Իրաքեան Քուրդիստանի ղեկավարը:

Իրաքի կենտրոնական իշխանութիւնները, որոնք հակասահմանադրական էին որակել հանրաքուէի անցկացումը, արդէն իսկ դիմում են կոնկրետ քայլերի: Արդարեւ, Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին յայտարարում է, որ արդէն իսկ երկու օրից Իրաքեան Քուրդիստանի օդային տարածքը կարող է արգելափակուել քաղաքացիական օդանաւերի թռիչքների համար:

<<Իրաքը չեղեալ կը յայտարարի Քուրդիստանում գտնուող երկու օդանաւակայաններից՝ Էրբիլից եւ Սուլէյմանիայից իրականացուող բոլոր միջազգային չուերթները, եթէ մինչեւ Ուրբաթ օր դրանք կրկին չյայտնուեն դաշնային իշխանութիւնների իրաւասութեան ներքոյ>>, ասում էր Աբադին:

 



comments