Ջաւախքցիք կ՛ընդդիմանան Վիրահայոց Առաջնորդին Գումբուրդոյի եկեղեցւոյ պատկանելութեան հարցով

By Asbarez | Wednesday, 11 October 2017

0000VRASDAN

ԱԽԱԼՔԱԼԱՔ - Երեքշաբթի, 10 Հոկտեմբերին, Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդը յայտարարութիւն մը հրապարակած է, ուր իր անհամաձայնութիւնը կը յայտնէ վերջերս հրապարակուած Վիրահայոց թեմի առաջնորդի ստորագրութիւնը (վրացական կազմակերպութիւններու հետ միացեալ) կրող յայտարարութեան:

Ստորեւ՝ Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդի յայտարարութիւնը՝ ամբողջութեամբ.

Ախալքալաքի Գումբուրդօ գիւղում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները տեղիք տուեցին տարաբնոյթ մեկնաբանութիւնների, տեղի ունեցան նաեւ դէպքերին յաջորդող զարգացումներ: Օրերս յատուկ յայտարարութեամբ հանդէս եկան նաեւ վրաստանեան մի շարք պետական եւ կրօնական կազմակերպութիւններ, որոնք, ի թիւս նշեալ խնդրին առնչուող այլեւայլ հարցերի շօշափման, յայտարարեցին նաեւ Գումբուրդոյի միջնադարեան եկեղեցու վրացական լինելու մասին: Նշեալ յայտարարութեան տակ ստորագրել է նաեւ Հայոց առաքելական (ՀԱ) Վիրահայոց թեմը, որի առաջնորդ Վազգէն եպս. Միրզախանեանն օրերս այցելեց Գումբուրդօ եւ տեղում ներկայացրեց հարցի կարգաւորման ընթացքը:

Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, քննարկման արժանացնելով իրադարձութիւնների վերջին օրերի ընթացքը, փաստում է, որ հանրութեանը յայտնի էր վրացական կողմի տեսակէտը, եւ այն լրացուցիչ մեկնաբանման կարիք չունի: Փոխարէնը խիստ անհասկանալի էր Գումբուրդոյի եկեղեցու վրացական լինելու մասին յայտարարութեան տակ ՀԱ Վիրահայոց թեմի ստորագրութիւնը, քանի որ իրականում վերջին օրերին ծաւալուած խնդիրն առնչւում էր ոչ թէ տաճարի ազգային պատկանելութեանը, այլ տեղի ազգաբնակչութեան կողմից իրենց նախնեաց շիրիմների յիշատակին խաչքարի տեղադրմանը:

Խորհուրդը համաձայն չէ նաեւ յայտարարութեան մէջ տեղ գտած եւ տաճարի ազգային պատկանելութեանը վերաբերող դրոյթի հետ եւ գտնում է, որ, տաճարի ծագման քաղկեդոնական լինելու հանգամանքից անկախ, այն դարերով օգտագործուել է առաքելադաւան գումբուրդոցիների կողմից, ըստ այդմ՝ տաճարի ճակատագրի որոշման հարցում իրենց մասնակցութիւնը պէտք է ունենան նաեւ այդ յուշարձանն օտար զաւթիչներից պաշտպանած եւ իրենց նախնեաց գերեզմաններով սրբացրած գումբուրդօցիները:

Խորհուրդը դատապարտում է նաեւ Վրաստանի ուժային կառոյցների իրականացրած վերջին գործողութիւները, որոնք իրականացուեցին իրենց նախնիների յիշատակին իրականացուելիք միջոցառման, այն է՝ խաչքարի տեղադրման համար եկեղեցու շուրջը հաւաքուած գումբուրդօցիների հանդէպ: Խորհուրդը, չբացառելով ստեղծուած թոհուբոհի մէջ տարբեր շրջանակների կողմից սեփական շահադիտական նպատակներով ասպարէզում յայտնուելու հանգամանքը, դատապարտում է բոլոր այն քայլերը, որոնք ուղղուած են նորանոր բախումներ հրահրելուն եւ իրավիճակի անկայունացմանը: Խորհրդի կողմից անթոյլատրելի են համարւում նաեւ այս հողի վրայ քաղաքական կամ նախընտրական բոլոր շահարկումները:

Ելնելով նշեալ հանգամանքից՝ Խորհուրդը դատապարտում է բոլոր այն գործողութիւնները, որոնք ոտնահարում են ժողովրդի արդար պահանջները: Խորհուրդը յորդորում է խնդրով շահագրգիռ բոլոր կողմերին՝ հետամուտ լինել գումբուրդօցիների մտահոգութիւններին եւ հնարաւորութիւն տալ վերջիններիս խելամիտ ժամկէտներում ծրագրելու եւ իրականացնելու իրենց նախնեաց յիշատակը յարգելուն ուղղուած քայլերը:

ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ԵՒ ՔՈՒԵՄՕ ՔԱՐԹԼԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

comments

Advertisement