Ի հեճուկս լուացքատան՝ EBRD-ն 500 միլիոն տոլարի վարկ է տրամադրում Ադրբեջանին

By Asbarez | Wednesday, 25 October 2017

 

1020europeanbank

Թարգմանեց՝ ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆ

 

Չնայած <<Ադրբեջանական լուացքատան>> կոռուպցիոն սկանդալին (կաշառակերութեան գայթակղութեան-Խմբ.) եւ Ադրբեջանում մարդու իրաւունքների վատթար վիճակին՝ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկը (EBRD) խոշոր՝ 500 միլիոն դոլար ֆինանսաւորում է տրամադրում նաւթագազային ծրագրին այդ երկրում: Թեմային Eurasianet.org կայքում անդրադարձել է յօդուածագիր Դեյվիդ Օբըրնը (David O’Byrne):

Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի խորհուրդը Հոկտեմբերի 18ին հաստատել է 500 մլն. դոլարի ֆինանսաւորումը Ադրբեջանի կողմից ղեկավարուող TANAP գազատարի համար, որի միջոցով Կասպեան աւազանի բնական գազը նախատեսւում է մատակարարել Արեւմտեան Եւրոպա: Որոշումը անմիջապէս քննադատութեան ենթարկուեց դիտորդական խմբերի կողմից, որոնք մեղադրեցին բանկին՝ <<բազմակուսակցական ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան հիմնարար սկզբունքների նկատմամբ>> անյարգալից վերաբերմունքի համար:

Բանկը տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ հասատել է, որ 500 միլիոն դոլարի յատկացումը կը կատարուի սեփական միջոցներից, սակայն չի յիշատակել մինչեւ 1 միլիարդ դոլարի սինդիկացուած վարկի մասին, որի տրամադրումը այն նախատեսում էր կազմակերպել: Որոշումն ընդունուեց, չնայած այս տարուայ սկզբին Ադրբեջանի՝ նաւթի եւ գազի մոնիթորինգի (հսկողութեան-Խմբ.) միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշմանը, ինչպէս նաեւ բարձրաստիճան պաշտօնեաներին ուղղուած կոռուպցիայի նոր մեղադրանքներին:

Դիտորդական խմբերի ներկայացուցիչները պնդում էին, որ վարկի տրամադրմամբ՝ բանկը սխալ ազդանշան է ուղարկում: <<Մենք ցաւում ենք, որ կայուն զարգացումը եւ հասարակ մարդկանց ազատութիւնն աւելի քիչ է արժեւորւում, քան այն, որ լրացուցիչ էներգակիրների արդիւնահանումից եւ Եւրոպա մատակարարումից շահելու են որոշ խոշոր կորպորացիաներ եւ բռնապետական կառավարութիւններ>>, ասել է CEE Bankwatch Network-ի ներկայացուցիչ Աննա Ռոգենբակը: (CEE Bankwatch Network-ը Պրահայում տեղակայուած կազմակերպութիւն է, որը մոնիթորինգ է իրականացնում հանրային մեծ նախագծերի վրայ- <<Սիվիլնե>>չի Խմբ.):

Բաքուի վերջնական նպատակը Ադրբեջանում մարդու իրաւունքների վատթար վիճակը  խլացնելն ու մասնաւորապէս՝ Հարաւային գազային միջանցքի՝ Կասպեան գազը Եւրոպա առաքելու աւելի մեծ ծրագրի կառուցմանը նպաստելն է (որի մաս է հանդիսանում TANAP-ը), ինչը այլընտրանք կը լինի ռուսական գազին:

<<Ադրբեջանական լուացքատուն>> անունը կրող հետաքննութիւնը ցոյց է տուել, որ ՎԶԵԲի վարչութեան անդամներից Կալին Միտրեւն առնուազն 425 հազար եւրօ է ստացել ադրբեջանական մի ընկերութեան կողմից:

Միտրեւը հերքել է, որ որեւէ խախտում է թոյլ տուել եւ վստահեցրել, որ վճարումները խորհրդատուական աշխատանքների համար օրինական վճարներ են եղել: Այնուամենայնիւ, Միտրեւի կապը Ադրբեջանի կառավարութեան հետ չի սահմանափակւում խորհրդատուութեամբ: Նրա կինը՝ բուլղարացի քաղաքական գործիչ, ԵՈՒՆԵՍԿՕի գլխաւոր տնօրէն Իրինա Բոկովան միանգամայն հակասականօրէն կազմակերպութեան բարձրագոյն պարգեւին արժանացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային:

Ինչ վերաբերում է Հարաւային գազային միջանցքին, ապա Եւրայանձնաժողովը շարունակում է հաւատարիմ մնալ այդ ծրագրին, առնուազն՝ հրապարակայնօրէն:

<<Եւրամիութեան նպատակը չի փոխուել>>, ասել է Եվրայանձնաժողովը EurasiaNet.org-ին: <<Եւրամիութիւնը հաւատարիմ է եւ աջակցում է Հարաւային գազային միջանցքին եւ այն դերին, որ վերջինս խաղում է ԵՄ ռազմավարութիւնում՝ մեր էներգակիրների մատակարարման աղբիւրների եւ տրանսպորտային (փոխադրամիջոցներու-ևխմբ.) երթուղիների բազմազանեցման գործում, ինչպէս նաեւ Ադրբեջանի կարեւորագոյն դերին՝ որպէս այս մեծ նախագծի մասնակից>>:

Յանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանն արդէն բաւարարում է Եւրոպայի հում նաւթի պահանջարկի շուրջ 5 տոկոսը, եւ Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ շարունակւում են Կասպից ծովում գազատարի ստեղծման շուրջ բանակցութիւնները, ինչը թոյլ կը տայ թուրքմենական գազը Եւրոպա ներկրել Ադրբեջանով:

Ինչ վերաբերում է գազին, ապա Ադրբեջանի եւ նրա Կասպեան հարեւանների ձեռքում յաղթաթուղթ կայ. նրանք Ռուսաստան չեն: Հարաւային գազային միջանցքի ողջ իմաստը ռուսական մասնաբաժինը Եւրոպայում նուազեցնելն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դա շատ լաւ է գիտակցում: Այս շաբաթ, հանդիպելով Եւրամիութեան Խորհրդի քաղաքական եւ անվտանգութեան կոմիտէի պատուիրակութեան հետ, նա ասել է. <<Եւրոպայի բնական գազի պահանջարկը կ՛աճի, եւ Ադրբեջանը Եւրոպայի համար էներգիայի միակ նոր աղբիւրն է: Մենք սերտօրէն համագործակցում ենք Եւրայանձնաժողովի հետ>>:

Առաջին փուլի աւարտը եւ գազի առաջին առաքումը Թուրքիա սպասւում է յաջորդ տարուայ կէսերին, իսկ երկրորդ փուլի աւարտն ու տարանցիկ գազի փոխադրումը դէպի Եւրոպա՝ 2020թ.:

Քիչ հաւանական է, որ առաջիկայում ակնկալուող ներդրումները նոյնպէս լուրջ ազդեցութեան տակ կ՛ընկնեն: <<Լուացքատան>> բացայայտումներից ընդամէնը մէկ օր անց British Petroleum-ը եւ նրա միջազգային եօթ գործընկերները ստորագրեցին համաձայնագիր՝ մինչեւ 2050թ. Ազերի-Չիրագ-Գիւնեշլի նաւթի եւ գազի հանքավայրի վերաբերեալ, ինչը ցոյց է տալիս, որ սովորական բիզնես է, երբ խօսքը վերաբերում է Ադրբեջանում նաւթի ու գազի արդիւնահանման ներդրումներին:

Ոչ պակաս կարեւոր էր թերեւս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյի շնորհաւորական նամակը Ալիեւին այդ համաձայնագրի առթիւ, ինչը ենթադրում է, որ  (դեռեւս) Եւրամիութեան անդամ որոշ երկրներ <<լուացքատան>> մեղադրանքները շատ լուրջ չեն ընդունել:

Սակայն Եւրոպայից յետագայ փուլերում ֆինանսաւորում ստանալը կախուած կը լինի ոչ թէ Ադրբեջանում մարդու իրաւունքների հետ կապուած խնդիրներից, այլ շուկայական իրողութիւններից: <<1990ականների վերջին, երբ ԵՄն  ծրագրում էր գազային միջանցքը, այն համարւում էր Կասպեան, իրաքեան եւ իրանական գազը Արեւելեան Եւրոպա ներմուծելու ուղի՝ որպէս մրցակից ռուսական գազին>>, ասել է Natural Gas World ամսագրի գլխաւոր խմբագիր Ուիլեամ Փաուելը:

Այնուամենայնիւ, այդ պատկերը 20 տարի անց փոխուել է: <<Եւրոպայում գազի պահանջարկի նուազման, Բալկաններում նոր փոխկապակցուած կառոյցի ստեղծման ու հեղուկ բնական գազի աճող ծաւալների արդիւնքում նուազել են գները, մեծացել մրցակցութիւնը՝ նուազեցնելով մենաշնորհային ռիսկը (վտանգը-Խմբ.): Այսպիսով, 2020թ. պատկերը շատ կը տարբերուի նոյնիսկ մէկ տասնամեակ առաջ նախատեսուածից>>, ասել է Փաուելը:

 

<<ՍԻՎԻԼՆԵԹ>>

 



comments