Վիեննայի մէջ կայացած է Նալբանդեան-Մամետեարով հանդիպումը

By Asbarez | Thursday, 07 December 2017

1207mamed nalb

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - Վիեննայի մէջ Դեկտեմբեր 6ին կայացած է Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամետեարովի հանդիպումը. այս մասին տեղեկացուցած է Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեան:

Հանդիպման մասնակցած են ԵԱՀԿ Մինսկի խմբակի համանախագահներ Իկոր Փոփով, Սթեֆան Վիսքոնթի եւ Էնտրու Շոֆըր, ինչպէս նաեւ ԵԱՀԿի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփըրչիք:

Աւելի կանուխ, աշխատանքային այցով Վիեննա ժամանած Նալբանդեանը անջատ հանդիպում մը ունեցած էր ԵԱՀԿ Մինսկի խմբակի համանախագահներուն եւ ԵԱՀԿի գործող նախագահի անձնական ներկայացուցիչին հետ:

Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնը այս հանդիպման մասին գրած է. <<Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժընեւում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացմանն ուղղուած քայլերը: Հանդիպմանը շարունակուեց մտքերի փոխանակումը՝ ղարաբաղեան հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ: Նաեւ, անդրադարձ արուեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսուած հանդիպմանը>>:

 

comments

Advertisement